ԳԱԲՐԻԵԼ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ

Պատմաբան, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

10 մայիս, 1812 - 8 ապրիլ, 1880

Գաբրիել Այվազյան

Ծնվել է Թեոդոսիայում (այժմ՝ Ղրիմ)։ Եղել է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբայրը։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի գավառական դպրոցում։ 1826թ. ուղարկվել է Վենետիկի Սբ. Ղազար կղզի, որտեղ ավարտելով ուսումը, դարձել է Մխիթարյան միաբանության անդամ (1830թ.), ձեռնադրվել վարդապետ (1834թ.)։ Այնուհետև ստանձնել է փիլիսոփայության և աստվածաբանության ուսուցչի պաշտոն՝ միաժամանակ վարելով միաբանության ընդհանուր քարտուղարի գործերը։ 1842-48թթ դասավանդել է Վենետիկի Ռափայելյան վարժարանում։ 1843թ. հիմնադրել և խմբագրել է (մինչև 1848թ.) «Բազմավեպ»-ը։ 1848-56թթ եղել է Փարիզի Մուրադյան վարժարանի տնօրենը և հայոց պատմության ու լեզվի ուսուցիչ։ Գժտվելով Մխիթարյանների հետ՝ 1856թ. վերադարձել է հայ առաքելական եկեղեցուն և մնացել Փարիզում, ուր Ս.Թեոդորյանի և Խ.Գալֆայանի հետ հիմնադրել ու ղեկավարել է Հայկազյան վարժարանը։ 1855-58թթ խմբագրել և հրատարակել է «Մասյաց աղավնի» ամսագիրը։ 1858թ. վերադարձել է Ռուսաստան ու նշանակվել Նոր Նախիջևանի (այժմ՝ Դոնի Ռոստով) և Բեսարաբիայի թեմակալ։ Թեոդոսիայում հիմնել է Խալիբյան վարժարանը (որի տեսուչն էր 1858-65թթ), շարունակել է հրատարակել (մինչև 1865թ.) «Մասյաց աղավնի»-ն։ 1867թ. Էջմիածնում ձեռնադրվել է եպիսկոպոս, 1871թ-ից՝ արքեպիսկոպոս։ Գևորգ Դ կաթողիկոսի հրավերով կարգվել է Գևորգյան ճեմարանի տեսուչ (1875-76թթ) և Թիֆլիսի թեմական առաջնորդ։ Գրել է «Համառօտ պատմութիւն ռուսաց» (1836թ.), «Պատմութիւն Օսմանեան պետութեան» (հ.1-2, 1841թ.), «Նիկոլ եպիսկոպոս և պատմութիւն դարձին հայկազանց Լեհաստանի ի կաթոլիկութիւն» (1877թ.), «Պատմութիւն Խալիպեան ուսումնարանին ազգիս հայոց» (1880թ.), «Խանգարմունք հայկաբանութեան ի հնումն և ի նորումս» (1869թ.), «Ուղղագրութիւն լեզուիս հայոց» (1869թ.), «Նախակրթանք հայերէն լեզուի...» (մաս 1-3, 1860-77թթ), «Ընթերցարան լեզուին ռուսաց» (1862թ.) և այլ գործեր։ Ունի մի շարք կրոնաաստվածաբանական աշխատություններ։ Տիրապետելով եվրոպական ու արևելյաև 12 լեզուների՝ թարգմանական նշանակալի ժառանգություն է թողել։ Իտալերենից թարգմանել է Սիլվիո Բելլիքոյի «Բանաք իմ» վիպակը (1853թ.), ֆրանսերենից՝ Հովսեփ Տրոզի «Խորհրդածութիւնք» տրակտատը (1854թ.), ռուսերենից՝ Ի.Կռիլովի առակները (աշխարհաբար)։ Հայերենից իտալերենի է թարգմանել Մովսես Խորենացու և Ագաթանգեղոսի Պատմությունները (1841թ., 1843թ.)։ Արտահայտել է կրոնավորների ու ունևոր խավերի շահերը՝ անվերապահորեն պաշտպանելով տիրող հասարակական ու քաղաքական կարգերը։ «Ազգասիրության» ու «միաբանության» կոչելով ազգին՝ նա դատապարտել է քաղաքացիական պատերազմը, ապստամբությունը, «անհնազանդությունը», հեղափոխությունը և նրանց, ովքեր ընդդիմանում էին «օրհնաբանյալ տերությանը» և «երկպառակության» հրահրում ազգը։ Այս հողի վրա էլ գաղափարական սուր հակամարտության մեջ էր հայ հեղափոխական-դեմոկրատ Միքայել Նալբանդյանի, Ս.Ոսկանի և ուրիշների հետ։ Մ.Նալբանդյանն իր երկերում անհաշտ պայքար է մղել նրա հետադիմական հայացքների դեմ, անխնա քննադատության ենթարկել նրա՝ «քաղաքական կարգերի ընդհանուր պաշտպանության» սկզբունքները։ Մահացել է Թիֆլիսում։