ՄԵՍՐՈՊ ԹԱՂԻԱԴՅԱՆ

Գրող, հրապարակախոս

2 հունվար, 1803 - 10 հունիս, 1858

Ծնվել է Ձորագյուղում (այժմ՝ Երևանում): Սովորել է Էջմիածնի Ժառանգավորաց դպրոցում, ապա՝ Պողոս Ղարադաղցու մոտ: 1816-21թթ վանքի նվիրակների հետ շրջել է Հայաստանի գավառներում, հավաքել ժողովրդական երգեր, զրույցներ, գրի առել ազգագրական նյութեր: 1824թ. մեկնել է Հնդկաստան: 1826-30թթ սովորել է Կալկաթայի անգլիական եպիսկոպոսական ճեմարանում, ստացել արվեստների մագիստրոսի աստիճան: Ճեմարանի տպարանում լույս է ընծայել Էջմիածնի միաբան Պ.Բերդումյանի (Նախիջևանցու) «Աստուածանմանութիւն» (1827թ.) աշխատությունը՝ իր ծանոթագրություններով, 1829թ.՝ Հ.Գրովտիոսի «Ճշմարտութիւն քրիստոսական հաւատոյ» գրքի (լատիներենից), 1830թ.՝ Ռ.Հիբրի «Պաղեստին» պոեմի (անգլերենից) թարգմանությունները, իր «Դիցաբանութիւն» գրքույկը: 1831թ-ից աստանդական կյանք է վարել, ուսուցչություն արել Կալկաթայի «Մարդասիրական», Նոր Ջուղայի «Ամենափրկչյան» ճեմարաններում, Էջմիածնի վանական, Թավրիզի, Կ.Պոլսի հայկական դպրոցներում: 1846թ. Կալկաթայում հիմնել է «Սուրբ Սանդուխտ» երկսեռ դպրոցը, հակադրվելով ուսուցման գոյություն ունեցող սխոլաստիկ սիստեմին, կիրառել եվրոպական մանկավարժության առաջավոր մեթոդները: Նրա ազատամիտ գաղափարները դուր չեն եկել կղերականներին, որոնք և հալածել են նրան: 1839թ. ձերբակալվել է և անգլիական նավով դուրս բերվել Կ.Պոլսից: Տրապիզոնում նրան հաջողվել է փախուստի դիմել: 1839թ. դեկտեմբերին վերստին Կալկաթայում էր, անգլիական եպիսկոպոսական ճեմարանում՝ որպես տպարանի հայկական բաժնի վարիչ: Այս տարիներին հրատարակել է «Մեսրովբեան այբբենարան» (1840թ.), «Մեսրովբեան շարադրիչ» (1840թ.) գիտամանկավարժական ձեռնարկները, «Պատմութիւն հին Հնդկաստանի» (1841թ.) ուսումնասիրության առաջին մասը, «Պատմութիւն Պարսից» (1846թ.), «Ճառ դաստիարակութեան օրիորդաց» (1847թ.) աշխատությունները: Եղել է հայ գրականության մեջ ռոմանտիզմի սկզբնավորողներից մեկը: 1830-ական թվականների բանաստեղծություններում, որոնք լույս են տեսել «Թութակ Թաղիդեանց» (1847թ.) ժողովածուում, արտահայտված է բանաստեղծի հումանիզմը, որը բխում է կյանքի վերափոխման նկատմամբ նրա հավատից: «Սօս և Սօնդիպի» (1847թ.) պոեմում առաջ է քաշել դասային կապանքները ոչնչացնելու, մարդկային իրավունքների հավասարություն հաստատելու և անձնական երջանկությանը հասարակական իմաստ տալու պահանջներ: Ֆեոդալիզմին բնորոշ երկպառակության և անմիաբանության նկատմամբ հայ պատմագիտության քննական հայացքն է իր արտահայտությունը գտել «Վէպ վարդգիսի» (1846թ.) գործում, որը գերմանացի գրող Ցշոկկե Հենրիխի «Մեծ ավազակ Աբելինո» վեպի յուրովի փոխադրությունն է: «Վէպ Վարսենկան» (1847թ.) ստեղծագործությունն ավելի ինքնատիպ է: Հեղինակն այստեղ գծում է մարդու կատարելագործման գլխավոր ուղին՝ այն տեսնելով աշխատանքի, առաքինության և հավասարության մեջ: 1845թ-ից եղել է «Ազգասէր» (1848թ-ից՝ «Ազգասէր Արարատեան») հանդեսի խմբագիրը, որտեղ տպագրել է ներքին ու արտաքին լուրեր, տեղեկություններ Հայաստանի մասին, քաղաքական, գրական-գեղարվեստական, գիտական, մանկավարժական և այլ բնույթի նյութեր, որոնց մեծ մասի հեղինակն ինքն է: Նրա հրապարակախոսական ելույթների բովանդակությունը հիմնականում առնչվում է հայրենի երկրի զարգացման, հայության համախմբման, տնտեսական, քաղաքական, լուսավորական ձեռնարկումների, միասնության հասնելու նպատակի հետ: Հասարակական-քաղաքական հարցեր արծարծելիս առաջնորդվել է փիլիսոփայության տեսական որոշակի սկզբունքներով: Նա ժխտել է բարոյական հատկանիշների բնածին լինելու մասին իդեալիստական ուսմունքը, գտնելով, որ դրանք առաջանում են աստիճանաբար, և այդ գործում վճռական դեր ունեն ուսումն ու դաստիարակությունը: Հասարակության առաջընթացը պայմանավորել է գիտության ու լուսավորության առաջնթացով: Քննադատել է մեծ տերությունների գաղութատիրական քաղաքականությունը, դատապարտել զավթողական պատերազմները, համակրանքով արտահայտվել փոքր ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների մասին: Հայ գաղթաշխարհին կոչ է արել կապվել հայրենիքի հետ, օգնել երկրի տնտեսական կյանքի վերափոխմանը: Նա առաջինն է, որ հայրենաբաղձության մեջ դրել է հայրենադարձության գաղափարը, դրանում տեսնելով Հայաստանի զարգացման հեռապատկերը («Ճանապարհորդութիւն ի Հայս», 1847թ.): Գտել է, որ հայ գաղութները չեն կարող հայերի վերջնական հանգրվանը լինել: Նա անձնական երջանկությունը տեսել է ժողովրդի բարօրության մեջ. «Ուրեմն ով կամի երջանիկ կալ, նախ պիտի իւր հայրենեաց երջանկութեան միտ դնի» («Ազգասեր», 1845թ.): 1852թ. Կալկաթայի մոտ գտնվող Չիչրա քաղաքն է տեղափոխել իր տպարանը, «Ազգասէր Արարատեան»-ի խմբագրությունը և «Սուրբ Սանդուխտ» երկսեռ դպրոցը, որոնք շուտով դադարել են գործելուց: 1858թ., հայրենիք մեկնելու ճանապարհին, հիվանդության պատճառով կանգ է առել Իրանի Շիրազ քաղաքում, որտեղ և վախճանվել է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար