ՄԱԿԻՉ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Պատմաբան

25 հոկտեմբեր, 1919 - 20 հուլիս, 1988

Ծնվել է Բարսում գյուղում (այժմ՝ Ադրբեջանում): 1942թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1946-50թթ և 1960-61թթ դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ 1951-54թթ աշխատել է ԽՄԿԿ Կենտկոմին կից ՄԼԻ հայկական մասնաճյուղում, 1954-59թթ՝ ՀԿԿ Կենտկոմին կից կուսակցական դպրոցում։ 1962-79թթ եղել է Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ԽՄԿԿ պատմության ամբիոնի վարիչը, 1979-88թթ՝ Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագիրը։ Գիտական աշխատությունները նվիրված են ԽՄԿԿ պատմության հարցերին, Անդրկովկասի և Հայաստանի բոլշևիկների գործունեությանը, հայ ժողովրդի նոր և նորագույն պատմությանը։ Որպես հեղինակ մասնակցել է «Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների պատմության ուրվագծեր» (մաս 1, 1967թ., ռուսերեն) , «Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր» (1967թ.), «Հայ ժողովրդի պատմություն» (հատոր 6, 1981թ.) կոլեկտիվ աշխատությունների ստեղծմանը։ «Հայաստան. 1914-17թթ» (1969թ.), «Արհավիրքից վերածնունդ» (1973թ.) և «Դարավոր գոյամարտ» (1989թ.) մենագրություններում հայ ժողովրդի հասարակական-քաղաքական կյանքի հիմնական իրադարձությունների ֆոնի վրա տվել է Հայկական հարցի պատմությունը՝ սկսած Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18թթ) նախօրյակից մինչև Լոզանի կոնֆերանսը (1922-23թթ), շոշափել Թուրքիայում հայերի ցեղասպանության, նրանց հերոսական ինքնապաշտպանության և այլ հարցեր։ «Նանսենը և Հայաստանը» (2-րդ հրտ.՝ 1986թ.) աշխատության մեջ հարուստ փաստական նյութի հիման վրա վեր է հանել նորվեգացի մեծ հումանիստի գործունեությունը ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին օգնություն կազմակերպելու և միջազգային հանրությանն ու Ազգերի լիգային այդ խնդրին նպատակամղելու ուղղությամբ։ «Արսեն Ամիրյան» (1961թ.), «Ասքանազ Մռավյան» (1955թ.), «Ստեփան Շահումյան» (1978թ.), «Սուրեն Սպանդարյան» (1982թ.) մենագրություններում ներկայացրել է հայազգի հայտնի կոմունիստ առաջնորդ գործիչների կյանքն ու գործունեությունը։ 1963թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1964թ-ից՝ պրոֆեսոր): Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար