ԹԼԿԱՏԻՆՑԻ

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

30 նոյեմբեր, 1860 - 20 հունիս, 1915

Հովհաննես Հարությունյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի Թլկատին գյուղում: Մանկությունից զրկվել է ծնողներից և մեծացել տնտեսական ծանր պայմաններում: Ավարտել է Խարբերդի Սմբատյան վարժարանը, որտեղ սովորել է գրաբար, քերականություն, աշխարհագրություն և թվաբանություն: Տարրական այս դպրոցն ավարտելուց հետո ուղարկվել է Չնգուշ գյուղ` ուսուցչի պաշտոնով: 1884թ. նշանակվել է Սմբատյան վարժարանի ուսուցիչ: Այնուհետև նույն պաշտոնով աշխատել է Խարբերդի Սբ. Հակոբ թաղամասի Կեդրոնական վարժարանում: 1887թ. հիմնել է Խարբերդի Ազգային կեդրոնական վարժարանը և մինչև կյանքի վերջը եղել տնօրեն: Գրական ասպարեզ է մտել 1893թ., Արփիար Արփիարյանի «Հայրենիք» օրաթերթում հրատարակելով գյուղական կյանքից վերցրած իր առաջին պատկերները, որոնք մեծ հետաքրքրություն են ստեղծել նրա նկատմամբ: Աշխատակցել է «Մասիս», «Արևելյան մամուլ», «Բյուրակն» և այլ պարբերականների: 1894-96թթ հայկական կոտորածներից հետո, պատկերել է արևմտահայ գյուղացու ողբերգական վիճակը, անօգնական մարդկանց, լքված կանանց, որբ երեխաներին («Գլուխդ ջուր դիր», 1896թ., «Վերջին տեղը», 1900թ., «Ճախրակին առաջքը», 1900թ.): Գրողի պատմվածքներում կենցաղային թեմաներն ու նկարագրություններն զուգորդվում են կերպարների հոգեբանական բնորոշմամբ («Հին հաւատքս», 1895թ., «Այգիիս փշենին», 1898թ. և այլն), մերկացվում են գյուղական միջավայրի բացասական երևույթները («Բամբակ բերան», 1907թ., «Ճնճղուկներուն դատաստանը», 1908թ.): Գրել է նաև պիեսներ («Էնդի դէմէն», 1902թ., «Զալըմ տղան», 1904թ., «Ճամփորդն ու ճամփեցողները», 1905թ., «Կտակը», 1911թ.): Բանաստեղծությունների մեջ իշխողը անձնական ապրումներն են («Իմ բախտս», «Մի հայիր», «Բերանովդ ըսեիր», «Հողը»): «Ախ, Աստվա՜ծ, Աստվա՜ծ», «Դեպի արևը» գործերում անդրադարձել է արևմտահայ գյուղի անցյալին: Նա իր երկերը առանձին հատորով տպագրված չի տեսել: Մահից տարիներ անց աշակերտները ԱՄՆ-ում հանգանակություն կազմակերպելով հրատարակել են իրենց ուսուցչի բոլոր գործերը մի ստվար հատորում, որը լույս է տեսել 1927թ., Բոստոնում՝ Արշակ Չոպանյանի ընդարձակ առաջաբանով: Հատորի լրիվ վերնագիրն է՝ «Թլկատինցին և իր գործը-քրոնիկներ, նորավեպեր, գեղի նամակներ, քերթվածներ, թատերգություններ»: Եղել է Հայոց Մեծ Եղեռնի զոհ, կնոջ և երեխաների հետ միասին սպանվել է իր ծննդավայրի մոտ, մի ձորում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար