ԱՎԵՏԻՔ ԱՐԱՍԽԱՆՅԱՆ

Գրականագետ, տնտեսագետ, հրապարակախոս

13 փետրվար, 1857 - 3 դեկտեմբեր, 1912

Ծնվել է Ագուլիսում, վաճառականի ընտանիքում։ Սովորել է ծննդավայրում, ապա՝ Թիֆլիսի ռեալական ուսումնարանում։ 1876թ. մեկնել է արտասահման (Փարիզ, Լայպցիգ, Ստրասբուրգ), շարունակել ուսումը։ 1882թ. դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան և Գայանյան դպրոցներում։ 1875-87թթ աշխատակցել է «Մշակ»-ին։ Զբաղվել է տնտեսագիտական բնույթի հետազոտություններով։ Հասարակական-հրապարակախոսական բուռն գործունեություն է ծավալել «Մուրճ» ամսագիրը հրատարակելու և խմբագրելու տարիներին (1889-1900թթ)։ Ձեռնամուխ է եղել Կ.Մարքսի «Կապիտալ»-ի 1-ին հատորի և Կ.Մարքսի ու Ֆ.Էնգելսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»-ի հայերեն թարգմանությանը։ Կյանքի վերջին տարիներին քաղաքատնտեսություն է դասավանդել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1901-11թթ), ապա եղել է Ախալքալակի հայկական դպրոցների տեսուչ։ Կրել է բուրժուական տնտեսագիտության պատմական դպրոցի ազդեցությունը։ Քաղաքատնտեսությունը համարել է ինքնուրույն գիտություն, բայց հասարակական-արտադրական հարաբերությունների փոխարեն ուսումնասիրության առարկան է համարել արտադրության գործոնների (հող, կապիտալ, աշխատանք) հարաբերությունները։ Ընդ որում, նա վերանում էր կոնկրետ արտադրաեղանակից։ Գնահատել է ֆիզիոկրատներին, բայց չի թափանցել նրանց ուսմունքի դասակարգային էության մեջ։ Արժեքավորելով անգլիական դասական քաղաքատնտեսության դպրոցը՝ նա նշել է, որ Ա.Սմիթը «ստեղծեց քաղաքատնտեսության մի սիստեմ, որը յուր լայնածավալությամբ ըմբռնում է բոլոր տնտեսական երևույթները...» («Հողի արդյունաբերությունը և հասարակությունը», 1884թ.)։ Դ.Ռիկարդոյի հողային ռենտայի տեսության վերլուծության կապակցությամբ ուշադրություն է դարձրել արտադրության հասարակական բնույթի և յուրացման մասնավոր ձևի խնդիրներին, սակայն չի ըմբռնել հավելյալ արժեքի էությունը։ Միաժամանակ ցույց է տվել Ռիկարդոյի «վերին աստիճանի աբստրակտ» մտածողությունը։ Շոշափել է սեփականության բաշխման և դասակարգային փոխհարաբերության խնդիրներ։ Հասարակական հարստության մեջ նա գնահատում էր այն, «ինչը կարողանում է վերականգնել մսխվածը և մի բան էլ ավելացնել»։ Տարբերում էր արժեքն ու գինը, բայց արժեքը գնահատում էր զուտ սպառողական արժեքի տեսակետից և չէր բացատրում, թե ինչով է որոշվում գինը։ Արժեքի աշխատանքային տեսությունը նա տարածում էր միայն արդյունաբերական ապրանքների վրա։ Ելնելով լիբերալ-բուրժուական մտածողության դիրքերից՝ պաշտպանում էր 1861թ. ագրարային ռեֆորմը։ «Մուրճ»-ը խմբագրելու տարիներին բեղմնավոր գործունեություն է ծավալել գրականության ու լեզվի ասպարեզում և որոշել ամսագրի դիրքը գրականության հարցերում։ Ըմբռնել է դարավերջին հայ գրականության մեջ կատարված բեկումը հօգուտ ռեալիզմի և իր հոդվածներում պաշտպանել այդ ուղղությունը։ Ազգային գրականության զարգացումը խթանելու նպատակով ամսագրի էջերում հյուրընկալել և խրախուսել է գրողների մի ամբողջ սերունդ (Լևոն Շանթ, Դերենիկ Դեմիրճյան, Միքայել Մանվելյան, Հակոբ Հակոբյան), արժեքավորել հայ հին ու նոր գրական դեմքերին (Փավստոս Բուզանդ, Սայաթ-Նովա, Րաֆֆի), հայ մամուլն ու հրապարակախոսներին։ Գրականության և արվեստի մեջ տեսնում էր հասարակայնորեն ներգործուն ուժ։ Հայ թատրոնի խաղացանկը հարստացնելու համար նա առաջարկում էր դրամաների վերածել արձակի լավագույն նմուշները և պաշտպանում մշտապես գործող դերասանական խումբ ստեղծելու գաղափարը։ Գրական լեզուն հարստացնելու աղբյուր էր դիտում գրաբարն ու բարբառները, ինչպես և օտար լեզուներից առնված փոխառությունները։ Մահացել է Ախալքալակում, թաղվել է Թիֆլիսում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար