ՀՈՎՆԱԹԱՆ ՀՈՎՆԱԹԱՆՅԱՆ

Գեղանկարիչ

16 մայիս, 1730 - 18 հունվար, 1802

Ծնվել է Նախիջևանի Շոռոթ գյուղում: Եղել է գեղանկարիչ Հակոբ Հովնաթանյանի որդին: Նկարչությունը սովորել է հոր մոտ: 1760-ական թվականներին արդեն անվանի գեղանկարիչը կատարել է Էջմիածնի վանքի պատվերները: 1776թ. վրաց Հերակլ Բ թագավորը նրան հրավիրել է Թիֆլիս՝ որպես պալատական նկարիչ: Ստացել է արվեստանոց, ազատվել պետական հարկերից և պարտավորվել աշակերտներ պատրաստել: Միաժամանակ շարունակել է Էջմիածնի տաճարի նկարազարդման ու ձևավորման աշխատանքը, որն ավարտել է 1786թ.: Ձևավորել է նաև Երևանի խանի պալատը, նկարներ ստեղծել Պարսկաստանում: Նրա դիմանկարները որակական նոր աստիճանի են բարձրացրել այսպես կոչված «ղաշարների ոճը» (օրինակները պահպանվում են Վրաստանի արվեստների թանգարանում, Թեհրանի Գոլիստան պալատում): Պատմական գործիչների դիմանկարներով (Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթև, Ներսես Շնորհալի, Հովհան Օձնեցի, Դավիթ Անհաղթ և ուրիշներ) հայ իրականության մեջ տվել է շքերթային դիմանկարի առաջին օրինակները: Նրա տաղանդը առավելապես արտահայտվել է թեմատիկ պատկերներում (Էջմիածնի տաճարի «Ավետընկալ Մարիամ», «Մոգերի երկրպագություն», «Մուտք Երուսաղեմ», «Խորհրդավոր ընթրիք», «Խաչելություն»), առաջին անգամ հայ իրականության մեջ ստեղծել է դասական սկզբունքներով լուծված կոմպոզիցիաներ, ի հայտ բերել կերպարների հոգեբանական գծերի արտահայտման ձգտում: Աստվածամորը պատկերող նկարների շարքում («Աստվածամոր փառքը») ակնառու է նկարչի ստեղծագործական ազատության, ավանդական թեմայի ինքնատիպ լուծման հակումը: Նկարչի ստեղծագործության մեջ տեղական գեղարվեստական հիմքի վրա բեկվել են արևմտյան և ուշ իրանական արվեստների ազդեցությունները: Նրա արվեստը եզրափակում է 17-րդ դարում սկիզբ առած հայ նոր արվեստի զարգացման կարևոր փուլը: Մահացել է Թիֆլիսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար