Նիկողայոս Արղության

Պետական, մշակութային գործիչ

Զապել Պոյաճյան

Գեղանկարչուհի, արձակագիր, դրամատուրգ

Վահագն Գրիգորյան

Արձակագիր, թարգմանիչ

Հրաչյա Բեյլերյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Մարինե Պետրոսյան

Դերասանուհի

Աշոտ Մուրադյան

Լուսանկարիչ

Արտակ Հերիքյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՐԱՐԱՏ ՂԱՐԻԲՅԱՆ

Լեզվաբան

27 հունվար, 1899 - 1 մարտ, 1977

Ծնվել է Հայաստանի Դարղալու (այժմ՝ ՀՀ Արարատի մարզի Այգեզարդ) գյուղում: 1927թ. ավարտել է Երևանի համալսարանը։ 1928-30թթ սովորել է համալսարանի ասպիրանտուրայում՝ Հրաչյա Աճառյանի ղեկավարությամբ մասնագիտանալով հայոց լեզվի պատմության ուղղությամբ։ Այնուհետև Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) որոշ ժամանակ հետևել է ակադեմիկոս Նիկողայոս Մառի դասախոսություններին։1929-48թթ դասախոսել է Երևանի համալսարանում, միաժամանակ նաև Բաքվի, Թբիլիսիի և Լենինականի (այժմ՝ Գյումրի) մանկավարժական ինստիտուտներում, իսկ 1934-77թթ՝ Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում (1940թ-ից՝ պրոֆեսոր), որտեղ կազմակերպել է (1934թ.) հայոց լեզվի ամբիոն և այն գլխավորել մինչև 1960թ.։ 1943-50թթ և 1956-62թթ եղել է ՀՀ ԳԱ լեզվի ինստիտուտի տնօրենը, 1962թ-ից՝ հիմնակազմ գրադարանի տնօրենը։ 1955-67թթ ղեկավարել է ՀՀ ԳԱ լեզվի, գրականության, արվեստի՝ գիտական աստիճաններ շնորհող միացյալ գիտխորհուրդը։ Նրա գիտական աշխատանքները վերաբերում են հայոց լեզվի պատմությանը, հայ բարբառագիտությանը, ժամանակակից հայերենի կառուցվածքային իրողություններին, բառարանագրությանը, հայոց լեզվի դասավանդման մեթոդիկային և այլն։ Հայոց լեզվի պատմության բնագավառում առաջին շրջանում նրա կատարած գիտահետազոտական աշխատանքների ամփոփումն է «Հայոց լեզվի պատմության ուսումնասիրության ներածություն» (1937թ.) աշխատությունը, որտեղ հեղինակն անդրադառնում է հայ ժողովրդի ու նրա լեզվի ծագմանը, ապա, ըստ իր ընդունած շրջաբաժանման, հիմնական գծերով բնութագրում է գրաբարը, միջին հայերենը, աշխարհաբարն իր արևելյան ու արևմտյան ճյուղավորումներով, ինչպես նաև մինչ այդ գիտությանը հայտնի հայերենի բարբառները։ Այստեղ (ինչպես և այլ աշխատություններում) ակնհայտորեն զգացվում է Նիկողայոս Մառի լեզվի «նոր ուսմունքի» որոշ ծայրահեղ դպրոցների ազդեցությունը, ապա և դրանից բխող ժխտողական վերաբերմունքը դասական և հատկապես պատմահամեմատական լեզվաբանության հանդեպ։ Հետագայում ձգտել է վերանայել իր դիրքը և առանձին հոդվածներում դիմել նաև պատմահամեմատական մեթոդին։ Հայ բարբառագիտության բնագավառում նրան առավելապես հետաքրքրել են բարբառների դասակարգման, նյութի վերհանման ու գիտական նկարագրման խնդիրները։ «Հայերեն բարբառների մի նոր ճյուղ» (1939թ.) ուսումնասիրությամբ նա հիմնավորել է բարբառների ձևաբանական դասակարգման գիտականությունը՝ միաժամանակ մինչ այդ ընդունված 3 ճյուղերին ավելացնելով չորրորդ՝ «ս» ճյուղը, տվել այդ ճյուղի 6 բարբառների համառոտ նկարագիրը (հետագայում դրանց թիվն ընդլայնվել է)։ 1950-ական թվականների սկզբներին առաջ է քաշել բարբառների տիպաբանական դասակարգման հարցը՝ ընդունելով դերբայավոր («ում»,«լ», «ս» ճյուղերով), մասնիկավոր («կը», «կա», «հա» ճյուղերով) և գրաբարատիպ խմբեր։ Բառարանագրության ասպարեզում իբրև հեղինակակից մասնակցել է «Ռուս-հայերեն» (1945թ.) և «Հայ-ռուսերեն» (1947թ.) համառոտ բառարանների ստեղծմանը։ Առավել նշանակալից է «Ռուս-հայերեն բառարանը» (1968թ., ՀՀ պետական մրցանակ, 1971թ.), որն ընդգրկում է 85000 բառահոդված, շուրջ 100000 բառ և դարձվածք։ Հայաստանում սկզբնավորել է համաբարբառների կազմման գործը. նրա անմիջական ղեկավարությամբ լույս են տեսել Ագաթանգեղոսի, Կորյունի, Ղազար Փարպեցու և այլոց ստեղծագործությունների համաբարբառները։ Նրա գրած 5-6-րդ դասարանների հայոց լեզվի դպրոցական դասագրքերը, որ ընդգրկում են հնչյունաբանությունը, բառագիտությունը և ձևաբանությունը, 1934թ-ից բազմաթիվ վերահրատարակություններով գործածության մեջ են մնացել ավելի քան 30 տարի։ Հայոց լեզվի մի շարք դասագրքեր է գրել նաև այլ դասարանների, ինչպես նաև ոչ հայկական դպրոցների համար։ Նրա հայոց լեզվի դասավանդման մեթոդիկային նվիրված ուսումնասիրությունների յուրովի հանրագումարն է «Հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա» (1954թ.) ձեռնարկը, որտեղ նախ շարադրվում են մայրենի լեզվի դասավանդման մեթոդիկայի գիտաամանկավարժական հիմունքները, պլանավորման հարցերը, ապա հնչյունաբանության, բառագիտության, ձևաբանության ու շարահյուսության բաժիններով տրվում է համապատասխան նյութի մատուցման մեթոդների ու մեթոդական հնարների կիրառման հնարավոր պատկերը։ Այդ բոլորով հանդերձ՝ շեշտը, դրվում է նաև սովորողների բանավոր ու գրավոր խոսքի զարգացման կարևորության վրա։ 1969թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ 1960թ-ից եղել է ՀՀ ԳԱ ակադեմիկոս: 1954թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Երևանում: Արարատ Ղարիբյանի անունով է կոչվում Երևանի թիվ 142 միջնակարգ դպրոցը: