Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ԳԱԼՈՒՍՏ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Հրապարակախոս, փիլիսոփա, բնագետ

6 դեկտեմբեր, 1840 - 15 օգոստոս, 1898

Ծնվել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր), հարուստ վաճառականի ընտանիքում: Գիտելիքները ձեռք է բերել հիմնականում ինքնակրթությամբ: Եղել է Զմյուռնիայի «Հաշտենից և Վասպուրական» երիտասարդական ընկերության հիմնադիրն ու ղեկավարը, այդ ընկերության «Միություն» պարբերականի խմբագիրը, աշխատակցել է «Ծաղիկ» հանդեսին: Եղել է Փարիզի արևելագետների ֆրանսիական ընկերության իսկական անդամ, «Օրիենտ» մատենաշարով ֆրանսերեն հրատարակել է հայագիտական-ազգագրական նյութեր: Բնական գիտությունների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու նպատակով 1858թ. «Հասարակաց թանգարան» խորագրով հրատարակել ու անվճար տարածել է բնագիտության տարբեր բնագավառներին վերաբերող 16 գրքույկներ: Վաղ շրջանում եղել է իդեալիստ լուսավորիչ: Սակայն, քննադատորեն վերլուծելով համաշխարհային փիլիսոփայական-բնագիտական միտքը, յուրացնելով ժամանակի գիտության նվաճումները և ըմբռնելով հայ հասարակական-մտավոր կյանքին առաջադրվող պահանջները՝ աստիճանաբար անցել է մատերիալիստական-աթեիստական աշխարհըմբռնման: Նրա աշխարհայացքի շրջադարձին նպաստել է նաև 1861թ. Միքայել Նալբանդյանի հետ Կ.Պոլսում ունեցած հանդիպումը: Նրա մատերիալիզմի ու աթեիզմի նվաճումը «Մեթոդի վրա» (հրտ.՝ 1878թ.) երկն է: Հեղինակն այն բնութագրել է «պզտի հանրագիտարան մը... նյութապաշտ դպրոցի ամենեն ահավոր զենքերու», ժամանակակիցները՝ մի երկ, որը կոչված է «հռչակելու և քաջալերելու դրական կամ գիտական մտքին հաղթանակը»: «Առաջադիմությունը գիտությամբ» բնաբանը կրող այս գիրքը հղել է հեղինակի ծրագրած մի շարք գիտական, փիլիսոփայական աշխատությունների առաջին հատորը: Առաջին հայ մտածողներից է եղել, որ ծանոթ էր Կ.Մարքսի «Կապիտալին» և հիշատակել է իր գրքում: Եկեղեցու պահանջով գիրքը վաճառքից հանվել է ու ոչնչացվել, իսկ երկրորդ հատորի ձեռագիրը, ամբողջ արխիվի հետ միասին, նրա մահից հետո այրվել է: Նա փիլիսոփայության հիմնական հարցը լուծել է մատերիալիստորեն, ելնելով մատերիայի («նյութի») առաջնությունից և հավերժությունից՝ գտել է, որ «...իրերու սկիզբ ու վերջ մը դավանիլը տղայություն է», «...նյութը ոչ կավելնան ոչ կը պակսի, այլ կը փոխվի» (1961թ.): Ըստ նրա մատերիային հատուկ են ձևափոխումը, շարժումը և ջերմությունը: Մատերիայի այդ ատրիբուտները՝ «ուժերը», անսպառելի են, փոխկապված. «տաքություն ըսվածը շարժման կը վերածվի» և հակառակը: նրա մատերիալիզմին բնորոշ է հակակրոնական ուղղվածությունը: Հեղինակի համոզմամբ իդեալիզմը նույնպես կրոն է՝ «կրոնի սխալներն են՝ որ կնորոգվին ավելի նուրբ ձևերով»: Նա անհիմն է համարել այն կարծիքը, թե իբր մատերիան աստված է ստեղծել, աստված ինքը «պարապ երևակայության» արդյունք է, «քիմերա»: Ելնելով աշխարհի նյութականությունից և միասնությունից՝ հաստատել է նաև օրգանական և անօրգանական աշխարհների կապը և որակական տարբերությունը, պնդել անօրգանական նյութից օրգանականի առաջացման գաղափարը: «Մեթոդ» հասկացությունը գործածել է աշխարհայացքի և իրականության ուսումնասիրման, բացատրման և վերափոխման եղանակի իմաստներով: Աշխարհայացքային նշանակությամբ նա առանձնացրել է «բնազդային», «հավատական», «տրամաբանական» և «գիտական» մեթոդները, որոնցից յուրաքանչյուրը տիրապետող է եղել մարդկային հասարակության զարգացման համապատասխանաբար՝ նախապատմական, հավատական, տրամաբանական և գիտական փուլերում: Այս ստորաբաժանումը հիշեցնում է Օ.Կոնաի ուսմունքը, որին, իհարկե, հետևել է նա, սակայն ոչ սուբյեկտիվիստական և ագնոստիկական նշանակությամբ: Իսկ անկրոն (նախապատմական) ժամանակաշրջանի գոյության մասին պնդումով, որը բացակայում է Կոնտի ուսմունքում, նա պատմական մոտեցում է ցուցաբերել դեպի կրոնը, ապացուցել, որ այն բնության ուժերի հանդեպ մարդու անզորության ու անգիտության արդյունք է: Ժխտելով այն միտքը, թե իբր կրոնը բարոյականության նեցուկն է, ցույց է տվել, որ այն աշխարհի անբարոյականության գլխավոր պատճառներից է, որ կրոնը, գիտության թշնամի լինելով, «հակագիտական և անբարոյական սովորությանց աղբյուր մը կըլլա»: Հիմնավորապես քննադատելով մտահայեցողական մեթոդը՝ միակ ճշմարիտը համարել է գիտական մեթոդը, որի «...հատկանիշներն են «արտաքին աշխարհի» հեղինակությունը, փորձը, աշխատության ու էնդյուստրիի հաղթությունը և ընկերային ընդհանուր բարօրությունը»: Այս շրջանում է, որ մարդը գիտական մեթոդով սկսում է «տեսնել, վարվել, վերլուծել» իրական աշխարհի եղելությունները: Չորս մեթոդների պատմական հաջորդականությամբ, նաև նշում է մարդկային ճանաչողության տրամաբանական ուղին՝ «մարդս նախ կզգա, ետքը կը հավտա, ետքը կը տրամաբանե ու կը գիտնա»: Նրա իմացաբանությունը ներծծված է ագնոստիցիզմի քննադատությամբ: Նա գտնում է, որ աշխարհը ճանաչելի է, որ գիտակցությունը կարող է ճիշտ արտացոլել օբյեկտիվ իրականությունը: Ճանաչողության նպատակը ճշմարտությունն է, որը պետք է փնտրել արտաքին աշխարհում, իսկ ճշմարտության չափանիշը փորձն է, որը, սակայն, նա նույնացրել է զգայական պրակտիկային: Մատերիալիստական սենսուալիզմի և իմացաբանական էմպիրիզմի դիրքերից հակադրվելով մտահայեցողական ռացիոնալիզմին՝ չի նսեմացրել տեսական մտածողության դերր և պնդել է, որ ճանաչողությունը զգայականի շարունակությունն է տրամաբանական աբստրակցիաների կազմավորման ու հետագա կիրառման ուղիով: Այս մոտեցմանը համապատասխանում է նրա ինդուկտիվիստական դիրքորոշումը տրամաբանության մեջ, որով նա հակադրվել է ոչ թե առհասարակ դեդուկտիվ սկզբունքին, այլ սխոլաստիկայի ու ռացիոնալիզմի աղճատած և առարկայազրկած արիստոտելյան սիլլոգիստիկային: Այս իմաստով գիտական իմացության տրամաբանության չափավոր ինդուկտիվիստական կոնցեպցիայի հիմնադիրն է հայ փիլիսոփայության մեջ: Նրա սոցիալական հայացքներին բնորոշ են բուրժուական սոցիոլոգիայի սահմանափակությունները: Հասարակական առաջադիմության ամբողջ իմաստը նա հանգեցրել է գիտության և լուսավորության տարածմանը: Գիտական մեթոդը յուրացնելուց հետո միայն վերջ կտրվի հասարակական ներհակություններին, կիրագործվի մարդկային ազատությունների իդեայը: Այս դիրքերից քննադատել է պայքարի հեղափոխական մեթոդն ու դրա գաղափարախոսներին: Նրա ուսմունքում կան նաև հասարակական կյանքի գիտական բացատրության ուշագրավ փորձեր, մասնավորապես հասարակության զարգացման և մարդկանց հոգևոր-բարոյական ըմբռնումների նյութական, տնտեսական պայմանավորվածության գաղափարը: Ապագա հասարակության մասին նրա պատկերացումը ուտոպիական է, հիմնված այն իդեալի վրա, որ այդ հասարակությունում «...ամեն մեկու երջանկությունը՝ բոլորի երջանկության մեջ հաստատելով, եսությունը, ազգությունը և պատերազմները» ի վերջո տնտեսապես և գիտականորեն կդադարեցվեն: Մահացել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար