ԱՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Նկարիչ-գարֆիկ

25 հունվար, 1940 - 21 նոյեմբեր, 2016

Ծնվել է Երևանում: 1957-61թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1961-64թթ ծառայել է խորհրդային բանակում` Կուբայում: 1964-66թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, ապա ուսումը շարունակել է Մոսկվայի պոլիգրաֆիայի ինստիտուտի գրքարվեստի բաժնում, որն ավարտել է 1970թ.՝ նկարիչ-գրաֆիկի մասնագիտությամբ: Եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Աշխատել է Վորկուտայում, որտեղ և սկսել է ստեղծագործական գործունեությունը: 1975թ. տեղափոխվել է Տաշքենդ, որտեղ աշխատել է «Երեկոյան Տաշքենդ» թերթի խմբագրությունում և Գ.Գուլյամի անվան գրականության և արվեստի հրատարակչությունում՝ որպես նկարիչ և գեղարվեստական խմբագիր: Մինչև 1978թ. ձևավորել և նկարազարդել է շուրջ 50 անուն գիրք, ամսագրեր և այլ հրատարակումներ: Ուզբեկական դասական պոեզիայի 5-հատորյակի ձևավորման և նկարազարդման համար գրքարվեստի հանրապետական մրցույթում 1981թ. արժանացել է առաջին կարգի դիպլոմի, իսկ «Արևելյան մանրանկարչություն» ալբոմի ձևավորումը Մոսկվայի գրքարվեստի համամիութենական մրցույթում արժանացել է հատուկ դիպլոմի, այնուհետև Ալմա Աթայում՝ առաջին կարգի դիպլոմի: 1978թ. վերադարձել է Երևան: Համագործակցել է Երևանի գրեթե բոլոր հրատարակչությունների հետ, հատկապես «Սովետական գրող», «Հանրագիտարան», «Լույս»: 1998թ-ից աշխատել է «Զանգակ» հրատարակչությունում՝ որպես նկարիչ և գեղարվեստական խմբագիր: 1987թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, որտեղ 2005թ-ից ղեկավարել է գրաֆիկայի և գծանկարի ամբիոնը (պրոֆեսոր): 1970թ-ից մասնակցել է հանրապետական, համամիութենական, միջազգային տարբեր գեղարվեստական ցուցահանդեսների, գրքարվեստի և տառարվեստի մրցույթների: 1986թ. և 2010թ. Երևանում ունեցել է անհատական ցուցահանդես: Ընդհանուր առմամբ ձևավորել և նկարազարդել է ավելի քան 1000 անուն գիրք, որոնց մեծ մասը հրատարակված է տարբեր հրատարակչություններում: Հանդես է եկել նաև Արա-Ռուսա գրական անվամբ: 2009թ. հրատարակվել է նրա «Ակնթարթ» վերնագիրը կրող ժողովածուն, որում տեղ են գտել իր ստեղծած 100 հոկկուները, ինչպես նաև ճապոնացի բանաստեղծների հոկկուների՝ իր կատարած թարգմանությունները: Թարգմանել է Բասյոյի, Բուսոնի, Իսյոյի, Տիյոյի, Ռիույի, Իսսայի և ճապոնացի այլ բանստեղծների հոկկուներ: 2015թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար