ԼԵՅԼԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Երգչուհի, երգահան

Ծնվել է 1963թ. հուլիսի 16-ին, Թբիլիսիում: 1969թ. հաճախել է տեղի 110 միջնակարգ դպրոց, 1976թ. տեղափոխվել Երևան և հաճախել Դ.Վարուժանի անվան 89 միջնակարգ դպրոց: 1976թ-ից երգել է Ս.Շահումյանի անվան պիոներպալատի վոկալ գործիքային անսամբլում: Այդ տարիներին դարձել է բազմաթիվ համամիութենական մրցույթների դափնեկիր (Կիև, Բաքու, Տաշքենդ): 1986թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի երաժշտական ֆակուլտետը, որից հետո աշխատել է ֆակուլտետում և դպրոցում` որպես երգի դասատու: Եղել է «Վարուժնակ» վոկալ համույթի ղեկավարը: 2000թ. մասնակցել է «Սայաթ-Նովա» երգի համահայկական փառատոնին, որտեղ «Հայոց աշխարհ» երգը արժանացել է հատուկ մրցանակի, իսկ 2001թ.` «Հայրենի հող» երգով` առաջին մրցանակին: 2002թ. Կահիրեի միջազգային երգի փառատոնին ներկայացրել է Հայաստանը և արժանացել 2-րդ մրցանակին: Հանդես է եկել բազմաթիվ համերգներով և մենահամերգներով Հայաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ավտրալիայում, Անգլիայում, Շվեյցարիայում, Իրանում, Բելգիայում և այլուր: Մասնակցել է բազմաթիվ բարեգործական համերգների և նախագծերի: Նկարահանել է տեսահոլովակներ: 2005թ. գրել և երգել է «Միասնության շուրջպար» երգը, որը դարձել է համահայկական և սիրված: Թողարկել է «Հայի ուժը» (2005թ.), «Մի բաժանվեք սիրուց երբեք» (2008թ.) ձայնասկավառակները: 2012թ. եղել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայսուպերսթար» երաժշտական նախագծի ժյուրիի անդամ: 2013թ. Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում խաղացել է Հ.Պարոնյանի «Պաղդասար աղբար» (Անուշ) օպերետում: 2015թ. թողարկել է Սասուն Պասկևիչյանի հեղինակած «Ինձ բացակա չդնեք» (խոսքեր՝ Հ.Սահյանի), «Արիսացիր սիրտ իմ» (խոսքեր՝ Վ.Տերյանի), «Հայրենիք» (խոսքեր՝ Պ.Սևակի) երգերը. վերջին երկուսը՝ Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին ընդառաջ: 2007թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: