ՀԱՄԱԶԱՍՊ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Թարգմանիչ, գրականագետ

25 սեպտեմբեր, 1880 - 3 փետրվար, 1965

Ծնվել է Հայաստանի Բասարգեչար գյուղում (այժմ՝ քաղաք Վարդենիս): Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա մեկ տարի սովորել Երևանի թեմական դպրոցում: 1887թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և մեկնել Մոսկվա, շարունակել ուսումը Լազարյան ճեմարանում, որտեղ ուսուցանել է Կարապետ Կուսիկյանի, Գրիգոր Խալաթյանի մոտ։ 1900թ. ավարտելով մեկնել է Թիֆլիս, մեկ տարի սովորել է տեղի երկրորդ արական գիմնազիայում։ 1902-08թթ սովորել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Բացի ռուսերենից տիրապետել է նաև հին հունարենին և լատիներենին: 1908թ. վերադառնալով Կովկաս՝ մինչև 1911թ. զբաղվել է իրավաբանությամբ, հետո զբաղվել է մանկավարժությամբ, դասավանդել է Թիֆլիսի միջնակարգ դպրոցում։ Աշխատակցել է «Մշակ», «Բանբեր», «Գործ», «Հորիզոն» և այլ պարբերականների, որտեղ լույս են տեսել նրա հրապարակապոսական հոդվածներն ու բանաստեղծությունները: 1925թ. մեկնել է Պետերբուրգ՝ դասավանդելու տեղի համալսարանում։ 1927-28թթ Վիեննայում տպագրել է իր բանաստեղծությունները երեք հատորով, մեկ հատորով էլ հրատարակել է ռուսերեն բանաստեղծությունները։ Անտիկ գրականություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում։ Լույս է ընծայել «Արյունէջեր» (1903թ.), «Անհունի էջերում» (1904թ.), «Հպարտ հոգու երգերից» (1905թ.) գրքերը: 1904թ. ռուսերեն հրատարակվել է նրա «Նահապետ Քուչակ. «Սիրո երգեր» գիրքը: Թարգմանել է Բայրոնի, Հայնեի, Լերմոնտովի, Նադսոնի, Գորկու և այլոց երկերից, հին հունական բնագրից՝ «Հույն ողբերգակներ»-ը (1950թ.), «Իլիական»-ը (1955թ.): 1964թ. լույս է տեսել նրա «Մտորումներ Հոմերոսի մասին» գիրքը: 1953թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1954թ-ից՝ պրոֆեսոր): 1962թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում, թաղված է Բյուրականում: Համազասպ Համբարձումյանի անունով դպրոց է կոչվել ՀՀ Վարդենիս քաղաքում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար