ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ

Մատենագիր, փիլիսոփա, եկեղեցական գործիչ, բանաստեղծ

13 հուլիս, 1153 - 14 հուլիս, 1198

Ծնվել է Կիլիկյան Հայաստանի Լամբրոն բերդաքաղաքում: Եղել է Լամբրոնի բերդատեր, Հեթումյան իշխան Օշին Բ-ի և Շահանդուխտ Պահլավունու որդին, աշխարհական անունը՝ Սմբատ։ Կրթվել է Հայոց կաթողիկոսներ Գրիգոր Գ Պահլավունու և Ներսես Շնորհալու հովանավորությամբ, Հռոմկլայի հայրապետանոցի բարձրագույն դպրոցում։ Սովորել է օտար լեզուներ (հունարեն, լատիներեն, ասորերեն, եբրայերեն, ղպտերեն)։ Ներսես Շնորհալին նրան 16-ամյա հասակում ձեռնադրել է քահանա՝ տալով իր անունը։ 1175թ. կարգվել է Տարսոն նահանգի արքեպիսկոպոս։ Կյանքի վերջին տարիներին պաշտոնավարել է Լևոն Բ Մեծի արքունիքում՝ որպես ատենադպիր, պալատական խորհրդատու և թարգմանիչ։ Բազմիցս ուղարկվել է օտար երկրներ, կարգավորել պետության արտաքին գործերը։ Իր մտավոր ու ճարտասանական կարողությամբ վաստակել է հմուտ հրապարակախոսի համբավ (հայ և օտարազգի հեղինակները նրան համեմատել են Դեմոսթենեսի, Կիկերոնի և այլոց հետ)։ Գործելով Տարսոնում, Լամբրոնում, Հռոմկլայում, Մաղրիում, Սկևռայում, Սև լեռներում և այլուր՝ նպաստել է գրագիտության զարգացմանը, հորից ժառանգած նյութական միջոցներով օժանդակել դպրոցներին, գրադարաններին, գրչատներին, երեսուն հազար ոսկի դահեկան է նվիրաբերել ձեռագրերի գնմանը, ընդօրինակմանը, վանքերի, եկեղեցիների ու այլ շենքերի կառուցմանը, հասարակության այլ կարիքներին։ Պատվիրել կամ անձամբ ընդօրինակել է բազմաթիվ հին հայկական ձեռագրեր, որոնց մի մասը հասել է մեզ (պահվում են Երևանի, Վենետիկի, Վատիկանի, Փարիզի և այլ մատենադարաններում)։ Նրա պատվերով ընդօրինակված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկը մեզ հասած ամենահինն (1173թ.) ու լավագույնն է (պահվում է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում)։ Պաշտպանել է Հայոց եկեղեցու ինքնուրույնությունը, բազմիցս մերժել հունական և լատինական եկեղեցիներին միանալու առաջարկները։ Թողել է գրական հարուստ և բազմաբնույթ ժառանգություն (մեկնություններ, քարոզներ, ճառեր, նամակներ, շարականներ, տաղեր, ներբողներ, օրհնության կանոններ և այլն)։ Հռոմկլայի համագումար-ժողովին (1179թ.) արտասանած «Ատենաբանութիւն» ճառը (հրտ.՝ 1749թ., 1834թ. թարգմանվել է գերմաներեն, 1865թ.՝ ռուսերեն) համարվում է հրապարակախոսության լավագույն կոթող։ Ճարտասանական բարձր արվեստով և հրապուրիչ ոճով հեղինակը քննել է քրիստոնեական բարոյականության կանոնները, դատապարտել դրանցից շեղումները։ «Թուղթ առ Լևոն արքայն» երկը հայ բանավիճային գրականության ընտիր նմուշներից է, որով հեղինակը ջանացել է հերքել Գրիգոր Տուտեորդու և այլոց՝ իր դեմ հարուցած մեղադրանքները բյուզանդական կողմնորոշման մեջ։ Որպես երաժիշտ, հորինել է ավելի քան երկու տասնյակ շարականների եղանակներ, գրել դրանց բառերը և անձամբ երգել։ Նշանավոր են «Համբարձումն Տեառն» և «Գալուստ Հոգւոյն Սրբոյ» ներբողյանները, Ներսես Շնորհալուն և Պահլավունյաց տոհմին նվիրված «Գովեստ ներբողական, պատմագրական բանիւ» չափածո երկը և այլն։ Մեկնություններից լավագույնն է «Մեկնութիւն խորհրդոյ պատարագին» երկը (թարգմանվել է լատիներեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, հունարեն)։ Կարևոր են նաև նրա թարգմանությունները, հատկապես քաղաքացիական և զինվորական օրենքները։ Հեղինակի որոշ երկեր չեն պահպանվել։ Ըստ նրա, Աստծո ստեղծած ողջ բնությունը չորս տարրերի՝ հողի, օդի, ջրի և կրակի միացություն է։ Մարդու իմացական կարողությունը նա պայմանավորել է մարմնում հոգու առկայությամբ։ Բնության մասին գիտելիքներն անբավարար համարելով, նա պնդել է, որ շատ իրեր ու երևույթներ զգայարաններրով անմիջապես ընկալելի չեն, փորձնական եղանակով հնարավոր չէ հասու լինել դրանց էությանը։ Չանտեսելով զգայարանների դերը՝ իմացաբանության հարցերում հակվել է դեպի ռացիոնալիզմը։ Նրա հայացքներում առկա են դիալեկտիկայի տարրեր, նրա կարծիքով, ոչ մի հասկացություն, ըմբռնում քարացած չէ, ժամանակը, տեղն ու հանգամանքներն են որոշում դրանց ճշմարիտ կամ սխալ, լավ կամ վատ, չար կամ բարի, գեղեցիկ կամ տգեղ լինելը։ Կամքի ազատության պաշտպանության դիրքերից նա քննադատել է ժամանակի հասարակական հարաբերությունները, ուղիներ որոնել կարգավորելու մարդկանց փոխհարաբերությունները։ Նրա համոզմամբ, հասարակական-պետական գործերի հաջող ընթացքը պայմանավորված է ղեկավարողների ունակություններով ու բարոյական բնութագրով։ Չժխտելով իշխանության միապետական ձեը, միաժամանակ պնդել է, որ այդ իշխանության սահմաններում պետական-հասարակական հարցերը չպետք է միանձնյա լուծում ստանան, անհրաժեշտ է սահմանափակել թագավորների կամքն ու գործունեությունը, որպեսզի ժողովուրդը զոհ չդառնա նրանց քմահաճույքներին։ Ցուրաքանչյուր պետական գործիչ պետք է հիշի, որ իրավունքների մեծացման հետ մեծանում են նաև պահանջները իր նկատմամբ։ Արձանագրելով հասարակական անհավասարության փաստը՝ նա գիտակցել է, որ հարստությունն է մարդուն հասարակական դիրք ապահովում։ Ըստ նրա, հասարակական կյանքին ուղղություն է տալիս ոչ միայն գոյամիջոցներ հայթայթելու պահանջը, այլև սեփականություն ձեռք բերելու ու բազմապատկելու ձգտումը, որը հանգեցնում է անարդարությունների ։ Հասարակական կյանքը պետք է բարվոքել, պետք է փոխել մարդկանց հայացքն ու վարքը, վերաբերմունքը նյութական արժեքների նկատմամբ։ Հասարակության բարոյական նկարագիրը բարձրացնելու խնդրում նա լուրջ դեր է հատկացրել՝ անկաշկանդ քննադատությանը, այս հարցում զարգացնելով ամբողջական մի ուսմունք։ Արծարծել է նաև ազգայինի և համազգայինի փոխհարաբերության հարցը։ Քննադատել է ազգային թշնամանքի քարոզը, կրոնադավանաբանական տարբերությունների հիմքի վրա ազգերը միմյանց հակադրելը։ Ըստ նրա, վատ կամ լավ, չար կամ բարի է ոչ թե ողջ ազգը, այլ ազգի առանձին ներկայացուցիչներ։ Գրել է. «Արդ եթէ ես միոյ ազգի ջատագով էի, ընդ այլսն ե՞րբ էր կար հաղորդիլ. բայց ընդ իւրաքանչիւրսն որ միմեանց թշնամիք են՝ խառնիմ, և զբնաւսն շահիմ ըստ Քրիստոսի առաքելոյն...» ։ Այս գաղափարները հագեցած են Վերածնության դարաշրջանի մտածողներին հատուկ մարդասիրությամբ։ Նրա աշակերտները (Խաչատուր Սկևռացի, Գրիգոր Սկևռացի) նրան ձոնել են երկեր, գրի առել նրա կյանքն ու գործը։ Մեծարվել է «Տիեզերական վարդապետ», «Սիրելի», «Սուրբ» մակդիրներով։ Հանկարծամահ է եղել Սկևռայում, քարոզի ժամին, թաղվել տեղի վանքում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար