ՀՈՎՀԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Մատենագիր

7-րդ դար

Կազմել է «Պատմութիւն Տարօնոյ» երկասիրությունը, որի առաջին մասը վերագրվում է Սբ. Կարապետ վանքի վանահայր Զենոբ Գլակին: Երկի հիշատակարանում հաղորդում է, որ այն շարադրել է Բյուզանդիայի Հերակլիոս կայսեր (610-641թթ) ժամանակ, Հայոց կաթողիկոս Ներսես Տայեցու (641-661թթ) հրամանով: Աշխատանքի առաջին մասում ներկայացված է 4-րդ դարում Մեծ Հայքի Տարոն գավառում քրիստոնեության տարածման հանգամանքները։ Երկրորդ մասը՝ քրիստոնեության տարածումից հետո օտար զավթիչների դեմ (Բյուզանդիա, Սասանյան Պարսկաստան) Տարոնի հայության դյուցազնական պայքարի էպիկական-գեղարվեստական պատկերումն է։ Հայագետների կողմից «Տարոնի Պատմությունը» համարվում է 7-9 դարերի սահմաններում գրված կամ հավաքված-խմբագրված ժողովածու։ Պատմությունն իր բնոյթով և շարադրանքի ոճով եզակի է վաղ միջնադարյան հայ մատենագրութեան մեջ։ Օգտագործելով Տարոն գավառում հավաքած գրավոր և բանավոր բազմաժանր նյութերը՝ հեղինակը Հայաստանում առաջին անգամ ստեղծել է իր երկրամասի պատմության որոշակիորեն համակարգված շարադրանքը լայն պատմական ֆոնի վրա։ Երկի վերջում զետեղված բավական ընդարձակ հիշատակարանում հեղինակը ներկայացել է որպես Մամիկոնյան եպիսկոպոս, նշել, որ իր «շարադրութիւնը» կատարել է «ի վանսն Գլակայ, ի դուռն սրբոյ Կարապետին», որտեղ գավառի առաջին եպիսկոպոս Զենոբ Ասորուց հետո եղել է քսանհինգերորդ առաջնորդը (ըստ այդմ՝ ենթադրելի է, որ Գլակավանքը եղել է Մամիկոնյան եպիսկոպոսության նստավայրը)։