Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ԱՐԱՄ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիրիժոր

13 հունվար, 1886 - 20 դեկտեմբեր, 1970

Ծնվել է Թիֆլիսում: Ընդհանուր կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, յուրացրել ազգային երաժշտության այնտեղ կայունացած ավանդույթները: Երաժշտական սկզբնական պատրաստությունը ձեռք է բերել նաև Քրիստափոր Կարա-Մուրզայից ու Ազատ Մանուկյանից, որոնց խմբերում երգել է պատանի հասակում: 1905-07թթ սովորել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, աշակերտել Ն.Նիկոլաևին (ստեղծագործություն), Զ.Փալիաշվիլուն (երաժշտության տեսության և երգչախմբային դասարան), Հ.Տեր-Դավթյանին (դաշնամուր), նաև՝ մշակել ձայնը: 1913-18թթ սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի տեսության բաժնում (ուսուցիչներ՝ Վ.Կալաֆատի, Ն.Չերեպնին, Յ.Վիտոլ, Մ.Շտեյնբերգ), հեղինակել է դաշնամուրային սոնատ և այլ գործեր (արժանացել են Ա.Գլազունովի ջերմ հավանությանը), կատարելագործվել դիրիժորական արվեստում: 1910թ-ից երգել է տեղի հայկական եկեղեցու երգչախմբում, 1914-18թթ ղեկավարել այն (փոխարինելով Ռոմանոս Մելիքյանին), հանդես եկել հայկաական խմբերգային համերգներով: 1918-37թթ աշխատել է Լենինգրադի Փոքր թատրոնում՝ որպես ստուդիայի ղեկավար (մինչև 1928թ.) և դիրիժոր, վարել Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին», «Մազեպա», Ա.Բորոդինի «Իշխան Իգոր», Ն.Ռիմսկի-Կորսակովի «Մոցարտ և Սալիերի», Ջ.Վերդիի «Աիդա» և այլ օպերաներ: 1929թ. մասնակցել է Զանգեզուրում Քրիստափոր Քուշնարյանի երգ հավաքող գիտական արշավախմբին: 1931թ., 1936թ. և 1937թ. Հայարտան հրավերով և նրա երգչախմբով Թիֆլիսում տվել է կոմիտասյան ծրագրով համերգներ: 1940-41թթ եղել է Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Հայկական դասական և ժամանակակից խմբերգային երաժշտության ծրագրերից բացի, իրականացրել է Մոցարտի «Ռեքվիեմ»-ի, Բեթհովենի «Իններորդ սիմֆոնիա»-ի և այլ գլուխգործոցների առաջին կատարումը Հայաստանում, Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում պատրաստել ու ղեկավարել է արևմտաեվրոպական ու հայկական դասական օպերետների ներկայացումներ, որանց թվում՝ Տ.Չուխաճյանի «Կարինե»-ն: Որոշ ընդմիջումից հետո, 1954-61թթ նորից ստանձնել է Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավարությունը, 1956թ. մեծ հաջողությամբ հանդես եկել Մոսկվայում՝ Հայ արվեստի երկրորդ տասնօրյակին: 1969թ-ից եղել է Հայաստանի երգչախմբային ընկերության երգչախմբի գեղարվեստական խորհրդատուն, իրականացրել է հայ հնագույն շարականների պատրաստումը (ցուցադրվել են Արևելյան Եվրոպայի հնագույն երաժշտության փառատոնին, Լեհաստան, 1969թ.) և Կոմիտասի «Հայր մեր» ստեղծագործության (Կոմիտասի 100-ամյա հոբելյանին) առաջին կատարումը: Վարել է նաև մանկավարժական աշխատանք (Լենինգրադում և Երևանի Ռ.Մելիքյանի անվան ուսումնարանում): 1945-47թթ եղել է Ֆրունզեի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը, նպաստել ղրղզական սովետական օպերայի զարգացմանը: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: 1956թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար