Ստեփան Մալխասյանց

Բանասեր, լեզվաբան, բառարանագիր

Հակոբոս Տաշյան

Բանասեր, լեզվաբան, հայագետ

Մամբրե Մատենճյան

Գրականագետ

Տրդատ Նշանյան

Դերասան, բեմադրիչ

Արտաշես Բաբայան

Դրամատուրգ, թատերագետ

Սերգեյ Աղաբաբով

Կոմպոզիտոր

Գագիկ Վարդանյան

Գեղանկարիչ

Արման Միրիջանյան

Դերասան, ռեժիսոր

Վարդան Գաբոյան

Կիթառահար

Սուրեն Առուստամյան

Դերասան, հաղորդավար

 

 

 

 

ԿԻՐԱԿՈՍ ԳԱՆՁԱԿԵՑԻ

Պատմաբան, եկեղեցական գործիչ

4 փետրվար, 1201 - 27 հոկտեմբեր, 1271

Կիրակոս Արևելցի, Գետիկցի

Ծնվել է Գանձակում: Մանուկ հասակում, 1209-12թթ հավանաբար, ուսումնառությունն սկսում է Մխիթար Գոշի՝ Նոր Գետիկի (այժմ՝ ՀՀ, Գոշավանք) դպրոցում, որտեղ մնացել է, ըստ երևույթին, մինչև 1215-16թթ։ Այնուհետև մեկնել է Խորանաշատ վանքի (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղում) դպրոցը, որը հիմնադրել է Գոշի աշակերտ Հովհաննես Վանականը։ 1225թ. Խորեզմի սուլթան Ջալալէդդինը ասպատակում է նաև Տավուշը, որտեղ էր Խորանաշատ վանքը։ Դրանից հետո հնարավոր չի լինում այնտեղ շարունակել կրթության գործը։ Հովհաննես Վանականը իր աշակերտների հետ տեղափոխվում է Լորուտ գյուղի մոտ փորել տված քարայրը և շարունակում է ուսուցանել։ Սակայն 1236թ. մոնղոլ Մոլար Նուինի հրոսակները հասնում են մինչև Տավուշ, գրավում այն և կողոպտում քարայր-դպրոցն ու այնտեղ ապաստանած ժողովրդին։ Նրանք ուսուցչապետ Հովհաննես Վանականին և նրա աշակերտներից մի քանիսին, այդ թվում և Կիրակոսին, գերեվարում են։ Մի քանի ամիս անց փրկագնով Հովհաննես Վանականը ազատվում է, իսկ Գանձակեցին անմիջապես դիմում է փախուստի։ Գերեվարության ժամանակ նա ծանոթանում է մոնղոլ-թաթարական սովորույթներին, կենցաղային մանրամասներին, մասամբ նաև լեզվին, որոնց վերաբերյալ հետագայում բավականին նյութ է հաղորդել իր «Պատմություն Հայոց» աշխատության մեջ։ 1236թ. վերստին հաստատվում է Նոր Գետիկում։ Այստեղ մնում է երկար ժամանակ։ 1250թ. մասնակցել է Դավիթ Մոլորեցուցչին բանադրելուն, 1251թ.՝ Հռոմի պապ Ինոկենտիոս 4-րդի Հավատո թղթի պատասխանը գրելուն: Ենթադրվում է, որ Վանական Վարդապետի մահից (1251թ.) հետո գլխավորել է Նոր Գետիկի դպրոցը և զբաղվել մանկավարժությամբ: 1255թ., Վարդենիս գյուղում (Արագածոտն գավառ), Քուրդ իշխանի տանը հանդիպել է Կիլիկիայի Հայոց թագավոր Հեթում Շենին և տեղեկացել նրա առաքելության արդյունքներին: 1260-ին միջամտել և Գետիկի բնակչությանն ազատել է աթոռահարկից: Այնուհետև իր խնդրանքով Վարդան Արևելցին կատարել է (1265թ.) «Երգ երգոց»-ի մեկնությունը: 1268-69թթ եղել է Սիսում: Գրել է շուրջ հազար տարվա իրադարձություններ ընդգրկող «Հայոց պատմություն» մեծարժեք երկը (սկսել է 19.5.1241թ. և ավարտել հանկարծակի՝ 1265-66թթ անցքերի նկարագրությունն անելիս): Բաղկացած է «Առաջաբան»-ից և ԿԵ (65) գլխից: Բաժանվում է երկու մասի: Առաջինը Գրիգոր Ա Լուսավորչի և թաթար-մոնղոլական արշավանքների միջև ընկած ժամանակաշրջանի համառոտ, երկրորդը մոնղոլների առաջին արշավանքների և Հայաստանում նրանց տիրապետության սկզբնական շրջանի բազմակողմանի պատմությունն է: Սկզբնաղբյուր են ծառայել նախորդ օտար ու հայ հեղինակների (Եվսեբիոս Կեսարացի, Սոկրատես Սքոլաստիկոս, Մովսես Կաղանկատվացի, Սամուել Անեցի, Վանական Վարդապետ և այլն) երկերը, արձանագրություններ, աստվածաբանական, եկեղեցականոնական փաստաթղթեր, դիվանական վավերագրեր, նամակներ, դեպքերի մասնակիցների, ականատեսների բանավոր տեղեկությունները և այլն: Թե՛ աղբյուրներին, թե՛ շարադրանքին ցուցաբերելով քննական-վերլուծական մոտեցում՝ ժամանակաշրջանի, ծավալի և հարցադրումների մեծ ընդգրկումներով տվեւ է 4-13-րդ դարերի հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական, կրոնական, մշակութային և հասարակական շարժումների պատմությունը՝ այն սերտորեն կապակցելով հարևան երկրներում (Վիրք, Աղվանք, Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ) կատարվող իրադարձությունների հետ: Հայագիտության և արևելագիտության համար հատկապես արժեքավոր է «Հայոց պատմության» երկրորդ մասը: Որպես ժամանակակից ու դեպքերին ականատես՝ պատմիչը չափազանց կարևոր տեղեկություններ է հաղորդել Անդրկովկաս ու Հայաստան կատարած մոնղոլների արշավանքների, այդ և այլ երկրներում նրանց նվաճումների, արտաքին տեսքի, լեզվի, կենցաղի, բարքերի, հասարակական կառուցվածքի, Հուլավյանների պետության քաղաքական ու տնտեսական պատմության, Հայաստանի հայ իշխանավորների, Կիլիկիայի հայոց պետության ու մոնղոլների փոխհարաբերությունների մասին: «Հայոց պատմության» այս մասը կարևոր սկզբնաղբյուր է մոնղոլական շրջանի վերաբերյալ առկա հայկական, իրանական ու արաբական աղբյուրների տեղեկությունները լրացնելու, ճշտելու, ժխտելու կամ հաստատելու համար: «Հայոց պատմություն»-ը գնահատել և օգտագործել են դեռևս նրա ժամանակակիցները (Վարդան Արևելցի, Մխիթար Այրիվանեցի և այլք): Ենթադրվում է, որ նրանից օգտվել է նաև իրանցի պատմիչ Ռաշիդ էդ Դինը: Հետագայում նրանով զբաղվել են բազմաթիվ հայ և օտարազգի ուսումնասիրողներ (Ք.Պատկանյան. Հ.Մանանդյան, Մ.Բրոսսե և այլք): «Հայոց պատմություն»-ը մեզ է հասել 47 ընդօրինակություններով (31-ը պահպանվում են Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում, մնացածը՝ Վիեննայի, Փարիզի, Լոնդոնի, Ստամբուլի, Սանկտ Պետերբուրգի մատենադարաններում ու գրադարաններում և անհատական հավաքածուներում): Հրատարակվել է չորս անգամ, առաջինը՝ 1858թ., Մոսկվայում, գիտաքննական հրատարակությունը՝ 1961թ., Երևանում՝ Կ.Ա.Մելիք-Օհանջանյանի աշխատասիրությամբ: Ֆրանսերեն լույս է տեսել 1870թ., Պետերբուրգում, ռուսերեն՝ 1976թ., Մոսկվայում: Առանձին հատվածներ ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն և լատիներեն տպագրվել են դեռևս 19-րդ դարում: Գրել է նաև թղթեր՝ ուղղված Վանական Վարդապետին, Վարդան Արևելցուն և ուրիշների (չեն պահպանվել), բանադրական թուղթ ընդդեմ Դավիթ Ծարեցու, Աստվածածնի վերափոխման շարական և Պողոս եպիսկոպոսի վարքը (վերջինս զետեղված է 1253-69թթ իր իսկ հարմարեցրած ու լրացրած «Ցայսմաւուրք»-ում. պահպանվում է Վիեննայի Մխիթարյան մատենադարանում): Մինչև կյանքի վերջը զբաղվել է մատենագիտական աշխատանքով։ Մահացել է Նոր Գետիկի վանքում, որտեղ էլ թաղվել է։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար