Քեթևան Արամյան

Դերասանուհի

Վաղարշակ Գալփակճյան

Հրապարակախոս, լրագրող

Լևոն Մեսրոպ

Արձակագիր, դրամատուրգ

Միսաք Մեծարենց

Բանաստեղծ

Տիգրան Հախումյան

Գրականագետ, դրամատուրգ, թարգմանիչ, թատերագետ

Նորայր Պողարյան

Ձեռագրագետ, բանասեր, հայագետ

Իսահակ Ալավերդյան

Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Ռուդոլֆ Ժամհարյան

Կինոօպերատոր

Տիգրան Գամաղելյան

Բանաստեղծ, լրագրող

 

 

 

 

ՎԱՐԴԳԵՍ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Պատմաբան

5 դեկտեմբեր, 1924 - 31 մարտ, 2005

Ծնվել է Հայաստանի Ղագանչի գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում): 1941թ. տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո որպես ուսուցիչ աշխատել է Հայաստանի Քեֆլի և Քոռաղբյուր գյուղերում։ 1942-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, ծառայել է խորհրդային բանակում՝ սևծովյան նավատորմում (այդտեղից էլ հայտնի նրա «Մարյակ» մականունը)։ 1952թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ Նույն թվականին ընդունվել է ԵՊՀ-ի ասպիրանտուրան, որն ավարտել է 1955թ. և անմիջապես պաշտպանել թեկնածուական ատենախոսություն՝ «Գյուղացիության դրությունը և գյուղացիական ելույթները Հայաստանում 1918-1920թթ» թեմայով (առանձին գրքով հրատարակվել է 1960թ.)։ 1955-59թթ աշխատել է «Սովետական Հայաստան» ամսագրի խմբագրությունում։ 1959-72թթ եղել է ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1972թ-ից՝ ՀՀ ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Նրա պատմագիտական ուսումնասիրություններն ընդգրկում են Հայաստանի գյուղացիության դրության և պայքարի հարցեր, հայ-ռուսական հարաբերությունների, հայերի արտագաղթերի և հայկական առանձին գաղութների պատմության, նշանավոր գործիչների կյանքի ու գործունեության լուսաբանում և այլն։ 1964թ. լույս է տեսել նրա «Ղրիմի հայկական գաղութի պատմություն» առաջին գիրքը։ Այն ներառում է այդ պատմության միջնադարյան շրջանը և ավարտվում 1778թ. ռուսական կառավարության կողմից ղրիմահայերի տեղահանությամբ։ Հետագայում հրատարակվել են նրա «Ղրիմի հայկական գաղութի պատմություն (1801-1917)» (1970թ.), «На крымской земле» (1974թ.), «Ղրիմահայոց պատմություն» (1989թ.), «История крымских армян» (2004թ.) աշխատությունները: Իր խմբագրած «Լրաբեր հասարակական գիտությունների» ամսագրի 1978թ. 5-րդ համարում տպագրել է «Об очередных «размышлениях» З. М. Буниятова» վերնագրով հոդված-գրախոսությունը (հեղինակներ՝ Ա.Ղանալանյան, Լ.Խաչիկյան, Ա.Տեր-Ղևոնդյան), որտեղ քննադատության է ենթարկել ազերի պատմաբան Զ.Բունիաթովի հակահայկական ու հակագիտական գործունեությունը։ 1988թ. մարտի 2-ին Երևան եկած ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարներ Ա.Լուկյանովին և Վ.Դոլգիխին հանձնված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գիտական միակ փաստաթուղթը նրա գրած հիմնավոր տեղեկանքն էր։ Պատմագիտական այս փաստաթուղթը «Некоторые вопросы истории Нагорного Карабаха» վերնագրով և մասնակի լրացումներով (Լ.Խուրշուդյանի հեղինակակցությամբ) լույս է տեսել «Լրաբեր հասարակական գիտությունների» ամսագրի 1988թ. 4-րդ համարում։ Հետագա տարիներին պատմաբանը Արցախի հարցի վերաբերյալ բազում հոդվածներ է տպագրել հանրապետության սփյուռքահայ և օտարալեզու մի շարք պարբերականներում։ 1989թ. մեկնել է Բոնն` գերմանական արխիվներում հայկական ցեղասպանության մասին նյութերի ուսումնասիրման համար: Գերմաներենի իմացությունը նրան հնարավորություն է տվել կարճ ժամանակամիջոցում ժողովել ավելի քան 3500 արխիվային միկրոկադրեր, որից 1000-ից ավելին տեղ են գտել 1995թ. նրա կազմած «Армянский вопрос и геноцид армян в Турции (1913-1919). Материалы Политического архива м-ва иностр. дел Кайзеровской Германии» վերնագրով ժողովածուում՝ առաջաբանով, ներածությամբ և հմուտ ծանոթագրություններով։ Փաստաթղթերի մեծածավալ այս հավաքածուն լրացնում է Յ.Լեփսիուսի 1919թ. Պոտսդամում հրատարակած Թուրքիայում Հայոց ցեղասպանության (1915թ.) վերաբերյալ «Deutschland und Armenien, 1914-1918. ammlung diplomatischer Aktenstücke» փաստաթղթերի ժողովածուն։ 1980-ական թվականներից տասնյակ հոդվածներ է հրապարակել, գրքեր հրատարակել, ժողովածուներ կազմել հայերի ցեղասպանության մասին, այն ժխտողների ու կեղծարարների դեմ։ 1991թ. հրատարակել է «Генрих Фирбюхер. Армения, 1915. Уничтожение Турцией культурного народа», 1997թ.՝ «Գերմանացի դիվանագետները հայոց ինքնապաշտպանական մարտերի մասին (1915)» գրքերը և այլն։ Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի առթիվ հրատարակել է «Почему и как российские евреи принимали христианство по армянскому обряду (1910-1915гг.). Документы и материалы ЦГИА России. Подборка» ժողովածուն։ 1966թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1978թ-ից՝ պրոֆեսոր)։ 1988թ-ից եղել է ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի բաժնի վարիչ, 1996թ-ից՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, 1999թ-ից՝ «Պատմաբանասիրական հանդես»-ի գլխավոր խմբագիրը։ 1989-90թթ հիմնադրել և խմբագրել է «Գոյամարտ» շաբաթաթերթը։ Եղել է գիտական մի շարք խորհուրդների անդամ, գործուն մասնակցություն է ունեցել «Հայկական սովետական հանրագիտարանի» ստեղծման գործում, եղել է կազմկոմիտեի անդամ, իսկ հետագայում՝ գիտաճյուղային խորհրդի անդամ։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար