ԱՎԵՏԻՍ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ

Գրող, պետական գործիչ

12 հուլիս, 1866 - 23 սեպտեմբեր, 1939

Ծնվել է Թիֆլիսում: Հայտնի է եղել նաև Լեռենց, Նազարբեկ գրական անուններով: Ավարտել է Թիֆլիսի գիմնազիան, սովորել Պետերբուրգի համալսարանում: 1883թ. ավարտել է Սորբոնի համալսարանը։ 1886-87թթ աշխատակցել է Մ.Փորթուգալյանի «Արմենիա» (Մարսել) հանդեսին։ Ժնևում կազմակերպել է սոցիալական գրականություն ուսումնասիրող ուսանողների խմբակ, կապեր հաստատել Գ.Պլեխանովի հետ, մասնակցել «Աշխատանքի ազատագրություն» խմբի հավաքներին։ 1887թ. Մոնպելիեում (Ֆրանսիա) մի խումբ կովկասահայ ուսանողների հետ հիմնադրել է «Հնչակ» թերթը։ 1890թ. ընտրվել է ՍԴՀԿ կենտկոմի նախագահ, իսկ կուսակցության պառակտումից (1896թ.) հետո գլխավորել հնչակյանների ձախ՝ սոցիալական թևը։ Հիմնել է «Սոցիալիստական գրադարան» մատենաշարը, հայերեն թարգմանել և հրատարակել մարքսիզմի դասականների երկերից, անձնապես ծանոթ է եղել Ֆ.էնգելսի, Ժ.Ժորեսի, Պ.Լաֆարգի, Կ.Կաոլցկու, Վ.Լենինի հետ։ Աշխատակցել է հայ պարբերական մամուլին, խմբագրել «Գաղափար» (Աթենք), «Ապտակ» (Աթենք, Լոնդոն), «Վերածնություն» (Ռուսչուկ) պարբերականները։ Գրական գործերում («Փախստականը» (1891թ.), «Ավազակը» (1892թ.), «Մարտում» (1893թ.), «Փոթորիկի միջով։ Պատկերներ Հայոց աշխարհի կյանքից» (անգլերեն, 1899թ.), «Դարբնեվոր» (1904թ.) և այլն) ազատագրական պայքարի կոչ է արել, հայ ժողովրդի ապագան կապել բանվորի «հզոր բազուկների» հետ։ Նրա «Մարտում» ժողովածուն նվիրված է Արևմտյան Հայաստանում ազգային-ազատագրական շարժումներին: Լույս է ընծայել նաև «Ազատ ժամեր» (1883թ.), «Բանաստեղծություններ» (1890թ.), «Նվագ և մեղեդի» (1895թ.) ժողովածուները, որոնցում քննադատել է կյանքի անարդարությունները: 1923թ. Փարիզից մեկնել է ԱՄՆ, ընդունվել կոմկուսի շարքերը, կազմել հայկական մասնաճյուղ։ Մասնակցել է ՀՕԿ-ի աշխատանքներին։ 1934թ. տեղափոխվել է Խորհրդային Միություն և եղել ՀամԿ(բ)կ անդամ։ Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար