ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ

Պետական գործիչ, գրականագետ

28 հունվար, 1886 - 22 մարտ, 1925

Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով): Հայտնի է եղել նաև Ալ.Մարաունի, Ալյոշա, Բոլշևիկ, Կոմունիստ հեղափոխական և գրական ծածկանուններով: 1911թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Հեղափոխական գաղափարներով տարվել է դեռևս աշակերտական տարիներին՝ Նոր Նախիջևանում ընդգրկվելով ընդհատակյա հեղափոխական խմբակում (1901թ.)։ Մոսկվայի Լազարյան ճեմարանում սովորելիս ներգրավվել է ուսանողական հեղափոխական շարժման մեջ, մասնակցել 1905թ. հոկտեմբերյան համառուսաստանյան գործադուլին և Դեկտեմբերյան զինված ապստամբությանը Մոսկվայում։ 1906թ. ձերբակալվել է և արտաքսվել։ Վերադառնալով ծննդավայր՝ հեղափոխական-պրոպագանդիստական աշխատանք է ծավալել աշխատավորների շրջանում։ 1907-08թթ ընդհատակյա և լեգալ կուսակցական աշխատանք է տարել Բաքվում։ Համագործակցել է Ստեփան Շահումյանի, Բոգդան Կնունյանցի, Պրոկոֆի Ջափարիձեի և ուրիշների հետ։ Մոսկվայի համալսարանում ուսանելիս եղել է ուսանողական ընդհատակյա կազմակերպության ղեկավարներից։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից զորակոչվել է բանակ։ Արևմտյան ռազմաճակատում, իր շուրջը հավաքելով սոցիալ-դեմոկրատների, ստեղծել է ընդհատակյա բոլշևիկյան կազմակերպություն, որը հեղափոխական աշխատանք էր տանում զինվորների շրջանում։ 1917թ. փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է ռազմաճակատի զինվորական կոմիտեի անդամ և Միխայիլ Ֆրունզեի հետ ղեկավարել այդ կոմիտեի բոլշևիկյան ֆրակցիան։ Մայիսին սահմանազատվելով մենշևիկներից՝ ֆրակցիան ստեղծել է բոլշևիկների ինքնուրույն կազմակերպություն, որի կոմիտեի նախագահ է ընտրվել։ 1917թ. հուլիսին նրա ջանքերով ստեղծվել է այդ կոմիտեի օրգան «Զվեզդա» թերթը։ Որպես Արևմտյան ռազմաճակատի և Բելոռուսիայի բոլշևիկների պատգամավոր, մասնակցել է ՌԱԴԲԿ 6-րդ համագումարին, որտեղ պաշտպանել է սոցիալիստական հեղափոխության նախապատրաստման և անցկացման լենինյան ստրատեգիան։ 1917թ. սեպտեմբերին ընտրվել է ՌԱԴԲԿ հյուսիս-արևմտյան մարզային կոմիտեի (հետագայում՝ Բելոռուսիայի Կոմկուս) նախագահ։ Հոկտեմբերյան զինված ապստամբության հաղթանակից հետո ընտրվել է Մինսկում ստեղծված Հյուսիս-Արևմտյան ռազմաճակատի ռազմհեղկոմի նախագահ։ Արևմտյան ռազմաճակատի զինվորների 2-րդ համագումարում ընտրվել է Արևմտյան ռազմաճակատի գլխավոր հրամանատար։ Միաժամանակ նշանակվել է նորաստեղծ կարմիր բաևակի ռազմակայանի ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ և գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ։ Որոշ ժամանակ կատարել է գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները։ 1918թ. գարնանը ղեկավարել է Պովոլժիեի ռազմաճակատի գործողությունները ընդդեմ սպիտակ չեխերի։ 1919թ. սկզբին ընտրվել է Բելոռուսիայի Կենտգործկոմի և կոմկուսի կենտրոնական բյուրոյի նախագահ։ 1919թ. մարտին տեղափոխվել է Մոսկվա և ընտրվել ՌԿ(բ)Կ Մոսկվայի քաղաքային ու նահանգային կոմիտեների առաջին քարտուղար։ Անտանտի 3-րդ արշավանքի ժամանակ (1920թ. ամառ) նշանակվել է Արևմտյան ռազմաճակատի քաղվարչության պետ և Տուխաչևսկու հետ ապահովել մարտական-քաղաքական առաջադրանքների կատարումը։ 1921թ. հունվարին Կոմունիստական կուսակցության որոշմամբ ուղարկվել է Հայաստան և նշանակվել սովետական նորաստեղծ կառավարության նախագահ և ռազմական գործերի ժողկոմ։ Իր հետ Կովկաս է բերել Վ.Լենինի նամակը՝ «Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, Դաղստանի, Լեռնականների հանրապետության կոմունիստ ընկերներին»։ Անդրֆեդերացիայի կազմակերպումից հետո (1922թ. մարտ) եղել է ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նախագահներից, ապա՝ կուսակցության Անդրկովկասյան երկրային կոմիտեի առաջին քարտուղարը։ Կուսակցական, պետական և ռազմական գործունեությանը զուգահեռ զբաղվել է հրապարակախոսական, գրականագիտական և խմբագրական աշխատանքներով։ Խմբագրել է շուրջ տասը անուն թերթ ու հանդես։ Հեղինակել է մի շարք աշխատություններ, որոնք նվիրված են մարքսիզմ-լենինիզմի տեսության, հեղափոխական շարժումների պատմության և հայ գրականության հարցերին։ Նրա «Միքայել Նալբանդյան» հոդվածը (1910թ.) առաջին մարքսիստական ուսումնասիրությունն է հայ հեղափոխական-դեմոկրատի մասին։ Հրատարակել է հոդվածներ՝ նվիրված հայ պոեզիայի դասականներ Հովհաննես Հովհաննիսյանին, Ալեքսանդր Ծատուրյանին և Հովհաննես Թումանյանին։ Հետևողականորեն պաշտպանելով գրականության կուսակցականության լենինյան սկզբունքները՝ սուր քննադատության է ենթարկել ապոլիտիզմը և անգաղափարայնությունը, «արվեստը արվեստի համար» բուրժուական տեսությունը («Բարերարները և նրա սպասավորները», 1912թ., «Արթնացումը», 1914թ. և այլ հոդվածներում)։ Բազմիցս անդրադարձել է Հայկական հարցին՝ անվանելով այն «գորդյան հանգույց», որի շուրջ հյուսվել են եվրոպական երկրների տարաձայնություններն ու շահերը։ 1913թ. Մոսկվայում հանդես է եկել Հայկական հարցի մասին դասախոսությամբ, որի դրույթները 1913-14թթ լույս են տեսել «Մշակ» թերթում։ Նրա աշխատությունները լույս են տեսել առանձին ժողովածուով («Երկեր», 4 հատոր, 1984-86թթ)։ Եղել է կուսակցության 6-13-րդ համագումարների պատգամավոր։ 1921թ. հուլիսի 4-5-ը մասնակցել է ՌԿ(բ) կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի լիագումար նիստին, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ Դեմ է քվեարկել Իոսիֆ Ստալինի միջամտությամբ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու մասին որոշմանը։ Զոհվել է Թիֆլիսի օդանավակայանում՝ ինքնաթիռային աղետի հետևանքով։ Մյասնիկյանի անունով են կոչվել Մինսկի վագոնանորոգման գործարանը (1932թ.), որի բակում տեղադրված է նրա հուշարձանը, նաև հրապարակ և փողոց, Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը, Մարտունի գյուղը, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղը, Արցախի Մարտունի քաղաքը, Վրաստանի Մյասնիկյանի գյուղը, Ադրբեջանի Մյասնիկովաբադ գյուղը Նախիջևանում, Մարտունի գյուղը Շամքորի շրջանում, Մարտունաշեն գյուղը Խանլարի շրջանում, Ռուսաստանի Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանը: Երևանի Մյասնիկյանի անվան հրապարակում տեղադրված է նրա հուշարձանը։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար