ԳԱԲՐԻԵԼ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Լեզվաբան, բառարանագիր, բանասեր, աստվածաբան

19 սեպտեմբեր, 1751 - 24 դեկտեմբեր, 1827

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Ավարտել է Վենետիկի Մխիթարյան միաբանության դպրոցը և եղել Մխիթարյան միաբան: 1785թ. կարգվել է տեղի «Նորընծայից» ուսուցիչ, 1786թ. ձեռնադրվել քահանա, 1799թ. նշանակվել ընդհանուր աթոռակալ, 1824թ. հրաժարվել վանական պաշտոններից՝ ծերության և հիվանդության պատճառով։ Եղել է գրաբարի քաջ գիտակ, տիրապետել է հունարենին, լատիներենին, իտալերենին և այլ լեզուների։ Ծավալել է գիտական, բանասիրական, թարգմանչական գործունեություն։ «Քերականութիւն հայկական» (1815թ.) աշխատությամբ ստեղծել է գրաբարի ինքնատիպ, համապարփակ քերականություն, նոր տեսանկյունից մեկնաբանել քերականական բազմաթիվ իրողություններ, մերժել գրաբարի համար խորթ ու օտարամուտ ձևերը։ Աշխատության առաջին մասը գրված է արևմտահայերենով, ամփոփում է գրաբարի խոսքի մասերի («մասունք բանի») և նրանց քերականական կարգերի («պարագայք») հանգամանալից քննությունը։ Ընդունել է տասը հոլովում՝ բաժանելով պարզ կամ կանոնավոր և խառը կամ անկանոն տեսակների։ Նա առաջին անգամ գիտականորեն հիմնավորել ու ապացուցել է, որ գրաբարը տասի փոխարեն ունի վեց հոլով։ Բավականաչափ առաջ է տարել բայի լուսաբանությունը, լավագույնս բաղդատել բայական կարգերի (սեռ, եղանակ, դեմք, թիվ, ժամանակ և այլն) էությունը, ճշգրտել կառուցվածքային և իմաստային տեսակետներից տարբեր խոսքի մասերի դրսևորումներն ու տարատեսակները։ Երկրորդ մասը գրված է գրաբար և նվիրված է շարահյուսության («բաղդասության»), խոսքի մասերի կապակցությունների քննությանը։ Կազմել է «Նոր հայկազեան բառարան»-ի «Ա» տառի բառահոդվածները, կատարել մի շարք ճիշտ ստուգաբանություններ և հայերեն շատ բառեր համեմատելով ցեղակից ուրիշ լեզուների (հունարեն, լատիներեն և այլն) համարժեք ձևերի հետ՝ նկատել դրանց միջև եղած ընդհանրությունները («Նոր բառգիրք հայկազեան լեզուի», հ.1, 1836թ.)։ Գրել է իտալերենի քերականություն («Քերականութիւն թօսքանեան լեզուի աւանդեալ ի հայ լեզու, հանդերձ տաճկական թարգմանութեամբ», 1792թ.), որը հարուստ տվյալներ է պարունակում նաև հայերենի մասին և, փաստորեն, իտալերեն-հայերեն համեմատական քերականություն է։ Գրել է բազմաթիվ մեկնողական երկեր՝ շարունակելով հայ միջնադարի մեկնաբանական գրականության հարուստ ավանդույթները, դրսևորել հայ և համաշխարհային պատմության, գրականության ու փիլիսոփայության, հին ու նոր լեզուների խոր իմացություն։ Թափանցել է քննվող բնագրերի խորքը, բացատրել դրանց իմաստային ու լեզվական խրթնությունները։ Նրա մեկնությունների գլուխգործոցը «Մեկնութիւն չորեքտասան թղթոց երանելոյն Պօղոսի առաքելոյ» (հ.1-3, 1806-12թթ) աշխատությունն է, ուր թղթերի հին հայերեն թարգմանությունը բաղդատել է հունարեն, լատիներեն, ասորերեն, արաբերեն և եթովպերեն թարգմանությունների հետ, կատարել բնագրային բազմապիսի ճշգրտումներ։ Խորապես ուսումնասիրել է հայ հոգևոր բանաստեղծությունը, քննել շարականների ցանկը, մեկնել բովանդակությունը և ընդարձակ տեղեկություններ հաղորդել դրանց հեղինակների ու կիրառության մասին («Բացատրութիւն շարականաց», 1814թ., «Ճառ բղխման» հատվածը իտալերեն հանդիպադիր թարգմանությամբ, 1824թ.)։ Բնագրային անճշտությունները վերացնելու նպատակով նա համեմատել է Շարակնոցի տպագիր օրինակները և 32 ձեռագիր։ Բացառիկ արժեք ունի Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկի մեկնությունը («Նարեկլուծ», 1801թ.)։ Հմտորեն օգտագործել է ձեռագիր ու տպագիր աղբյուրները, բնագիրը մաքրել աղճատումներից, բացահայտել «Նարեկ»-ի գեղարվեստական, իմաստասիրական, հոգեբանական, գեղագիտական ու հռետորական արժեքը։ Նույն եղանակով մեկնաբանել է և Գրիգոր Նարեկացու ներբողներն ու երեք գանձը («Սրբոյ հօրն մերոյ Գրիգորի Նարեկացւոյ Երկրորդ մատեան ճառից», 1827թ.)։ Գրել է նաև ճառեր, քարոզներ («Մտածութիւնք...», 1810թ., «Խորհրդածութիւնք...», 1836թ.)։ Ունի թատերգություններ, բանաստեղծություններ, կատարել է նաև թարգմանություններ, որոնց մի մասը դեռևս անտիպ է։ Մահացել է Վենետիկում, Սբ. Ղազար կղզում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար