ԳՐԻԳՈՐ ԽԱԼԱԹՅԱՆՑ

Հայագետ, պատմաբան, բանասեր

15 սեպտեմբեր, 1858 - 8 փետրվար, 1912

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): 1868-77թթ սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, 1877-80թթ՝ Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում, ապա՝ տեղափոխվել պատմալեզվաբանական ֆակուլտետ և ավարտել 1884թ.: Այնուհետև կատարելագործվել է Գերմանիայում: 1886թ-ից մինչև կյանքի վերջն աշխատել է Լազարյան ճեմարանում՝ դասավանդելով հայագիտական տարբեր առարկաներ: 1890թ-ից գլխավորել է նաև հայագիտության ամբիոնը, իսկ 1897-1903թթ եղել ճեմարանի տեսուչը: Գործուն կերպով մասնակցել է Մոսկվայի, Պետերբուրգի, Թիֆլիսի, Կ.Պոլսի, Էրզրումի, Էջմիածնի հայ մշակութային կյանքին, նպաստել Ռուսաստանում հայագիտության զարգացմանը: Աշխատակցել է հայ և օտար պարբերական մամուլին: Գրել է (աշխարհաբար, գրաբար, ռուսերեն և գերմաներեն) ավելի քան 30 գիտական աշխատություն ու հոդված՝ հայ ժողովրդի պատմության, մատենագրության, բանասիրության և ազգագրության տարբեր հարցերի ու խնդիրների վերաբերյալ: Նրա անդրանիկ գործն է «Սասունցի Դավիթ» հայ ժողովրդական էպոսի ռուսերեն թարգմանությունը (1881թ.), որը հրատարակվել է նաև գերմաներեն (1886թ.): Նրան առանձնապես հետաքրքրել է Մովսես Խորենացին: Զբաղվելով նրա, Եղիշեի և Ղազար Փարպեցու երկերի աղբյուրների ու դրանց փոխադարձ առնչությունների քննությամբ՝ ուշադրություն է դարձրել այդ երկերում առկա միևնույն նյութերի բովանդակությունից բխող որոշ նմանություններին, դրանք համարել նույնություններ, անգամ՝ արտագրություններ և փորձել տալ դրանց լուսաբանումը: Սկզբում ընդունելով, որ երեքն էլ 5-րդ դարի պատմիչներ են և որ Ղազար Փարպեցին մի փոքր ավելի ուշ է գրել առաջիններից, անհիմն կերպով մեղադրել է նրան, պնդելով, թե նա իր «Հայոց պատմություն»-ը գրելիս իբր առատորեն օգտվել, որոշ դեպքերում՝ նույնիսկ արտագրել է Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» և Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկերից, սակայն դիտավորյալ լռել ու չի նշել թե՝ դրանք, թե՝ դրանց հեղինակներին («Ղազար Փարպեցի եւ գործք նորին», 1883թ., նրա առաջին գրաբար աշխատությունը): Բայց հետո հրաժարվել է այդ տեսակետից և դիտումնավորության մեջ մեղադրել նախ՝ Եղիշեին, ընդունելով, թե նա 7-րդ դարի պատմիչ է, հետևաբար օգտվող-արտագրողը նա է («Նամակ առ խմբագրություն Եղիշեի աղբյուրների առթիվ», «ՀԱ», 1895թ.), իսկ այնուհետև՝ Մովսես Խորենացուն: Ընկնելով ծայրահեղության մեջ՝ նրան համարել է ոչ վաղ, քան 8-րդ դարի հեղինակ, նրա երկը՝ դիտումնավոր, կողմնակալ գրվածք և անվստահելի աղբյուր: Ավելին, ըստ նրա, Մովսես Խորենացին ինքն է հորինել, կազմել «Հայոց վեպ», որի նյութը վերցրել է գլխավորապես Սբ. Գրքից: Հայագետի կարծիքով այդ վեպն արհեստական է և կապ չունի իրական պատմության հետ («Հայոց վեպը Մովսես Խորենացու Պատմության մեջ», 1896թ., ռուսերեն): Այս աշխատության համար ստացել է մագիստրոսի կոչում: Մովսես Խորենացու և նրա «Հայոց պատմության» աղբյուրների քննությանն են նվիրված նրա նաև այլ աշխատություններ. «Մովսես Խորենացի և յուր աղբյուրները» (1898թ.), «Մովսես Խորենացու նորագույն աղբյուրների մասին» (1898թ.) և այլն: Հայ Արշակունիների և նրանց մասին Մովսես Խորենացու տեղեկությունների առնչությունների խնդրին է նվիրված «Հայ Արշակունիները Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ» (1903թ., ռուսերեն) ստվարածավալ աշխատությունը՝ պատմաբանի գլուխգործոցը, որի համար Պետերբուրգի կայսերական ակադեմիան նրան շնորհել է դոկտորի կոչում (1900թ-ից՝ պրոֆեսոր): 1903թ. մասնակցել է նաև արևելագետների միջազգային համաժողովին (Համբուրգ), որտեղ գերմաներեն լեզվով երկու դասախոսություն է կարդացել հնագույն հայոց պատմության վերաբերյալ: Հայ ժողովրդի պատմությանն է նվիրված նաև «Ակնարկ Հայաստանի պատմության...» (1910թ., ռուսերեն) մեծարժեք երկը, որում շարադրել է երկրի քաղաքական ու տնտեսական պատմությունը հնագույն շրջանից մինչև քրիստոնեության պաշտոնական մուտքը Հայաստան: Նրա բանասիրական գործերից ուշագրավ է «Հայ ժողովրդական հեքիաթների ընդհանուր ուրվագիծ» (1885թ.՝ ռուսերեն, 1886թ.՝ գերմաներեն) աշխատությունը, որում աշխատել է ցույց տալ հայոց, սլավոնների և գերմանացիների ժողովրդական հեքիաթների միջև եղած կապը: Գիտության համար չափազանց արժեքավոր էին «Ա եւ Բ Մնացորդաց գրքերի նորագիւտ հայ թարգմանութհւնը» (1896թ.) և «Գիրք Մնացորդաց ըստ հնագոյն հայ թարգմանութեան» (1899թ.) երկերի հրատարակությունները, որոնք անմիջապես իրենց վրա բևեռեցին նշանավոր արևելագետների ու հայագետների ուշադրությունը և որոնք կարևոր ներդրում են Սբ. Գրոց հայ թարգմանության պատմության լուսաբանման, ընդհանրապես, Աստվածաշնչի պատմության ուսումնասիրման համար: «Ծրագիր հայ ազգագրության և ազգային իրավաբանական սովորությունների» (1887թ.) գործով մատնանշել է այն ուղին, որով պետք է ընթանա ազգագիր-բանահավաքը: Նրա նախաձեռնությամբ է հիմնվել «Էմինյան ազգագրական ժողովածուին (անձամբ խմբագրել է 1-8 գրքերը): Թեպետ որոշ երկերում թույլ է տվել սխալ դրույթներ ու տեսակետներ, որոնք հետագայում մերժել է հայագիտությունը, սակայն այսօր էլ նրա բազմաթիվ երկեր պահպանել են իրենց գիտական արժեքը: Մահացել է Թիֆլիսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար