ՍՏԵՓԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆՑ

Բանասեր, լեզվաբան, բառարանագիր

25 հոկտեմբեր, 1857 - 21 հուլիս, 1947

Ծնվել է Ախալցխայում: Ավարտելով տեղի Կարապետյան ծխական դպրոցը, ուսումը շարունակել է Ախալցխայի ռուսական գավառական դպրոցում: 1874-78թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1878թ. ընդունվել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետը, աշակերտել է Քերովբե Պատկանյանին, Նիկողայոս Մառին, Նիկողայոս Ադոնցին, Հովսեփ Օրբելուն, Կարապետ Կուսիկյանին: 1889թ. ավարտել է նույն ֆակուլտետի հայ-սանսկրիտ և հայ-վրացական բաժինները, ստացել թեկնածուի գիտական աստիճան: 1890թ. աշխատանքի է անցել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որտեղ աշխատել է մինչև 1910թ., իսկ 1903-06թթ եղել է տեսուչ։ Այստեղ գրել է Ներսիսյան դպրոցի 75-ամյա գործունեության պատմությունը, ինչպես նաև մի քանի դասագրքեր ու շատ հոդվածներ։ Եղել է Ժողովրդական (հետագայում՝ Ռամկավար ազատական) կուսակցության ղեկավար դեմքերից։ 1910-14թթ եղել է Թիֆլիսի Հովնանյան օրիորդաց դպրոցի տեսուչը, իսկ 1914-15թթ ուսումնական տարում տեսուչի պաշտոնով աշխատանքի է հրավիրվել Էջմիածնի Գևորգյան ճեմարան, սակայն 1917թ. ճեմարանը փակվելու պատճառով նորից վերադարձել է Թիֆլիս ու տեսուչի պաշտոնով աշխատանքի անցել Գայանյան վարժարանում։ 1919թ. վերջնականապես վերադարձել է Հայաստան, մեկ տարի պաշտոնավարել Ալեքսանդրոպոլի (այժմ՝ Գյումրի) նորաբաց առաջին համալսարանում։ Նրա ելույթը Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում հիմք է հանդիսացել անկախ Հայաստանի (1918-21թթ) պետական դրոշի գույների ընտրության համար Հայաստանի անկախության վերականգնումից հետո նույն գույներով դրոշը նորից դարձավ Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշը։ 1920թ. փետրվարի 1-ին նրան շնորհվել է պատվավոր իրավունքը կարդալու առաջին հանդիսավոր դասախոսությունը նորաբաց Երևանի պետական համալսարանում։ 1885թ. Պետերբուրգում լույս է ընծայել Ստեփանոս Տարոնացու (Ասողիկ) «Պատմութիւն տիեզերական» (առաջաբան Կ.Եզյանցի) առաջին լուրջ ուսումնասիրությունը՝ գիտական տեքստով և ծանոթագրություններով: Բանասիրական հետազոտություններից հիշատակելի են «Ուսումնասիրություն Փավստոս Բուզանդի պատմության» (1896թ.), «Սեբեոսի պատմությունը և Մովսես Խորենացի» (1899թ.), Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» (ընդարձակ ուսումնասիրությամբ, թարգմանությամբ և ծանոթագրություններով, 1940թ.), «Խորենացու առեղծվածի շուրջը» (1940թ.), «Փավստոս Բուզանդ. Պատմություն Հայոց» (ներածությամբ, թարգմանությամբ և ծանոթագրություններով, 1947թ.) գործերը, հրատարակել է մատենագիրների համեմատական տեքստեր (Ղևոնդ Մեծի «Պատմութիւն Հայոց», Կ.Եզյանցի առաջաբանով, 1887թ., Ղազար Փարպեցու «Պատմութիւն Հայոց և Թուղթ առ Վահան Մամիկոնեան», Գ.Տեր-Մկրտչյանի հետ, 1904թ., Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության», 1940թ.), «Դասընթաց հայոց մատենագրության պատմության», 1899թ., «Համառոտ պատմություն Ներսիսյան հոգևոր դըպրոցի...» (1900թ.) և այլն: Հետագայում լույս են տեսել նրա «Գրիգոր Լուսավորիչ», «Մաշտոցի ծագման ժամանակը», «Երբ են հայերն ընդունել քրիստոնեությունը» և այլ աշխատությունները։ 1880-ական թվականներին թարգմանել է Վիկտոր Հյուգոյի բանաստեղծություններից, որից հետո անցել է ավելի մեծ գործերի: Ռուսերեն է թարգմանել Սիմեոն Երևանցի կաթողիկոսի «Ջամբռը», ինչպես նաև Սեբեոսի «Հայոց պատմությունը» և ուրիշ հեղինակների գործեր։ Նրա լեզվաբանական հետազոտություններից կարևոր են «Գրաբարի հոլովումը, խոնարհումը և նախդիրները» (1891թ.) և «Գրաբարի համաձայնությունը» (1892թ.) աշխատությունները, որոնք երկար ժամանակ գործածվել են որպես գրաբարի ձեռնարկներ: «Գրաբարի համաձայնությունը» գրքում հանգամանորեն քննության է առել գրաբարի շարահյուսությունը: Նախաբանում, անդրադառնալով մի շարք ընդհանուր լեզվաբանական հարցերի, հարել է երիտքերականներին, ընդունել նրանց հնչյունական օրենքները, սակայն լեզուն որպես հոգեբանական գործոն դիտելու հարցում հեռացել է նրանցից, ժխտել անհատական լեզուների դրույթը և ընդունել ժողովրդի, հանրության լեզուն: Քննելով հայերենի բարբառների առաջացման հարցը, եկել է այն համոզման, որ բարբառներ եղել են նաև գրերի գյուտից առաջ, և գրաբարը ժամանակի բարբառներից (Արարատյան) մեկն է, որը բարձրացել է գրական լեզվի աստիճանի: Զբաղվել է աշխարհաբար գրական լեզուների (արևելահայերենի և արևմտահայերենի) զարգացման հարցերով, հայոց լեզվի հոլովական դրության, ուղղագրության, տաղաչափության, գիտական տերմինաբանության և այլ խընդիրներով: Երկար տարիների ուսումնասիրության արդյունք է հայ բառարանագրության կոթողներից մեկը՝ «Հայերեն բացատրական բառարան»-ը (հ.1-4, 1944-45թթ, ԽՍՀՄ պետական մրցանակ՝ 1946թ.): Այն ընդգրկում է գրաբարի, միջին հայերենի, ժամանակակից հայերենի (երկու տարբերակով) և բարբառների բառամթերքը, հին և նոր փոխառյալ բառերը (պարսկերենից, եբրայերենից, հունարենից, ասորերենից, ռուսերենից և այլ լեզուներից), ոճական կիրառությունները (հաստատված օրինակներով), քերականական և բանասիրական ցուցումներով: Բառարանն ընդգրկում է հայերենի մոտ 120.000 բառ, որն իր տեսակի մեջ անգերազանցելի է առ այսօր և ունեցել է մի քանի տպագրություն: Որպես համահեղինակ մասնակցել է նաև նեղ մասնագիտական մի շարք բառարանների կազմման աշխատանքներին: Բնագրից թարգմանել է Վ.Շեքսպիրի «Լիր արքա» (1887թ.), «Մակբեթ» (1892թ.), Գ.Էբերսի «Մարդ եմ» (1898թ.) երկերը: 1940թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (honoris causa՝ երբ գիտական աստիճանը շնորհվում է առանց դիսերտացիա պաշտպանելու, սակայն գիտության բնագավարում մեծ ներդրում կատարելու համար): Եղել է Սբ. Էջմիածնի Մայր աթոռի հոգևոր խորհրդի անդամ, 1944թ-ից՝ «Էջմիածին» ամսագրի հիմնադիր անդամ։ 1943թ-ից եղել է ՀՀ ԳԱ հիմնադիր կազմի անդամ, ակադեմիկոս: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար