ԿԱՐԱՊԵՏ ԿՈՍՏԱՆՅԱՆ

Արևելագետ, հայագետ

14 հունվար, 1849 - 1 հունվար, 1920

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Սովորել է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որից հետո Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Դ-ի միջամտությամբ, 1870թ-ից ուսումը շարունակել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետում՝ Քերովբե Պատկանյանի մոտ: 1878-83թթ և 1885-91թթ եղել է ուսուցիչ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1891-94թթ՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի, 1894-99թթ և 1902-05թթ՝ Գևորգյան ճեմարանի տեսուչ: 1911-20թթ դասախոս և տեսուչ է աշխատել Մոսկվայի արևելյան լեզուների ինստիտուտում (հետագայում՝ Լազարյան ճեմարան), եղել է պրոֆեսոր: Թողել է հայագիտական հարուստ ժառանգություն (մասամբ՝ անտիպ): Կազմել է գրաբարի դասագրքեր, հրատարակել հայ միջնադարյան տաղերգություններ («Գրիգորիս Աղթամարցին և յուր տաղերը», 1898թ., «Մկրտիչ Նաղաշ և յուր տաղերը», 1898թ. և այլն), Ստեփանոս Օրբելյանի «Ողբ»-ը (1885թ.), Հակոբ Կարնեցու «Տեղագիր Վերին Հայոց»-ը (1903թ.), Գրիգոր Մագիստրոսի «Թղթեր»-ը (1910թ.), գրել ուսումնասիրություններ միջնադարյան հայ մշակույթի գործիչների մասին («Համամ Արևելցի», 1896թ., «Պետրոս Ա Գետադարձ», 1897թ. և այլն), կազմել «Վիմական տարեգիր» (1913թ.) ժողովածուն: Զբաղվել է նաև հայոց վանքերով և արվեստի հուշարձաններով, հայ ազգագրության և եվրոպական հայագիտության պատմության հարցերով: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար