ԱԼԲԵՐՏ ՇԱՐՈՒՐՅԱՆ

Գրականագետ

10 մարտ, 1931 - 22 հունվար, 2007

Ծնվել է Երևանում: 1949թ. ավարտել է Երևանի 26 Կոմիսարների անվան միջնակարգ դպրոցը, 1954թ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Բարձրագույն կրթությունն ստանալուց հետո աշխատել է որպես լրագրող նախ՝ «Սովետական Հայաստան» օրաթերթի խմբագրությունում, ապա՝ Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեի մամուլի բաժնում։ 1959-62թթ ուսանել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում՝ «Հայ նոր գրականության պատմություն» մասնագիտությամբ։ 1962-2007թթ դասավանդել է նույն համալսարանի հայ գրականության ամբիոնում նախ՝ որպես դասախոս, ապա՝ դոցենտ (1967թ.)։ 1973թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1976թ-ից՝ պրոֆեսոր)։ Մանկավարժական աշխատանքներին զուգահեռ կատարել է գիտահետազոտական աշխատանքներ։ Աշխատությունները նվիրված են հայ նոր գրականության, մասնավորապես՝ արևմտահայ գրականության հարցերին։ Պատրաստել է Պետրոս Դուրյանի (երկու հատորով), Միսաք Մեծարենցի, Գրիգոր Զոհրապի երկերի քննական հրատարակությունները, ինչպես նաև խմբագրել ու գործուն մասնակցություն է բերել Դանիել Վարուժանի երկերի լիակատար ժողովածուի եռահատորյակի հրատարակությունը։ Հրատարակվել են նրա Պետրոս Դուրյանի «Երկերի ժողովածու» (հ.1-2, 1971թ., 1972թ.), Միսաք Մեծարենցի «Երկերի լիակատար ժողովածու» (1981թ.) գիտական աշխատությունների բնագրերը, ինչպես նաև Պետրոս Դուրյանի «Երկերը» (1981թ., «Հայ դասականների մատենաշար»), «Պետրոս Դուրյանը վավերագրերում և ժամանակակիցների հուշերում» ժողովածուն (1982թ.)։ Հեղինակակից է (Ռ.Դալլաքյանի և Պ.Խաչատրյանի հետ) «Գրականություն» դպրոցական դասագրքի (6-րդ դասարանի համար, 1971թ.)։ Տպագրել է «Սրբուհի Տյուսաբ. կյանքը և ստեղծագործությունը» (1963թ.), «Պետրոս Դուրյան. կյանքը և գործը» (1972թ.), «Սկյուտարի սոխակը» (Պետրոս Դուրյան։ Կյանքն ու գրական գործունեությունը, 1977թ.) մենագրությունները։ 1994թ. նրա «Գրիգոր Զոհրապի կյանքի և գրական ժառանգության էջերից» մենագրությունն արժանացել է Համազգայինի մրցանակին։ Հանրապետության գիտական ու գրական պարբերականներում հրատարակել է ավելի քան 200 հոդված։ Ղեկավարել է թեկնածուական թեզեր, եղել է ավելի քան երեք տասնյակ թեկնածուական և դոկտորական թեզերի պաշտոնական ընդդիմախոս։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար