ԱԻԴԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Կոմպոզիտոր

Ծնվել է 1932թ. ապրիլի 7-ին, Երևանում: 1940-50թթ սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի Աննա Մնացականյանի դաշնամուրային և Էդվարդ Միրզոյանի ստեղծագործական բաժիններում: 1955թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Էդվարդ Միրզոյանի կոմպոզիցիայի և Յ.Հայրապետյանի դաշնամուրային բաժինները: 1982թ. և 1987թ. մասնակցել է դաշնակահարների վերապատրաստման դասընթացների: 1955թ. Էջմիածնի երաժշտական դպրոցում աշխատել է որպես դաշնակահար-մանկավարժ: 1956թ-ից Վանաձորի Մ.Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանի ստեղծագործական դասարանում դասավանդել է տեսական առարկաներ, վոկալ: 1965-66թթ վարել է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) Շ.Տալյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնը: 1957թ-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է: 1975թ. անդամակցել է ԽՍՀՄ և Հայաստանի Երաժշտական ֆոնդին: 1978-88թթ Սպիտակի երաժշտական դպրոցում աշխատել է որպես կոնսուլտանտ, միաժամանակ վարել է Կիրովականի երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնի վարիչի պաշտոնը: 2005-08թթ եղել է Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պետական քննությունների հանձնաժողովի նախագահը: Եղել է նաև համաքաղաքային փառատոների, մրցույթների ժյուրիի մշտական անդամ: Հեղինակել է սիմֆոնիկ, կամերային, գործիքային, երգչախմբային, վոկալ ստեղծագործություններ, որնք կատարվել են Հայաստանում, Բուլղարիայում, Հունաստանում, Լիբանանում: Երկերից են՝ Կոնցերտ դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար, Կոնցերտ-պոեմ ձայնի և սիմֆոնիկ նվագախմբի համար, Կոնցերտ ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար, Սոնատ դաշնամուրի համար, Սոնատ ջութակի և դաշնամուրի համար, մանրանվագներ կամերային նվագախմբի համար, «Տոնական» երկու դաշնամուրի համար, «Թակարդում» երաժշտական կատակերգություն, «Քնարական» քանոնահարների անսամբլի համար, «Հայկական պար» քանոնահարների անսամբլի համար, ռոմանսների ժողովածու հայ բանաստեղծներ Ա.Իսահակյանի, Վ.Տերյանի, Հ.Շիրազի, Ս.Տարոնցու, Ս.Խալաթյանի, Հ.Ղուկասյանի, Վ.Հարությունյանի բառերով, վոկալիզների ժողովածուներ իգական ձայների, բասի և բարիտոնի համար, Սյուիտ գործիքային քառյակի համար, երգչախմբային ստեղծագործություններ, կամերային ստեղծագործություններ ջութակի, թավջութակի և փողային գործիքների համար, ժողովրդական երգերի մշակումներ, էստրադային, մանկական և հայրենասիրական երգեր («Իմ մայրիկ», «Կռունկներ», «Ինչու մենք իրարից հեռացանք», «Կարոտ», «Իմ կյանքը բեմն է», «Թե չգայիր գարունը չէր գա», «Mы матерей себе не выбираем», «Ամանոր», «Սև կատու»), հինգ մանկական երգեր («Քո աչերը», «Ինչու է կատուն ուտելուց հետո լվացվում»): Ակտիվ մասնակցել է Հայաստանի կոմպոզիտորների միության համագումարներին, փառատոներին, երգչախմբային ընկերության կողմից կազմակերպված տարբեր մրցույթներին, նաև՝ անդրկովկասյան «Գարուն » միջոցառմանը: Որպես դաշնակահար համերգներով հանդես է եկել Հայաստանի տարբեր քաղաքներում, Լեհաստանում, Ուկրաինայում, Վրաստանում և այլուր: 1982թ. Դաղստանում մասնակցել է Հայաստանի երաժշտական շաբաթին, ելույթներով հանդես եկել Մախաչկալա, Դերբենտ, Կասպիյսկ քաղաքներում: 1970թ. պարգևատրվել է Լենինի անվան մեդալով: 1988թ. արժանացել է «Աշխատանքի վետերան» կոչման, 2014թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար