ԿԱՐՈ ՂԱՖԱԴԱՐՅԱՆ

Հնագետ, պատմաբան, բանասեր

20 ապրիլ, 1907 - 21 դեկտեմբեր, 1976

Ծնվել է Ախալցխայում: Ավարտել է ծննդավայրի միջնակարգ դպրոցը: 1927թ. տեղափոխվել է Երևան: 1931թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը, եղել է Էջմիածնի մատենադարանի գիտական աշխատող, զբաղվել հայկական հին ձեռագրերի ուսումնասիրությամբ։ 1932թ-ից աշխատել է Հայաստանի մշակույթի պատմության ինստիտուտում, մասնակցել Հայաստանի հնավայրերի (Շենգավիթ, Վաղարշապատ և այլն) հետախուզական աշխատանքներին ու պեղումներին։ Նրա առաջին աշխատությունը («Հայկական գրի սկզբնական տեսակները») ձեռագիր վիճակում 1935թ. արժանացել է Մելքոնյան ֆոնդի մրցանակի։ 1930-ական թվականների կեսերից ձեռնարկել է Թորոս Թորամանյանի հետազոտությունների ի մի բերման, ծանոթագրման և տպագրության պատրաստման գործին։ 1940-65թթ եղել է Հայաստանի պետական պատմական թանգարանի տնօրենը։ Նրա անմիջական ղեկավարությամբ 30 տարի շարունակ պեղվել և հետազոտվել են Դվինի ավերակները, հայտնաբերվել հարուստ նյութեր, որոնք մեծ նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի, այլև Անդրկովկասի ու Մերձավոր Արևելքի միջնադարյան քաղաքների պատմության, տնտեսական կյանքի, կենցաղի և մշակույթի ուսումնասիրության համար։ Միաժամանակ եռանդուն մասնակցություն է ունեցել Հայաստանում կատարվող հնագիտական աշխատանքներին (պատմական հուշարձանների պահպանություն, այլ հնավայրերի պեղումներ և այլն)։ Հեղինակել է միջնադարյան Հայաստանի ճարտարապետական հուշարձաններին, դրանց հարյուրավոր վիմական արձանագրությունների վերծանմանն ու այլ հարցերի նվիրված մի շարք գրքեր ու հոդվածներ։ Առանձնապես արժեքավոր է Դվինի պեղումների արդյունքներն ամփոփող և ընդհանրացնող երկհատոր աշխատությունը։ Երկար տարիներ միջնադարյան հնագիտության դասընթաց է վարել Երևանի պետական համալսարանում, Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում։ 1958թ-ից եղել է«Պատմա-բանասիրական հանդես»-ի խմբագրական կոլեգիայի անդամ։ 1959թ-ից մինչև կյանքի վերջը ղեկավարել է ՀՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջնադարյան հնագիտության բաժնի աշխատանքները, պատրաստել հնագետ կադրեր։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով, արժանացել ՀՀ ԳԱ Նախագահության «Մեծարման գրին» (1974թ.)։ 1954թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1957թ-ից՝ պրոֆեսոր): 1961թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար