ԱՌԱՔԵԼ ԲԱՂԻՇԵՑԻ

Բանաստեղծ, տաղերգու, եկեղեցական գործիչ

1380 - 11 հունվար, 1454

Առաքել Պոռեցի

Ծնվել է Վասպուրականի Պոռ գյուղում։ Աշակերտել է Գրիգոր Խլաթեցուն (Ծերենց)՝ լինելով Թովմա Մեծոփեցու ուսումնակիցը: 1422թ. եղել է Չմշկածագի Երկայն Ընկուզյաց վանքի առաջնորդ: Այստեղ ծավալել է բարենորոգչական-կրթական և գրական գործունեություն, խրախուսել գրչության արվեստը: Անձնական ծանոթություն է ունեցել ժամանակի նշանավոր շատ գործիչների, այդ թվում՝ Մկրտիչ Նաղաշի հետ, որն իր համագյուղացին էր: Գրիգոր Խլաթեցու ողբերգական մահվան առթիվ ձոնել է «Եղերերգութիւն ի մահնահատակութեան Ծերենց Գրիգոր վարդապետի Խլաթեցւոյ» չափածո եղերերգը (1425թ.) և «Պատմութիւն քաջ և տիեզերալոյս վարդապետին մերոյ Գրիգորի Խլաթեցւոյ Ծերենցն» արձակ վկայաբանությունը (1426թ.), որոնք, գեղարվեստական արժեքից զատ, ունեն արժանահավատ պատմական սկզբնաղբյուրի նշանակություն: Թողել է բազմաժանր գրական ժառանգություն՝ տաղեր, գանձեր, պատմական պոեմներ, ողբեր, ներբողներ, վկայաբանություններ և այլն՝ իր ստեղծագործության մեջ ամենից առաջ կարևորելով հայ ժողովրդի ազատագրության և անկախ պետականության վերականգնման գաղափարը: «Ողբ մայրաքաղաքին Ստամպոլու» պատմաքաղաքական պոեմում, գրված 1453թ. Կոստանդնուպոլսի անկման առթիվ, քրիստոնյա Բյուզանդական կայսրության փլուզումը համարում է գույժ քրիստոնյա ժողովուրդների և, մանավանդ, հայերի համար, բայց և հավատում է հաղթական գալիքին, երբ վերականգնվելու է Հայոց խորտակված գահը՝ Արշակունյաց քաղաքամայր Վաղարշապատում, կաթողիկոսական աթոռին վերստին բազմելու են Գրիգոր Ա Լուսավորչի տոհմի շառավիղները: «Պատմութիւն սրբոյն Գրիգորի Լուսաւորչին» պոեմի համար ուղեցույց-աղբյուր է եղել Ագաթանգեղոսի «Հայոց պատմություն», իսկ «Ներբողեան տաղաչափականի վերայ վարուց Մեծին Ներսէսի» պոեմի համար՝ Մեսրոպ Վայոցձորեցու (10-րդ դար) «Պատմութիւն սրբոյն Ներսէսի Պարթևի հայոց հայրապետի» երկը: Հեղինակն այս պոեմներում դրվատում է Հայ եկեղեցին ու դավանանքը, որոնց մեջ է տեսնում ազգային անաղարտ դիմագծի պահպանման և Հայոց ապագա ազատության գրավականը: Անդրադարձել է նաև պարականոն գրականության առանձին թեմաների. ուշագրավ է «Տաղ աւետեաց» պոեմը, որտեղ դրամատիզմով է պատկերել Մարիամ Աստվածածնի ծնողների՝ Հովակիմի և Աննայի կյանքի որոշ դրվագներ, կույս Մարիամի հուզումները՝ Գաբրիել հրեշտակապետի բերած աստվածային՝ կուսական հղության պատգամն ընդունելիս: 1434թ. գրված «Տաղ Յովասափու» պոեմի հիմքում ընկած է Բուդդայի ավանդական կենսագրության քրիստոնեական տարբերակներից մեկը, որը, ինչպես ենթադրվում է, սկզբնապես գրված է եղել պահլավերեն, ապա՝ թարգմանվել այլ լեզուներով. հայերեն տարբերակը թարգմանվել է հունարենից՝ 1048թ.: Բանաստեղծը արձակ վեպը վերամշակել է չափածո: Պոեմի գործողությունը ծավալվում է հեթանոսական պաշտամունքի կողմնակիցների և քրիստոնեական կրոնի լուսակիրների միջև: Գլխավոր հերոսը՝ Աբեներ թագավորի որդի Յովասափը, հրաժարվում է գահից ու թագից, դառնում քրիստոնյա և գնում անապատ՝ ճգնելու: Հայրը ևս հետևում է որդու օրինակին: Նրա տաղերը հիմնականում ունեն բարոյախրատական բովանդակություն: Թարգմանվել է ռուսերեն և ֆրանսերեն։ Մահացել է Արղնիում (կամ Արկնի):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար