ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՍԵՀՅԱՆ

Թարգմանիչ, դիվանագետ

11 փետրվար, 1864 - 19 նոյեմբեր, 1931

Հովհաննես Խան-Մասեհյան

Ծնվել է Թեհրանում, արքունական ոսկերչապետի ընտանիքում: Միջնակարգ կրթությունն ստացել է Թեհրանում (1870-78թթ) և Թավրիզում (1879-81թթ): 1884թ. ավարտել է Փարիզի ֆրանսիական քոլեջը: Նույն թվականին վերադառնալով Թեհրան՝ նշանակվել է շահի պալատական թարգմանիչ, միաժամանակ ուսուցչություն արել տեղի Հայկազյան դպրոցում: 1887թ., որպես շահի պատվիրակության ավագ թարգմանիչ, մեկնել է Լոնդոն: 1888-96թթ եղել է Հայկազյան դպրոցի տնօրենը, 1892թ. ընտրվել «Ուսումնասիրաց ընկերության» նախագահ: 1894թ. հիմնել և խմբագրել է պարսկահայ առաջին տպագիր օրգանը՝ «Շավիղ» շաբաթաթերթը: 1894թ. մեկնել է Պետերբուրգ՝ որպես շահի պատվիրակության թարգմանիչ, 1897թ.՝ Լոնդոն՝ որպես պատվիրակության առաջին քարտուղար: 1895-1901թթ Պարսկաստանի (այժմ՝ Իրան) արտաքին գործերի նախարարությունում վարել է մամուլի բաժնի վարիչի, արևելյան երկրների բաժնի պետի, օպերատիվ տեսչի պաշտոնները՝ շարունակելով մնալ շահի թարգմանիչը: Մեծ է նրա երախտիքը պարսկական դպրոցների հիմնադրման և ընդարձակման գործում: 1899թ. նրա նախաձեռնությամբ Թեհրանում բացվել է քաղաքական գիտությունների դպրոցը, որտեղ նա եղել է միջազգային իրավունքի և ընդհանուր պատմության ամբիոնի վարիչը ու դասախոս: 1901թ-ից սկսվել է նրա կյանքի եվրոպական փուլը, որը նշանակալից էր ոչ միայն դիվանագիտական աշխատանքի, այլև գրական-ստեղծագործական և ազգային-հասարակական գործունեության տեսակետից: 1901թ. նշանակվել է Բեռլինում Պարսկաստանի դեսպանի խորհրդական, 1905թ.՝ գործերի հավատարմատար: Պարսկաստանը ներկայացրել է միջազգային մի շարք խորհրդաժողովներում՝ Բեռլինում, Փարիզում, Լոնդոնում և այլուր: 1911թ. վերադարձել է Թեհրան՝ շահի խնամակալի խորհրդականի պաշտոնով: 1912թ. նշանակվել է դեսպան Գերմանիայում: 1916թ. Լոնդոնում մասնակցել է Շեքսպիրի մահվան 300-ամյակի հանդիսություններին: Նույն թվականին մտել Է Պողոս Նուբարի գլխավորած հայկական ազգային պատվիրակության կազմի մեջ: 1927թ. նշանակվել է դեսպան Անգլիայում, 1930թ.՝ Ճապոնիայում: 1931թ. նոյեմբերին, ծանր հիվանդության պատճառով, հրաժարական է ներկայացրել: Հայ իրականության մեջ հայտնի է ամենից առաջ որպես Շեքսպիրի ամենախոշոր թարգմանիչը: Հայերենից բացի, տիրապետել է նաև պարսկերեն, թուրքերեն, հունարեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին: Դեռևս արքունի թարգմանիչ եղած տարիներին եվրոպական մի շարք գրողներից թարգմանություններ է կատարել շահի և նրա ընտանիքի անդամների համար: 1890-ական թվականների սկզբներից ձեռնամուխ է եղել Շեքսպիրի երկերի հայերեն թարգմանությանը: 1894թ. Թիֆլիսում հրատարակել է «Համլետ»-ը: Այդ առիթով դրվատական հոդվածներ են գրել Հովհաննես Թումանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Արշակ Չոպանյանը և ուրիշներ: Այնուհետև հաջորդաբար թարգմանել և հրատարակել է «Ինչպես կուզեք» (1895թ.), «Ռոմեո և Ջուլիետ» (1896թ.), «Վենետիկի վաճառականը» (1897թ.), «Արքա Լիր» (1898թ.) պիեսները: Թարգմանել է «Մակբեթ»-ը և «Փոթորիկ»-ը, բայց չի հրատարակել: Շեքսպիրին թարգմանելիս ստեղծագործական երկու շրջան է ապրել: Սկզբում այն կարծիքին է եղել, թե սրբապղծություն է «որևիցե խոտորում շեքսպիրյան «Սուրբ գրքի» բնագրի բառից ու տառից»: Տարիներ անց վերանայել է իր այդ սկըզբունքը. «Գեղարվեստական թարգմանությունը շատ անգամ պահանջում է որոշ խոտորում բնագրի բառական հանդերձից՝ ոգին և իմաստն ավելի հարազատորեն տալու համար» (Շեքսպիր, «Համլետ», 1921թ.): Այս համոզմունքով էլ նորից է թարգմանել Շեքսպիրի՝ արդեն հրատարակած և անտիպ մնացած թարգմանությունները, կատարել նոր թարգմանություններ: Վիեննայի Մխիթարյանների մոտ հրատարակել է «Համլետ»-ը (1921թ.), «Օթելլո»-ն (1922թ.), «Վենետիկի վաճառականը» (1922թ.) և «Մակբեթ»-ը (1923թ.): Ետմահու լույս են տեսել Թեհրանում՝ «Ռոմեո և Ջուլիետ» (1962թ.), Վենետիկում՝ «Կորիոլան» (1962թ.), «Հուլիոս Կեսար» (1962թ.), Բեյրութում՝ «Անտոնիոս և Կլեոպաարա», «Փոթորիկ» (երկուսն էլ՝ 1966թ.) ողբերգությունները և «Բազում աղմուկ վասն ոչնչի» (1967թ.) կատակերգությունը: Թարգմանել է նաև Գյոթեի, Բայրոնի, Օմար Խայամի, Թագորի, Սաադիի, Շիլլերի և ուրիշների ստեղծագործություններից, որոնք տպագրվել են առանձին գրքերով, պարբերական մամուլում («Մուրճ», «Արեգ»): Նրա թարգմանությունների մեջ կերպարային զգացողություն կա, ողբերգականի և կատակերգականի համատեղություն, երկնայինի և երկրայինի ներդաշնակություն, լեզվական ճոխություն, երևակայության թռիչք: Իր թարգմանություններով նպաստել է հայ գրական լեզվի զարգացմանը, մի կողմից ստեղծելով նոր բառեր, մյուս կողմից՝ օգտագործելով գրաբարյան բառապաշարը: Եղել է թարգմանական արվեստի ճանաչված դասականներից, ստեղծել է թարգմանական դպրոց, որն ունեցավ իր արժանավոր հետևորդները (Խաչիկ Դաշտենց և ուրիշներ): Մահացել է Տոկիոյից Թեհրան վերադառնալու ճանապարհին, Չինաստանի Խարբին քաղաքում, թաղվել է Թեհրանի մոտ՝ Վանագ գյուղի Սբ. Գևորգ եկեղեցու գավթում, 1963թ. նրա աճյունը տեղափոխվել է Թեհրանի Սբ. Աստվածածին եկեղեցու բակը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար