Եղիա Մուշեղյան

Դիվանագետ, բանահավաք

Մադաթ Պետրոսյան

Արձակագիր

Արմեն Օհանյան

Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Արա Բեքարյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան

Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Արթուր Ասատրյան

Երաժիշտ, պրոդյուսեր

 

 

 

 

ԵՐՎԱՆԴ ՇԱՀԱԶԻԶ

Գրականագետ, պատմաբան

13 հունվար, 1856 - 12 օգոստոս, 1951

Ծնվել է ՀՀ  Աշտարակ գյուղում (այժմ՝ քաղաք): Եղել է բանաստեղծ Սմբատ Շահազիզի եղբորորդին: 1870թ. ավարտել է Երևանի գավառական դպրոցը, 1879թ.՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանը: 1879-82թթ սովորել է ճեմարանի լիցեյում։ 1882-1917թթ աշխատել է որպես ուսուցիչ, տեսչի օգնական, տեսուչ Նոր Նախիջևանի թեմական դպրոցում, 1918-21թթ՝ ուսուցիչ Դոնի Ռոստովի աշխատավորական դպրոցում և տեղի հայկական թանգարանի վարիչ։ 1918-19թթ խմբագրել է (Ռ.Բերբերյանի հետ) Նոր Նախիջևանի և Դոնի Ռոստովի հայերի «Հայ համայնք» շաբաթաթերթը։ 1922թ. հրավիրվել է Երևան, մասնակցել Սովետական Հայաստանի կենտրոնական մշակութապատմական թանգարանի ստեղծման աշխատանքներին, նորաստեղծ թանգարանը համալրել Նոր Նախիջևանից բերած արխիվային հարուստ նյութով, թանգարանում աշխատել որպես պատմագրական բաժնի վարիչ։ 1938թ-ից եղել է Երևանի գրականության ինստիտուտի (1944թ-ից՝ ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան) գիտաշխատող։ 1944թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Հեղինակել է բազմաթիվ պատմաբանասիրական աշխատություններ։ Պատմական գործերից արժեքավոր են հայ մեծ հեղափոխական-դեմոկրատ Միքայել Նալբանդյանի կյանքին ու գործունեությանը նվիրված «Միքայել Ղազարյան Նալբանդյանց» (1897թ.), Նոր Նախիջևանի հայկական գաղթավայրի պատմությանը, ազգային սովորություններին և ավանդույթներին վերաբերող «Նոր-Նախիջևանը և նոր-նախիջևանցիք» (1903թ.), «Պատմական պատկերներ» (1903թ.) ուսումնասիրությունները։ Պատմահնագիտական բնույթ ունի «Հին Երևանը» (1931թ.) աշխատությունը։ Բանասիրական ուսումնասիրությունները վերաբերում են Խաչատուր Աբովյանին («Դիվան Խաչատուր Աբովյանի», հ.1-2, 1940-48թթ), Միքայել Նալբանդյանին («Դիվան Միքայել Նալբանդյանի», 1932թ.), Ռափայել Պատկանյանին, Սմբատ Շահազիզին, Գաբրիել Սունդուկյանին (հրատարակել է նրանց գրական գործունեությանն առնչվող բազմաթիվ փաստաթղթեր, ճշգրտել և վերլուծել դրանք)։ Անտիպ են նրա «Չերքեզիա կամ Չերքեզիստան և չերքեզահայք», «Աշտարակի պատմությունը» աշխատությունները։ 1946թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: