ՀՈՎՍԵՓ ԳԱԹԸՐՃՅԱՆ

Պատմաբան, թարգմանիչ, լեզվաբան

19 փետրվար, 1820 - 9 հունվար, 1882

Ավետիք Գաթըրճյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Սկզբնական կրթությունն ստացել է Ղալաթիայի Մխիթարյան վարժարանում։ 1833թ. մեկնել է Վիեննա։ 1838թ-ից եղել է միաբանության անդամ, 1841թ-ից՝ ձեռնադրվել քահանա։ 1861թ. նշանակվել է Կ.Պոլսի Մխիթարյան դպրոցի վարիչ։ 1849թ. և 1852թ. Վիեննայում հրատարակել է «Տիեզերական պատմության» 1-ին և 2-րդ հատորները։ Մինչև նա մայրենի լեզվով համաշխարհային պատմության վերաբերյալ որևէ ձեռնարկ չի եղել հայ իրականության մեջ։ Ծրագրել էր աշխատությունը լույս ընծայել հինգ հատորով, սակայն հրատարակվել են միայն երկուսը (դեպքերի շարադրանքը հասցվել է մինչե 480)։ Աշխատության նախաբանում համաշխարհային պատմությունը բաժանել է երեք շրջանի՝ հին (աշխարհի ստեղծումից մինչև Արևմտյան Հռոմեական կայսրության անկումը, 476թ. կամ 480թ.), միջին (մինչև Ամերիկայի հայտնագործումը, 1492թ.) և նոր (Ամերիկայի հայտնագործումից հետո)։ Ընդհանուր պատմությանը զուգընթաց, ժամանակագրական կարգով, համառոտակի շարադրել է նաև Հայաստանի պատմությունը։ Հայաստանի նախաքրիստոնեական շրջանի պատմության, հայ ժողովրդի ծագման ու կազմավորման հարցերի մասին խոսելիս մեծ մասամբ կրկնել է Միքայել Չամչյանին։ Լինելով կղերա-ֆեոդալական պատմագրության ներկայացուցիչ, շատ հարցեր մեկնաբանել է կրոնական տեսակետից (օրինակ՝ 5-րդ դարի ազատագրական շարժումները Հայաստանում գնահատել է որպես կրոնական շարժումներ)։ Նրա աշխատության արժեքն այն է, որ հայոց պատմությունը շարադրել է համաշխարհային պատմության հետ կապված, որպես նրա բաղկացուցիչ մասերից մեկը։ 1864թ. լույս է ընծայել «Հիմնական տարբերութիւն կաթողիկե և Էջմիածնական դաւանութեանց», 1891թ.՝ «Հանգանակ հաւատոյ...» աշխատությունները, թարգմանել Քսենոփոնի, Ցիցերոնի և ուրիշների աշխատություններից։ Դեռ աշակերտական նստարանից հետաքրքրվելով դասական հայերենով՝ գտել է, որ առաջին թարգմանիչների լեզուն զգալապես տարբերվում է հետագա թարգմանիչների լեզվից։ Ա.Գարագաշյանի և Ղ.Հովնանյանի հետ նրա կատարած Բոսուետի «Խօսք վասն տիեզերական պատմութեան» (1841թ.) թարգմանության մեջ կյանքի է կոչել դասական հայերենը, մաքրելով այն օտարաբանություններից, ոչ հարազատ ձևերից ու բառերից, որ մուտք էին գործել նրա մեջ երկրորդ թարգմանիչներից սկսած։ Դասական հայերենը բաժանել է երկու շրջանի՝ 5-րդ դարի 1-ին կեսից առաջ և հետո։ Ընդունելով լեզուների առաջացման աստվածաշնչյան մեկնաբանությունը՝ նա նշել է հնդեվրոպական լեզուների հետ հայերենի ցեղակցությունը, նրա ծագումը հնդեվրոպական նախալեզվից և համարել հնդիրանական լեզվախմբի իրանական լեզու։ Մահացել է Կոստանդնուպոլսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար