Յուզեֆ Դիոնիս Մինասովիչ

Բանաստեղծ, թարգմանիչ, իրավաբան

Ներսես Սարգիսյան

Բանասեր, աղբյուրագետ

Թադեոս Թոռնյան

Բանասեր, աստվածաբան

Թադևոս Ավդալբեկյան

Տնտեսագետ, հայագետ, գրականագետ, պատմաբան

Նվարդ Թումանյան

Գրականագետ

Վարդ Արսլան

Արվեստաբան, պատմաբան, գրականագետ

Եվգենի Լևխանյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Օլգա Սանահյան

Արձակագիր, թարգմանիչ

Արմեն Ջիգարխանյան

Դերասան, բեմադրիչ

Ասիլվա

Գեղանկարչուհի, քանդակագործ

Անտոն Աղայանց

Բեմադրիչ

 

 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՀԽԱԹՈՒՆՅԱՆՑ

Եկեղեցական գործիչ, մատենագետ, բանասեր, պատմաբան

20 մայիս, 1799 - 1 մարտ, 1849

Ծնվել է Հայաստանի Շահրիար (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզի Նալբանդյան) գյուղում: Եղել է ռուսական բանակի հրետանու գեներալ-մայոր Գևորգ Շահխաթունյանի եղբայրը։ Նրանց հայրը՝ Հովհան Շահխաթունյանցը, որը ժամանակակիցներին հայտնի էր Օհան սուլթան անունով, ազնվական ծագում ուներ և աչքի է ընկել զգալի կարողությամբ: Սովորել է Էջմիածնում՝ վանեցի Մկրտիչ վարժապետի մոտ, ապա Եփրեմ Ա Ձորագեղցին նրան ուղարկել է Կոստանդնուպոլիս, Սբ. Էջմիածնի նվիրակ Աստվածատուր եպիսկոպոսի մոտ՝ որպես սպասավոր: «Արժանավոր վարժապետներից» սովորել է հունարեն և թուրքերեն: 1826թ. Աստվածատուր եպիսկոպոսի կողմից ձեռնադրել է կուսակրոն քահանա: 1830թ. Եփրեմ Ա Ձորագեղցու հրամանով նշանակվել է Սբ. Էջմիածնի Բարձրագույն խորհրդարանի ատենադպրի օգնական, 1832թ.՝ Բարձրագույն խորհրդարանի անդամ և մատենադարանի վարիչ: Հովհաննես Ը Կարբեցի կաթողիկոսի դեմ ծայր առած հուզումների պատճառով 1833թ. հրաժարվել է այդ պաշտոններից, հանդես եկել կաթողիկոսի գործելակերպի դեմ բողոքող ութ եպիսկոպոսների և վարդապետների խմբում: Սակայն Գրիգոր Արդվինցու և Ստեփանոս Արարատյանցի հետ բաժանվել է բողոքողներից ու կրկին անդամակցել խորհրդարանին: 1834-35թթ եղել է Երևանի վիճակի (թեմի) առաջնորդական փոխանորդ: «Պոլոժենիե»-ի (1836թ.) ընդունումից հետո մինչև մահ եղել է Հայ եկեղեցու նոր կանոնադրությամբ ստեղծված Սինոդի անդամ, միաժամանակ վարել տարբեր պաշտոններ՝ Մայր աթոռի տպարանի կառավարիչ, ժառանգավորաց դպրոցի ուսուցիչ ու վերատեսուչ, վանական կառավարության անդամ: 1841թ. ձեռնադրվել է եպիսկոպոս: Սինոդի հանձնարարությամբ կազմել է Սբ. Էջմիածնի գրատան ձեռագրացուցակը (312 անուն), որը հայագետ ակադեմիկոս Մ.Բրոսսեն թարգմանել և 1840թ. հրատարակել է ֆրանսերեն ու ռուսերեն: Գրել է Դավիթ-Դանիելյան անցքերի պատմությունը, «Ստորագրութիւն կաթուղիկէ Էջմիածնի եւ հինգ գաւառացն Արարատայ» (հ.1-2, 1842թ.) աշխատությունը, որը փաստական նյութեր է պարունակում քաղաքամայր Վաղարշապատի սրբավայրերի ու հուշարձանների, Այրարատի հինգ գավառների վերաբերյալ: «Պատմութիւն գետնաշարժին ի 1840 ամի» ձեռագիր երկում նկարագրել է Այրարատի 1840թ. երկրաշարժը և Ակոռի գյուղի ու Սբ. Հակոբ վանքի կործանումը: Իբրև գիտնական հայտնի է եղել նաև օտարներին: 1843թ. նշանակվել է Վրաստանի հայոց թեմի նվիրակ և մեկնել Թիֆլիս: 1844թ. Ստեփանոս Նազարյանցի միջնորդությամբ ընտրվել է Կազանի համալսարանի թղթակից անդամ: Մշտական հարաբերություններ և նամակագրական կապեր է ունեցել Խաչատուր Աբովյանի, Ստեփանոս Նազարյանցի, Գաբրիել Պատկանյանի և այլ առաջադեմ գործիչների հետ: Մսեր Մսերյանի, Խաչատուր Աբովյանի, Մ.Սալլանթյանի հետ ցանկացել է Սևանա կղզում գիտական միաբանություն ստեղծել, բայց այդ մտահղացումը չի իրականացել: Ներսես Ե Աշտարակեցին մեծ հարգանքով ու հավատով է վերաբերվել նրան: Մահացել է Շահրիար գյուղում: