ԵՂԻՇԵ ԴՈՒՐՅԱՆ

Բանասեր, բանաստեղծ, եկեղեցական գործիչ

23 փետրվար, 1860 - 27 ապրիլ, 1930

Միհրան Դուրյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Եղել է գրող Պետրոս Դուրյանի եղբայրը։ Սովորել է Սկյուտարի ճեմարանում։ Ավարտելուց հետո 1876թ. պաշտոնավարել է նյուն դպրոցում որպես ուսուցիչ։ 1878թ. ընդունել է հոգևորական կոչում, ստացել Եղիշե անունը, բայց նախընտրել է զբաղվել կրթական աշխատանքով։ Հաջորդ տարվանից ուսուցչական պաշտոնով մեկնել է Պարտիզակ, ապա՝ Արմաշ, Իզմիր։ Այնուհետև վարել է տարբեր պաշտոններ։ 1898թ. ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1904-08թթ եղել է Զմյուռնիայի առաջնորդ, 1909-10թթ՝ Կ.Պոլսի պատրիարքը, 1911-21թթ՝ ուսուցիչ Կ.Պոլսի հայկական դպրոցներում։ 1921թ. ընտրվել է Երուսաղեմի պատրիարք և պաշտոնավարել մինչև կյանքի վերջը, որտեղ էլ ծավալել է գրական, մանկավարժական, հրատարակչական, կրթական գործունեություն։ Նրա պաշտոնավարության տարիներին կարգի է բերվել Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանը, 1927թ-ից վերահրատարակել է այդ միաբանության «Սիոն» պարբերականը։ 1880թ. Կ.Պոլսում լույս է տեսել նրա առաջին ուսումնասիրությունը՝ «Ընթացք ի գրոց բարբառ» խորագրով (մաս 2, 1883թ.), 1882թ.՝ «Ընտիր ասացվածք օտարազգի ականավոր անձանց, կենսագրական համառոտ տեղեկությամբք» դիմանկարային ժողովածուն։ 1885թ. հրատարակված «Պատմություն հայ մատենագրության ի վաղ ժամանակաց մինչև մեր օրերն» ուսումնասիրությունն ընդգրկում է հայ գրականության պատմությունը գողթան երգերից մինչն 19-րդ դարի կեսերը։ Երկար ժամանակ այն Կ.Պոլսի և Երուսաղեմի հայկական դպրոցների դասագիրք է եղել: 1886թ. հրատարակել է «Բառագիտություն կամ ութ մասունք բանի հայերեն քերականության» աշխատությունը, որը քանիցս վերահրատարակվել Է։ Գրել է նաև բանաստեղծություններ։ Լույս են տեսել նրա «Հովվական սրինգ» (1909թ.) և «Սրբազան քնար» (1936թ., ետմահու) ժողովածուները։ Նրա կյանքի և գործունեության մասին ընդարձակ հետազոտություն է գրել Թորգոմ Գուշակյանը, տպագրել է նախ՝ «Արև» օրաթերթում, իսկ 1940թ.՝ առանձին գրքով Երուսաղեմում։ Մահացել է Երուսաղեմում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար