ԱՐԱՄ ԱՆՏՈՆՅԱՆ

Լրագրող, պատմաբան

3 օգոստոս, 1875 - 23 դեկտեմբեր, 1952

Ծնվել է Կոստանդնուպոլսում, ձկնորսի ընտանիքում։ Ավարտել է տեղի հայկական և ֆրանսիական վարժարանները։ Հրատարակել և խմբագրել է բազմաթիվ պարբերականներ («Լոյս», «Շաղիկ», «Խարազան» և այլն), որոնք ձևավորել է ինքը։ Բալկանյան պատերազմներից հետո հրատարակել է «Պատմութիւն Պալքանեան պատերազմներու» (1913թ.) ուսումնասիրությունը։ 1914թ օգոստոսից նշանակվել է հայերեն նամակների կայսերական «գրաքննիչ», սակայն, «անգաղտնապահ» գտնվելով՝ Կոստանդնուպոլսի հայկական պատրիարքարանին որոշ տեղեկություններ է հադորդել, որի համար և 1915թ. աքսորվել է հայ մտավորականների հետ։ Հալեպում եղած ժամանակ բռնագաղթի տնօրինության թուրք քարտուղար Նայիմ բեյից ձեռք է բերել Հայոց ցեղասպանության մասին մի շարք պաշտոնական-պետական վավերագրեր, որոնք հրապարակել է «Այն սև օրերուն...» (1918թ.) և «Նայիմ բեյի հուշերը» (1920թ., ֆրանսերեն և անգլերեն, հայերեն հրտ.՝ «Մեծ ոճիրը», 1921թ.) գրքերում։ Այն փաստաթղթերը, որոնց հավաստիությունը հաստատել է հատուկ հանձնաժողովը, երիտթուրքական կառավարության նախապատրաստած և իրականացրած Հայոց ցեղասպանության ամենահամոզիչ վկայություններն են։ Այդ վավերագրերը օգտագործվել են ինչպես երիտթուրքերի (1919թ.), այնպես էլ Սողոմոն Թեհլերյանի դատավարության ժամանակ։ Իր նշանակությամբ «Մեծ ոճիրը» գիրքը (1921թ.), որն այդ փաստաթղթերի և վկայագրերի ամփոփումն է, անգնահատելի է Հայոց ցեղասպանության (1915թ.) պատմության ուսումնասիրության համար։ Գրել է նաև «Աքսորին ճամբուն վրայ» (1920թ.) հուշագրությունը։ 1920թ. տեղափոխվել է Փարիզ, ստանձնել հայոց ազգային պատվիրակության դիվանապետի պաշտոնը (մինչև 1923թ. Լոզանի կոնֆերանսը), ապա կատարել Գաբրիել Նորատունկյանի անձնական քարտուղարի պարտականությունները։ Այդ տարիներին գրի է առել Լևոն Բաշալյանի՝ Լոզանի խորհրդաժողովի մասին օրագրությունը (հրտ.՝ 1951թ., Փարիզի «Այսօր» օրաթերթում)։ 1928-51թթ եղել է Փարիզի Նուպարյան մատենադարանի տնօրենը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիստական օկուպացիայի պայմաններում կարողացել է փրկել մատենադարանի մեծարժեք շատ հայերեն ձեռագրեր ու գրքեր, մշակութային այլ արժեքներ։ Թարգմանել կամ ընդօրինակել է բազմաթիվ ձեռագրեր, խմբագրել Նուբար փաշայի և Ներսես Վարժապետյանի թղթակցությունները և այլն։ Օգտագործել է Ա., Ա.Ա., Այբայբ, Արամանտո, Բոլիթիքոս, Ա.Գրիգորյան, Էտլվայս, Էրամ, Կապարճ, Մ., Մերս.-, Մարա, Մեղուիկյան, Նվարդ, Մերսետես, Մեֆիսթո, Մոլորակ, Սուրխաթան, Վերատեսուչ, Փյունիկ, Արամ ծածկանունները: Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար