ԶԱՔԱՐԻԱ ՔԱՆԱՔԵՌՑԻ

Պատմաբան

2 օգոստոս, 1627 - 7 հուլիս, 1699

Ծնվել է Հայաստանի Քանաքեռ գյուղում: Հայտնի է եղել նաև որպես Զաքարիա Սարկավագ: 13 տարեկանում անդամագրվել է Հովհաննավանքի միաբանությանը, որտեղ և ստացել է ուսում, ձեռնադրվել սարկավագ և մինչև կյանքի վերջը եղել ուսուցիչ։ Սովորել է Հովհաննավանքի վանական դպրոցում, աշակերտել առաջնորդներ Զաքարիա վարդապետ Վաղարշապատցուն և Հովհաննես վարդապետ Կարբեցուն։ Իր ուսուցիչն է համարել նաև Առաքել Դավրիժեցուն, որին օգնել է սրբագրելու «Գիրք պատմութեանց» աշխատությունը։ Սովորելուն զուգընթաց ուսուցչություն է արել, վանքին կից մանուկների համար բացված դպրատանը։ Եղել է դպիր, սարկավագ, ապա՝ սարկավագապետ։ Եղել է կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցու գործակիցը, ուղեկցել է նրան ուղևորությունների ժամանակ, կաթողիկոսի հատուկ հանձնարարականներով այցելել Ղազվին (1675թ.), Զմյուռնիա (1682թ.), Կ.Պոլիս (1684թ.) և այլուր։ Հովհաննավանքի առաջնորդ Սարգիս վարդապետ Կարբեցու հանձնարարությամբ 1687թ. գրել է «Կոնդակ սուրբ ուխտին Յովհաննուվանից» աշխատությունը, որտեղ ներկայացրել է վանքի պատմությունը՝ հիմնադրումից մինչև իր օրերը։ 1651թ. իր ընդօրինակությամբ կազմել է հայ պատմիչների երկերի ժողովածու, վերակազմել և նորոգել բազմաթիվ ձեռագրեր։ Ձեռագրագիտական և հնագիտական արժեքով լայն ճանաչում ունի 1687թ. նրա նորոգված «Մարտիրողոգ Ճառընտիր» կոչվող ձեռագիրը (պահվում է Երևանի Մատենադարանում)։ Նա նաև վերծանել է Հովհանավանքի բոլոր կարևոր վիմագիր արձանագրությունները։ Նրա «Պատմագրութիւն» աշխատությունը բաղկացած է երեք մասից, սկսվում է Արշակունիների թագավորության և Սասանյան դինաստիայի հաստատման ժամանակաշրջանից մինչև 1699թ. դեպքերը։ Երկի հիմնական մասը 17-րդ դարի պատմությունն է, որը շարադրել է իբրև ականատես։ «Պատմագրութիւն»-ը հարուստ նյութ է տալիս Հայաստանի և հարևան երկրների հասարակական տնտեսական կացության, գյուղացիների ծանր վիճակի, ազգագրության վերաբերյալ։ Արժեքավոր են Մեխլուի գլխավորած հասարակական շարժման գաղափարախոսության, ընթացքի, նրանում ընդգրկված հասարակական շերտերի ու էթնիկական խմբավորումների մասին տեղեկությունները։ Գիրքը թարգմանվել է ֆրանսերեն (1876թ.) և ռուսերեն (1969թ.)։ Թեև իր գնահատականների մեջ դրսևորել է դասակարգային սահմանափակություն, «Պատմագրութիւն»-ը կարևոր սկզբնաղբյուր է Հայաստանի և հարևան երկրների 17-րդ դարի պատմության համար։ Մահացել է Հովհաննավանքում (այժմ՝ ՀՀ Օհանավան գյուղ):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար