
Զաքարիա Շեհրիմանյան
Գրող, փիլիսոփա, թարգմանիչ

Կղեմենս Խոդիկևիչ
Պատմաբան

Սոնգոտ Քրիշտոֆ
Հայագետ, պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ

Նադեժդա Պապայան
Օպերային երգչուհի

Օլգա Քալանթարովա
Դաշնակահար

Անուշավան Վարդանյան
Դրամատուրգ

Մարիետա Շահինյան
Գրող, հրապարակախոս, թարգմանիչ

Սեդրակ Բարխուդարյան
Հնագետ, պատմաբան

Կոնստանտին Օհանջանյան
Ճարտարապետ

Մարգարիտ Սողոմոնյան
Ճարտարապետ

Ռաֆայել Համբարյան
Արձակագիր

Լուսիա Աբրահամյան
Դերասանուհի

Մհեր Խաչատրյան
Հաղորդավար, դերասան
ԱՄԻՐԴՈՎԼԱԹ ԱՄԱՍԻԱՑԻ

7 օգոստոս, 1420 - 8 դեկտեմբեր, 1496
Ծնվել է Ամասիա քաղաքում (այժմ՝ Թուրքիայում)։ Շրջել է Արևելքի երկրներում, ծանոթացել ժամանակի առաջավոր գիտությանը։ Բժշկությունը սովորել է, հավանաբար, Միջագետքում կամ Արաբիայում։ Տիրապետել է հունարենին, լատիներենին, պարսկերենին, արաբերենին, թուրքերենին, ուսումնասիրել հին և միջնադարյան բժշկագիտությունը։ Երկար տարիներ ապրել է Կ.Պոլսում, եղել Մուհամմեդ 2-րդ սուլթանի պալատական բժիշկը, հռչակվել «ճառահպաշի ռամադան» (վիրաբուժապետ)։ Հայկական բժշկական գրականությունը հարստացրել է արժեքավոր երկերով, որոնք ընդգրկում են միջնադարյան բժշկագիտության և դեղագիտության գրեթե բոլոր ճյուղերը։ Աշխատությունները գրված են ժամանակի աշխարհաբարով (միջին հայերենով), կրում են էմպիրիկ բժշկության կնիքը և արտացոլում միջին դարերի բժշկագիտության լավագույն կողմերն ու սկզբունքները։ Առաջին աշխատությունը՝ «Ուսումն բժշկության» (1459թ.), նվիրված է մարդու անատոմիայի, հիգիենայի, ախտաբանության և դեղագիտության հարցերին։ «Օգուտ բժշկության» (1469թ., հրտ.՝ 1940թ.) աշխատությունը «Ուսումըն բժշկության»-ի վերամշակումն է։ Գիրքը ունի երկու մաս. առաջինը՝ մարդակազմություն, երկրորդը՝ ախտաբանություն, ուր մանրամասը նկարագրված են հիվանդությունների պատճառագիտությունը, կլինիկական պատկերը բնորոշող ախտանիշները, հիվանդի բուժումը և խնամքը։ Գրքում հեղինակը ներկայացրել է հիվանդությունների 209 փոփոխակ, դրանք ստորաբաժանել է կլինիկական երկու՝ սուր և քրոնիկական ձևերի։ Հոգեբուժության ասպարեզում արժեքավոր են մոլություն, ցնորամտություն, մելամաղձություն, ընկճվածություն, անքնություն, վերնոտություն ախտանիշների և հիվանդությունների մասին տեղեկությունները։ Կանացի հիվանդություններից նկարագրել է դաշտանային ցիկլի խանգարումները և սեռական օրգանների խոցերն ու ուռուցքները, չբերության պատճառները և այլն, մանկաբարձության ասպարեզում՝ արգանդի կառուցվածքը, դերն ու գործունեությունը հղիության և ծննդաբերության ընթացքում։ Շոշափել է նաև աշխատանքի, հանգստի, սննդի, ամուսնության հիգիենայի մի շարք հարցեր։ Աչքի (հիմնականում՝ աչքի թաղանթների) հիվանդություններին նվիրել է 20 գլուխ, քիթ-կոկորդ-ականջաբանությանը՝ 15 գլուխ (6-ը ականջի հիվանդություններին, 5-ը՝ քթի և 4-ը՝ ըմպանի), նկարագրել է ականջաբորբերը, խլությունը, քթի պոլիպները և անգինաները։ «Ախրապատին» (1459թ.) աշխատությունը բաղկացած է երկու մասից՝ դեղագործություն և դեղագիտություն (ամփոփված 25 գլուխներում)։ Առաջին մասում զետեղված են դեղագրեր (դեղատոմսեր), մանրամասն նկարագրված են դեղանյութերի բաղադրությունը, քանակը, պահպանման միջոցները։ Երկրորդում տրված են դեղերի անունները, նրանց ազդեցությունն օրգանիզմի վրա, ցուցումները դրանց օգտագործման մասին։ «Ախրապատին»-ի 23-րդ գլուխը (հայտնի է «Աղյուսակերպ բառարան» անունով) հայերեն-հունարեն-«ֆրանկերեն»-պարսկերեն դեղաբանական բառարան է, որտեղ նկարագրված են դեղերի ֆիզիկաքիմիական հատկությունները, դեղապատրաստուկների ձևերը, նրանց ազդեցությունն օրգանիզմի վրա, յուրաքանչյուր դեղի դիմաց բերված են բժիշկ հեղինակների (Գաղիանոս, Հեսու, Հունան, Բագրատ, Սահակ, Ֆոլոս) կարծիքները դեղերի զորության մասին։ Դեղագիտությանն է նվիրված նաև «Բառք այբուբենական ի վերայ ցավոցն» (կազմված 1468թ.) դեղերի անունների համառոտ բառարանը (26 էջ), որի ձեռագիր տարբերակները պահվում են Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում և Վիեննայի Մխիթարյան մատենադարանում։ Արաբերենից թարգմանել է «Գիրք ռամկական»-ը (1474թ.)։ Դեղագիտական աշխատություններից արժեքավոր է «Անգիտաց անպետ»-ը (1482թ., հրտ.՝ 1926թ.), որը վեցլեզվյան (հայերեն-հունարեն-պարսկերեն-թուրքերեն-արաբերեն-լատիներեն) հանրագիտարանային բնույթի բառարան է։ Նրա գրչին է պատկանում նաև «Վասն նշանաց հիւանդին, զկենաց և զմահուն» աշխատությունը, որի միակ օրինակը գտնվում է Փարիզի Ազգային մատենադարանում։ Իր աշխատություններում ամենից խոր ու բազմակողմանի մշակել է դեղագիտությունը, սակայն մեծ տեղ է տվել նաև անատոմիայի, ֆիզիոլոգիայի, ախտաբանության, թերապիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի, քիթ-կոկորդ-ականջաբանության, նյարդային, հոգեկան, մաշկային, վեներական հիվանդությունների և հիգիենայի հարցերին։ Նրան հայտնի են եղել բուսական, կենդանական և հանքային ծագում ունեցող դեղերը և դրանց բաղադրիչ նյութերը։ Նա օգտագործվող բուսանյութերը բաժանել է ընտանի և վայրի տեսակների՝ հաճախ նախապատվություն տալով վերջինին։ Որպես դեղամիջոց առաջարկել է օգտագործել կենդանիների օրգանները։ Մեծ նշանակություն է տվել հանքային ծագում ունեցող դեղամիջոցներին (արջասպներ, երկաթի, պղնձի և այլ մետաղների աղեր, սնդիկ, ծծումբ, ոսկի, արծաթ, մկնդեղ, կապար և այլն)։ Որպես դեղանյութ կարևոր տեղ է տվել կերակրի աղին։ Ստամոքս-աղիքային հիվանդությունների և սակավարյունության դեպքում աոաջարկել է երկաթ պարունակող տարբեր պատրաստուկներ։ Ծծումբը քսուքի ձևով օգտագործել է մաշկային հիվանդությունների բուժման համար։ Որպես ցավազրկող և քնաբեր միջոցներ նկարագրել է զաֆրանը, մանրագորը, հաշիշը։ Թողել է ավելի քան 100 դեղատոմս՝ որդերի դեմ պայքարելու համար։ Նրա դեղատոմսերը գրված են պարզ լեզվով, զերծ են ծածկագրերից և հատկապես ընդգծված են բաղադրիչ նյութերի կշռային հարաբերությունները։ Անատոմիային և ֆիզիոլոգիային վերաբերող տվյալները շարադրված են «Օգուտ բժշկության» աշխատության առաջին մասում։ Աշխատությունների հիմքը օրգանիզմի ամբողջականության գաղափարն է, ըստ որի, բոլոր օրգաններն ու հյուսվածքները, նրանց ձևը, կառուցվածքը և մյուս առանձնահատկությունները նպաստում են ամբողջ օրգանիզմի բնականոն գործունեությանը։ Նկարագրել Է սրտի, թոքերի, երիկամների, լյարդի, փայծաղի, ստամոքսի, աղիքների, միզասեռական օրգանների ձևը, կառուցվածքը, դասավորությունը, դերն ու նշանակությունը։ Նկարագրել է աչքի թաղանթների կառուցվածքն ու դերը, տեսողական նյարդի ուղին և այլն։ Ախտանշագիտության, մասնավոր ախտաբանության և թերապիայի ասպարեզում կարևոր են զարկերակի ռիթմի և հաճախականության, մեզի, կղկղանքի բաղադրության փոփոխությունների տվյալները տարբեր հիվանդությունների ժամանակ։ Զբաղվել է նաև աստղաբաշխության հարցերով։ Մահացել է Բրուսայում (այժմ՝ Բուրսա, Թուրքիա)։