ՏԻԳՐԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Բանահավաք, բառարանագիր

7 փետրվար, 1861 - 12 ապրիլ, 1927

Ծնվել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին): 1872թ. ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1879թ. հեռացվել է դպրոցից և դատապարտվել 6-ամսյա բանտարկության Մետեխի բանտում՝ Միքայել Նալբանդյանի նկարը տպելու և «Ազատություն» բանաստեղծության հետ տարածելու համար։ Երկու տարի գիմնազիայում սովորելուց հետո, 1884թ. մեկնել է Ժնև ուսանելու։ 1888թ. վերադարձել է և ինժեների պաշտոնով աշխատանքի անցել Թիֆլիսի ջրամատակարարման քաղաքային գրասենյակում։ Տիրապետել է ֆրանսերեն և գերմաներեն լեզուներին։ 1876թ-ից հավաքել և գրի է առել Վաղարշապատի բանահյուսական նյութեր, գերազանցապես հեքիաթներ, որոնցից մի քանիսը լույս են տեսել «Արարատ» ամսագրում (1881-82թթ)։ 1882-1903թթ տպագրել է «Հայ ժողովրդական հեքիաթներ» (գիրք 1-10), 1883թ.՝ «Հայ ժողովրդական ավանդություններ» ժողովածուները, որոնք պարունակում են Վաղարշապատի և Հայաստանի ազգագրական այլ շրջանների հեքիաթներ, առած-ասացվածքներ, օրհնանքներ, անեծքներ և վիպական ու քնարական արժեքավոր նյութեր։ Հրատարակել է նաև «Բառգիրք Արարատյան բարբառի» (1903թ.) գործը, որն ամփոփում է բուն ժողովրդական բառեր, ոճեր, դարձվածքներ, ինչպես նաև գյուղատնտեսական գործիքների ու դրանց մասերի, բույսերի, պտուղների, ծառերի անուններ։ Մահացել է Թիֆլիսում: