ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿՈԼՈՏ ԲԱՂԻՇԵՑԻ

Մշակութային, եկեղեցական գործիչ

7 փետրվար, 1678 - 13 փետրվար, 1741

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բաղեշի (այժմ՝ Բիթլիս) Խողց գյուղում: «Կոլոտ» մականունը ստացել է իր կարճ հասակի պատճառով։ Եղել է Բաղեշի Ամիրդոլու վանքի դպրոցի սանը: Ավարտելուց հետո 1689թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, իսկ 1706թ. անդամակցել է Մշո Սբ. Կարապետ (Գլակա) վանքի միաբանությանը։ Երկրաշարժից վնասված վանքի վերանորոգման համար հանգանակություն կատարելու առաքելությամբ 1712թ. գնացել է Կ.Պոլիս, որտեղից հայոց պատրիարքությունը նրան ուղարկել է Երուսաղեմ, որն այդ շրջանում ուղղակիորեն կապված էր Պոլսո պատրիարքական աթոռին։ Երուսաղեմում իր գործը հաջող ավարտելուց հետո նա վերադարձել է Կ.Պոլիս և 1715թ. ընտրվել Կ.Պոլսի հայոց պատրիարք և սուլթան Ահմեդ Գ-ի կողմից հաստատվելուց հետո գահակալել որպես Հովհաննես Թ պատրիարք։ Աչքի է ընկել իր ճարտասանությամբ։ Նրա պաշտոնավարության շրջանում զարթոնք է ապրել Թուրքիայի հայոց ազգային, մշակութային ու կրթական կյանքը, իրագործվել են մի շարք նշանակալից ձեռնարկումներ։ 1719թ. օծվել է Գումգափուի Մայր եկեղեցին, որը մեկ տարի առաջ հիմնովին այրվել էր, 1727թ. կառուցվել է Սկյուտարի Սբ. Կարապետ եկեղեցին, 1730թ.՝ Պալաթի Սբ. Հրեշտակապետը՝ նախկինից ընդարձակ, 1729թ.՝ Խասգյուղի փայտաշեն եկեղեցին, 1732թ. վերաշինվել է Ղալաթիայի՝ նախկինում այրված Սբ. Լուսավորիչ եկեղեցին։ Վերանորոգվել են Սկյուտարի Սբ. Խաչ և Օրթագյուղի եկեղեցիները։ 1715թ. բացել է Կ.Պոլսի առաջին դպրանոցը՝ Սկյուտարի հոգետունը, որը մատենադարանի հետ միասին հետագայում տեղափոխվել է Գումգափուի պատրիարքարան։ Բացել է երկու նոր տպարաններ, հրատարակել հայերեն 80 անուն գիրք։ Պոլսո մեջ հիմնել է առաջին հայկական փոքրամասնական վարժարանները։ 1719թ. Մայր եկեղեցուն կից կազմակերպվել է դպրաց դաս, որի երգչախմբերը կարևոր դեր են խաղացել հայկական ազգային հոգևոր երաժշտությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու գործում։ Նրա աջակցությամբ են հրատարակվել Ագաթանգեղոսի, Հովհան Մամիկոնյանի, Փավստոս Բուզանդի, Մեսրոպ Վայոցձորեցու, Գրիգոր Տաթևացու և այլոց ստեղծագործությունները, կատարվել են մի շարք թարգմանություններ: Նրա գործունեությանն է նվիրված Սահակ եպիսկոպոս Մաշալյանի «Երկու ուխտավոր» պատմավեպը։ Մահացել է Կոստանդնուպոլսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար