Սամվել Գանթարյան

Բառարանագիր, թարգմանիչ

Սեդրակ Մանդինյան

Դերասան, գրող

Ստեփան Լիսիցյան

Ազգագրագետ, պատմաբան, թարգմանիչ

Դավիթ Չիսլյան

Ճարտարապետ

Էլիզա Գյուլեսերյան

Դերասանուհի, մանկավարժ

Տիգրան Սիմոնյան

Գեղանկարիչ

Գրիգոր Ազիզյան

Գեղանկարիչ

Շաքե Վարթենիսյան

Օպերային երգչուհի

Սարգիս Հարությունյան

Բանասեր, ազգագրագետ

Ներսես Մկրտչյան

Լեզվաբան, արևելագետ

Ֆելիքս Բախչինյան

Գրականագետ, թարգմանիչ

Վազգեն Ասատրյան

Բաս-կիթառահար

Վահրամ Սահակյան

Դրամատուրգ, կինոռեժիսոր

Մարինա Սուլթանյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Միհրան Ծառուկյան

Երգիչ, դերասան

Արտակ Վարդանյան

Հաղորդավար, լրագրող

Նարե Գևորգյան

Երգչուհի

 

 

 

 

ՄԱՏԱԹԻԱ ԳԱՐԱԳԱՇՅԱՆ

Պատմաբան, փիլիսոփա, լեզվաբան

11 փետրվար, 1818 - 19 նոյեմբեր, 1903

Անտոն Գարագաշյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է հայ քննական պատմագրության հիմնադիրը, «Արևելյան թատրոնի» կազմակերպիչներից և ղեկավարներից։ Սովորել է Վիեննայի Մխիթարյանների մոտ, ապա՝ Վիեննայի համալսարանում։ 1836թ-ից եղել է Մխիթարյան միաբանության անդամ, 1840թ-ից՝ քահանա։ Լ.Բյուխների գաղափարական ազդեցությամբ սկսվել է նրա աշխարհայացքային շրջադարձը: 1856թ. պաշտոնապես հրաժարվել է կրոնին ծառայելուց, առաջինը հայ իրականության մեջ իրեն համարել մատերիալիստ ու աթեիստ, իսկ 1860-ական թվականներին հաղթահարել է կրոնա-իդեալիստական դավանանքը, անցել դեիստական անհետևողականությամբ մատերիալիստական աշխարհըմբռնման։ Նրա փիլիսոփայության մեջ արտացոլվել է այն շրջադարձը, որ 19-րդ դարի հայ մտավոր կյանքում կատարվում էր բուրժուական հարաբերությունների զարգացման և ճշգրիտ գիտությունների ձևավորման շնորհիվ։ Փիլիսոփայությունը, նրա պատկերացմամբ, պետք է նպաստի համազգային լուսավորության գործին, ուստի այն պետք է վերակառուցվի և իր միջոցներն ի սպաս դնի բնական գիտություններին՝ որպես դրանց մեթոդաբանություն։ Ձգտելով փիլիսոփայությանը հաղորդել գործնական իմաստ, նա հիմնականում քննարկել է իմացաբանության և հետազոտության տրամաբանական միջոցների խնդիրները: Որպես չափավոր ռացիոնալիզմի հետևորդ, մերժել է ծայրահեղ թեոլոգիական ռացիոնալիզմի հիմնական պահանջը՝ բանականության համընդհանուր ելակետային դրույթները անքննելի համարելու և ճանաչողության մեջ դրանք իբրև պատրաստի ճշմարտություններ մտցնելու վերաբերյալ։ Բայց և գիտակցելով էմպիրիզմի սահմանափակությունները գիտության ելակետային ճշմարտությունների համընդհանուր և անհրաժեշտ բնույթը հիմնավորելու խնդրում, նա այն միտքն է արտահայտել, որ դրանք բովանդակությամբ ունեն փորձնական ծագում, թեև ձևի տեսակետից արտափորձային են։ Նման տեսակետը լիովին համապատասխանում է ռացիոնալիստական իմացաբանությունը գիտության դիրքերից մեկնաբանելու պահանջին, որին և գիտակցաբար ձգտել է նա։ Դա արտահայտվել է նաև նրա տրամաբանական ըմբռնումներում։ Նա ընդգծել է ինդուկտիվ մեթոդի նշանակությունը կոնկրետ հետազոտությունների համար, բայց միաժամանակ ձգտել է նրա հիմքերը հանգեցնել դեդուկցիային՝ որպես առաջինի հիմնական սկզբունքների բացահայտման տարատեսակ։ Ինչպես փորձն է ենթարկված բանականությանը և միջոց է աքսիոմատիկ ճշմարտությունների բացահայտման համար, այնպես էլ ինդուկցիան է ենթարկված դեդուկցիային, որպես առաջինի հիմնական սկզբունքների բացահայտման տարատեսակ։ Դրանք «մտքի զատ-զատ գործողություններ չեն, այլ միևնույն գործողությունն է» («Սկզբունք տրամաբանության», 1864թ.)։ Որպես հայ բուրժուազիայի առաջավոր գաղափարախոս և լուսավորիչ, քննադատել է ֆեոդալիզմը, հասարակական առաջադիմության վճռական ուժ համարել լուսավորությունը, նոր գաղափարների յուրացումը։ Նրա պատմագիտական հայացքները դրսևորվել են «Նկարագիր ուսմանց» (1845թ.) և «Քննական պատմություն Հայոց» (մաս 1-4, 1880-95թթ) աշխատություններում։ Գտել է, որ պատմությունը մարդկային մտքի զարգացման ընթացքն ու ձեռք բերած արդյունքները ճիշտ ըմբռնելու միջոց է, երևույթների պատճառակցված, կապակցված, պատմական անցյալի քննադատական վերարտադրությունը։ Ձեռնամուխ լինելով Հայաստանի քննական պատմություն ստեղծելու գործին՝ եզրակացրել է, որ իր նախորդները, հենվելով զանազան առասպելների և կողմնակալ փաստերի վրա, հեռացել են պատմական օբյեկտիվությունից։ Գիտական պատմություն գրելու համար առաջարկել է օգտվել հնագիտության, ազգագրության, լեզվաբանության և երկրաբանության տվյալներից։ Քննադատել և մերժել է աշխարհի ստեղծման արարչագործության ու հրաշքի կրոնական պատկերացումները և հանգել աշխարհի նյութականության, բնական օրենքներով նրա զարգացման մասին տեսակետին։ Նա, հիմք ընդունելով արտաքին քաղաքական կարգի գործոնները, հայ ժողովրդի ամբողջ պատմությունը ենթարկել է պարբերացման՝ նախնական, որն սկսվում է հնագույն շրջանից և շարունակվում մինչև Տիգրան Մեծը, և պատմական (սկսվում է Տիգրան Մեծից)։ Նրա «Քննական պատմություն Հայոց»-ը ընդգրկում է հայ ժողովրդի ծագումից մինչև 5-րդ դարի ազատագրական շարժումների ավարտը (484թ.) ընկած ժամանակաշրջանը։ Հայ և օտար մատենագիտական բազմահարուստ փաստերը ենթարկել է աղբյուրագիտական ու քննական վերլուծության, ճշգրտել ու համեմատական քննության ենթարկել պատմական երևույթները։ Նա անհիմն կերպով թերագնահատել է Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»-ը։ Մերժելով հայ ժողովրդի ծագումը Աստվածաշնչի դոգմաներով մեկնաբանող իր նախորդների տեսակետները՝ համոզիչ փաստերով ցույց է տվել, որ հայերը հնդեվրոպական ժողովուրդների մի առանձին ճյուղն են։ Կյանքի վերջին շրջանում հարել է այն սխալ տեսակետին, ըստ որի, հայերենը թուրանական լեզու է։ Հանգամանորեն խոսելով Հայաստանի աշխարհագրական դիրքի, բնակլիմայական պայմանների մասին, նկարագրել է նաև առանձին նահանգները, գավառները, Հայաստանը շրջապատող բոլոր երկրների աշխարհագրական միջավայրը։ Հայաստանի պատմությունը շարադրելով համաշխարհային պատմության ընդհանուր ֆոնի վրա՝ դուրս չի եկել բուրժուական պատմագրության սահմաններից, սխալ և անընդունելի դիրքերից է մեկնաբանել հասարակական- տնտեսական կյանքին վերաբերող մի շարք հարցեր, անտեսել է ժողովրդական զանգվածների գործուն մասնակցությունը 5-րդ դարի ազատագրական պատերազմներին։ Նրա կարծիքով հայոց պատմության ընթացքը որոշող նախապայմաններն են ներքին և արտաքին կարգի գործոնները։ Վերջինին ավելի վճռական դեր է հատկացրել, գտնելով, որ հայ ժողովուրդն իր պատմական առաջընթացի համար միշտ էլ պարտական է եղել հռոմեական ազդեցությանը։ Դեռևս Հ.Գաթըրճյանի և Ղ.Հովնանյանի հետ թարգմանած Բոսուետի «Խօսք վասն տիեզերական պատմութեան» (1841թ.) աշխատության մեջ կիրառել է դասական հայերենի իր ելակետը, ըստ որի, գրաբարը բաժանել է դասական և հետ-դասական շրջանների։ «Նկարագիր ուսմանց» (1845թ.) աշխատության մեջ տվել է այդ սկզբունքի և դասական հայերենի նկարագիրը, անդրադարձել առաջին թարգմանությունների և պատմիչների լեզվին։ Գրել է հայերենի դասագրքեր («Դպրություն կամ նոր քերականություն հայերեն», 1862թ. և այլն)։ Մահացել է Կոստանդնուպոլսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար