ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆ

Գործարար, կինոգործիչ

6 հունիս, 1917 - 15 հունիս, 2015

Գրիգոր Գրիգորյան

Ծնվել է ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում: Սերել է 1890թ. Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքից Ֆրեզնո գաղթած Ահարոն Գրիգորյանի ընտանիքից: Հետագայում ընտանիքը գումար վաստակելու նպատակով տեղափոխվել է Լոս Անջելես: Մեծ եղբայրը` Նշանը, ով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր, սկսել է նրան բռնցքամարտի դասեր տալ: Այդ դասերն իզուր չեն անցել: Այնպես է տարվել մարզաձևով, որ 8-րդ դասարանում թողել է դպրոցը: Իր գործունեությունն սկսել է ավտոմեքենաների բիզնեսից: Գնելով հին, օգտագործված մեքենաներ` ներկել և վաճառել է դրանք և յուրաքանչյուրի դիմաց աշխատել 10-15 դոլար: Նրա կյանքը բեկումնային ընթացք է ստացել, երբ հանդիպել է Օ’Ֆլաերտին, ով զբաղվում էր պատի վառարանների տեղադրմամբ, և Քըրքը աշխատանքի է անցել նրա մոտ` աշխատելով ժամում 45 ցենտ: Այնուհետև սովորել է օդաչուական դպրոցում, դարձել օդաչու-հրահանգիչ: Որպես ռազմաօդային ուժերի օդաչու մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որի ավարտից հետո զբաղվել է օդանավերի բաժնեթղթերի առևտրով, ինչպես նաև հյուրանոցային բիզնեսով: 1945թ. ձեռք է բերել «Cessna» ուսումնական մեկ-շարժիչային ինքնաթիռ, վերադարձել Լոս Անջելես և սկսել իրականացնել մասնավոր չարտերային չվերթներ: Այդ տարիներին առաջին անգամ ծանոթացել է Լաս Վեգասին, որը մեծ տպավորություն է թողել նրա վրա: Իսկ արդեն 1940-50-ական թվականներին նրան այնտեղ գիտեին որպես հմուտ խաղացողի, ով ժամանակ առ ժամանակ կարող էր հաղթել, բայց ավելի շուտ պարտվել 50-80 հազար դոլար մեկ գիշերվա ընթացքում: 1947թ. 60.000 դոլարով գնել է «Los Angeles Air Service» փոքրիկ չարտերային ավիաընկերությունը, որն օդային կամուրջ է դառնում Լոս Անջելեսի և Լաս Վեգասի միջև: Հետագայում` 1968թ., նա վաճառել է այն 104 միլիոն դոլարով: 1965թ. դարձել է ԱՄՆ Հեռահաղորդակցությունների արդյունաբերական միության սեփականատերը: Եկամուտները սկսել են աճել: Այդ նույն ժամանակաշրջանում էլ իրականացրել է մի գործարք, որը «Ֆորտունա» ամսագիրը հետագայում անվանեց Լաս Վեգասի պատմության մեջ ամենահաջողակ հողային գործարքներից մեկը. 960.000 դոլարով գնել է 80 ակր հողատարածք: Հողատարածքի առանձին կտորները վարձով տալով` նա կարողացել է մինչև այն վաճառելը աշխատել 4 միլիոն դոլար: Այնուհետև ստեղծել է «Էմ Ջի Էմ» (MGM) հյուրանոցը` առաջին մեգա-հանգստավայրը Լաս Վեգասում: Այդ նպատակով նա ձեռք է բերել 82 ակր հողատարածք «Paradise Road»-ի վրա և առանց երկար սպասելու սկսել շինարարությունը: Գնել է նաև հարևան «Ֆլամինգո» հյուրանոցը: Համալիրի ներսում ստեղծել է հատուկ մի վայր, որտեղ երեխաները կարող էին խաղալ, լողալ և զվարճանալ, քանի դեռ նրանց ծնողները գտնվում էին խաղատանը: 1973թ. կառուցել է Լաս Վեգասի իր հերթական հյուրանոցը` կրկին ամենամեծն աշխարհում և անվանում այն «Գրանդ Հոթել»: Փորձել է իր ուժերը նաև մեքենաների բիզնեսում: 1980-ականներին դարձել է «Քրայսլեր» ընկերության բաժնետեր: Նրան է պատկանել նաև «Ջեներալ Մոթորս» ընկերության արժեթղթերի մի մեծ փաթեթ: 1968թ-ից զբաղվել է կինոգործունեությամբ, եղել է «Metro Goldwyn Mayer» (մասնաճյուղերով), «United Artists», «Columbia Pictures», «20th Century Fox»  կինոստուդիաների, «Էմ Ջի Էմ Միրաժ» կորպորացիայի հիմնադիր բաժնետերը: 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո և շրջափակման տարիներին մեծապես օգնել է Հայաստանին ու Արցախին: Նրա հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001թ-ից ի վեր 210 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, իսկ 21 միլիոն դոլար՝ Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար: 1998թ. և 2005թ. այցելել է Հայաստան: Համաձայն ամերիկյան հեղինակավոր «Ֆորբս» ընկերության` 2007թ. նրա կարողությունը հասել է 15 միլիարդ ամերիկյան դոլարի, բացի այդ նա համարվել է Լաս Վեգասի «հայրը»: Նրա ֆինանսավորած վերջին նախագիծը Հայոց ցեղասպանության (1915թ.) մասին պատմող «Խոստումը» (2016թ.) ֆիլմն էր, որի ռեժիսորն է Թերրի Ջորջը: 2004թ. հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում` Հայաստանի ազգային հերոս: Մահացել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար