Գաբրիել Ավետիքյան

Լեզվաբան, բառարանագիր, բանասեր, աստվածաբան

Երվանդ Օտյան

Արձակագիր, երգիծաբան, լրագրող

Բագրատ Բորյան

Պատմաբան

Ռոմանոս Մելիքյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ալեքսանդր Սարուխան

Ծաղրանկարիչ

Կարեն Խաչատրյան

Կոմպոզիտոր

Օգոստինոս Սեքուլյան

Բնագրագետ, լրագրող

Հայկ Յաղճյան

Դիրիժոր

Լուսինե Մուրադյան

Հաղորդավար, լրագրող

Անի Ամիրյան

Հաղորդավար

 

 

 

 

ԱՐՍԵՆ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

Բանաստեղծ, բանասեր, լեզվաբան, փիլիսոփա, թարգմանիչ

21 օգոստոս, 1790 - 24 դեկտեմբեր, 1866

Արսեն Անթիմոսյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է հայկական կլասիցիզմի խոշորագույն ներկայացուցիչ, 1801թ-ից՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ Տիրապետել է հունարենին, լատիներենին, ֆրանսերենին, իտալերենին։ Գրական ասպարեզ է իջել 1812թ., կրոնական բանաստեղծություններով ու օրատորիաներով՝ նվիրված Քրիստոսի ծննդյանն ու հայտնությանը։ «Տաղք տեառն հ. Արսենի Կոմիաասայ Բագրատունւոյ, որ և պաճուճեալ անուամբ Առան Սիսակեան» բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսել 1852թ.։ Հատորը բաժանված է մի քանի մասերի՝ «Տերունականք», «Կրոնականք», «Բարոյականք», «Կենցաղականք», «Սթափականք», բոլորն էլ հագեցած կրոնա-բարոյախոսական մտածողությամբ։ Ստեղծագործությունների պսակը «Հայկ Դիւցազն» (1858թ.) էպիկական-հերոսական պոեմն է, որի հիմքը Հայկի և Բելի առասպելն է։ Հայկին ներկայացրել է իբրև պատմական դեմք, որը պայքարում է օտարերկրյա բռնության դեմ՝ հանուն ազատության։ «Հայկ Դիւցազն» պոեմը նրան ապահովեց ուրույն տեղ մեր գրականության պատմության մեջ իբրև հայկական կլասիցիզմի նշանավոր ներկայացուցչի, բայց այն իր բնույթով ու ոճով ուշացած երևույթ էր և մնաց հասարակությանն անմատչելի։ Գրել է նաև կրոնա-պատմական բովանդակություն ունեցող թատերգություններ։ Դրանցից են «Ի ծնունդ Տեառն», «Ի յայտնութիւն Տեառն», «Երուանդ» ( հրտ.՝ «Բազմավեպ», 1869թ.), «Արտաշէս», որոնք ժամանակին բեմադրվել են Մխիթարյան վարժարանի սաների ուժերով։ Բեղմնավոր գործունեություն է ծավալել որպես գիտնական։ Նրա գիտական աշխատանքի երախայրիքը «Քերականութիւն գաղղիական» (1821թ.) աշխատությունն է, ուր ներկայացված են ֆրանսերենի հնչյունական կազմն ու քերականական կառուցվածքը, ձևաբանությունն ու շարահյուսությունը, ինչպես նաև՝ բանաստեղծական խոսքի ու տաղաչափության յուրահատկությունները։ Նա երկար տարիներ հետազոտել է 5-13-րդ դարերի գրաբար մատենագրության ինքնուրույն ու թարգմանական երկերի լեզուն և ստեղծել իր գւուխգործոցը՝ «Հայերէն քերականութիւն ի պէտս զարգացելոց» (1852թ.) աշխատությունը։ Առավել հստակեցրել է անունների հոլովման համակարգը, ընդգծել հոլովիչների դերը, կատարել տիպավորում, աշխատել խմբավորել անկանոն հոլովման ենթարկվող բառերը և այլն։ Քննել է խոսքի մասերի կապակցություններն ըստ շարահյուսական կիրառությունների, ընդհանուր օրենքների հետ վերհանել շեղումներն ու բացառությունները, պատշաճ տեղ հատկացրել խոսքի մասերի ոճական կիրառություններին, գրաբարի հնչյունաբանությանը, ուղղագրությանը, բառակազմությանը։ Անդրադարձել է նաև լեզվի ընդհանուր տեսական հարցերին («Սկզբունք ուղիղ խորհելոյ և բարւոք կելոյ», 1857թ.)՝ հայտնելով հետաքրքրական տեսակետներ նրա բնույթի, դերի, ծագման, զարգացման մասին։ Ուսուցողական նկատառումներով աշխարհաբարով կազմել է «Տարերք հայերեն քերականութեան» դասագիրքը, որ 1846-75թթ ունեցել է 8 հրատարակություն և կարևոր դեր խաղացել գրաբարի ուսուցման գործում։ Աշխատել է նաև հայ հին մատենագրության նշանավոր երկերի բնագրերի ճշտման ու հրատարակման ուղղությամբ։ Նրա ղեկավարությամբ ու խմբագրությամբ հրատարակվել են Ագաթանգեղոսի, Եզնիկ Կողբացու, Եղիշեի, Մովսես Խորենացու երկերը, Աստվածաշունչը, Բարսեղ Կեսարացու, Հովհան Ոսկեբերանի աշխատությունները և այլն։ Թարգմանել է Հոմերոսի «Իլիական»-ը (1864թ.), Վիրգիլիոսի «Մշակականք»-ը (1847թ.), Միլտոնի «Կորուստ դրախտին» (1861թ.), ինչպես նաև Սոֆոկլեսի, Ռասինի, Վոլտերի, Ալֆիերիի, էսքիլեսի, Դեմոսթենեսի, Կիկերոնի ստեղծագործություններից, որոնք ամփոփված են «Ճաշակք հին և նոր ողբերգութեանց» (1869թ.) և «Ճաշակ հելլեն և լատին ճարտարախօսութեան» (1863թ.) ժողովածուներում։ Որոշակի դեր ունի 19-րդ դարի հայ փիլիսոփայական և տրամաբանական մտքի պատմության մեջ։ Նրա ժամանակաշրջանի հայ փիլիսոփայական միտքը հուզող առավել կարևոր խնդիրներից մեկը բնական գիտությունների համար զարգացման հնարավորություններ ստեղծելու հարցն էր։ Նման խնդրի իրականացումը նա կապել է հետազոտության հուսալի մեթոդ մշակելու հետ։ Այս նկատառումով հատկապես ուսումնասիրել է տրամաբանությունը, որին ավանդաբար վերագրվել է հետազոտության մեթոդի ֆունկցիա։ Հարել է Ֆ.Բեկոնի ինդուկտիվիստական տրամաբանությանը։ էմպիրիզմի դիրքերից մերժել է դեդուկտիվ մեթոդը։ Ըստ նրա, դեդուկցիայի ելակետային ընդհանուր դատողություններն ունեն բացառապես էմպիրիկ ծագում և իրենց ընդհանրությամբ չեն հեռանում մասնավոր դեպքերից, այլ դրանց պարզ միագումարն են, հետևաբար, այդ դատողությունների հավաստիության հարցը պետք է վճռվի մասնավոր դեպքերին դիմելով, այսինքն՝ ինդուկտիվ ճանապարհով։ Այսպիսով, դեդուկտիվ մեթոդի քննադատությունը նրա մոտ միահյուսվում է ինդուկտիվիզմի հիմնավորման հետ։ Նոր մեթոդի մշակումը սերտորեն կապել է իմացության աղբյուրների վերլուծության հետ։ Իմացության ստույգ, հավաստի մեկնակետը անձն է, որի գոյության ապացույցը զգայելու ունակությունն է։ Զգայական ճանաչողությունն ըստ նրա ընդունակ է տալու ոչ միայն կոնկրետ, այլև ընդհանուր գիտելիքներ։ Դրանով փաստորեն անտեսվում է ճանաչողության երկու աստիճանների միջև եղած տարբերությունը։ Նրա այսպիսի դիրքորոշումը ծայրահեղ էմպիրիզմի արտահայտություն էր և փաստորեն արդյունք ժամանակի ինդուկտիվիզմի ազդեցության։ Առաջադրել է ճանաչողության օբյեկտի՝ արտաքին աշխարհի գոյության հավաստիության հարցը և աշխատել հիմնավորել «արտաքին գոյը» բնութագրող ատրիբուտներից երեքի՝ ժամանակի, տարածության և շարժման գաղափարների էմպիրիկ ծագումը։ Ընդ որում, այդ կատեգորիաները նա մեկնաբանել է սպեկուլյատիվ փիլիսոփայությանը հակառակ ոգով՝ ժխտելով դրանց զուտ աբստրակցիա լինելու իդեալիստական դրույթը։ Մահացել է Վենետիկի Սբ. Ղազար կղզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար