ՎԱԶԳԵՆ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1955թ. հոկտեմբերի 27-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): Հայտնի նաև Սյուռ Վազօ անունով: Դեռ պատանեկան տարիներից հրապուրվել է ավանգարդիստական արվեստով, որն արգելված էր խորհրդային տարիներին: 1972-74թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1978-80թթ՝ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում: Երկար տարիներ ապրելով Երևանում և Սանկտ Պետերբուգում՝ շփվել է այն ժամանակների առաջադեմ մտավորականների հետ, մասնակցել չարտոնված կամ սովետական ռեժիմի կողմից չխրախուսվող միջոցառումներին: 1985թ. հռչակված վերակառուցման ու հրապարակայնության քաղաքականությունը առիթ հանդիսացավ, որպեսզի նկարիչը կրկին վերադառնա Գյումրի և 1986թ. կազմակերպի «Հումորիստական նկարի» առաջին խոշոր միջազգային ցուցահանդեսը՝ հրատարակելով նաև պատկերագիրք: Այդ տարիներին Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում նաև ձևավորել է բազմաթիվ գեղարվեստական ազդագրեր, կատարել գրքերի ու թատերական ներկայացումների ձեւավորումներ, մասնակցել ցուցահանդեսների: 1988թ. ակտիվորեն աջակցել է նաև Արցախյան շարժմանը, Գյումրիում լինելով նրա հիմնական կազմակերպիչներից մեկը: 1988թ. երկրաշարժից հետո տեղափոխվել է Երևան և աշխատակցել նորաստեղծ հայ ազատ մամուլին՝ իբրև գեղարվեստական խմբագիր աշխատելով «Մունետիկ», «Ազատամարտ» «Մաշտոց», «Վարուժան» և այլ պարբերականներում: Ձևավորել է «Շուշիի մշակութային մեկ դարը» ցուցահանդեսը, իր գործընկերների հետ հիմնել «Լուսաստղ» մշակութային հանդեսը: 1995թ. վերադարձել է Գյումրի և իրականացրել «ՄետաՊոլիս-58» առաջին խոշոր ավանգարդիստական նախագիծը, որը ավերակաների մետաֆիզիկ վիճակների ուսումնասիրությունն էր: Տեղական «Շիրակ» հեռուստաընկերությամբ վարել է ժամանակակից արվեստի խնդիրներին նվիրված «Ես և դու» հեղինակային հեռուստածրագիրը: 1998թ. ընկերների հետ համատեղ հիմնել է Գյումրիի ժամանակակից արվեստի կենտրոնը ու միջազգային երկամյա փառատոնը՝ բիենալեն: Հանդես է եկել մի շարք ցուցահանդեսներով, մասնակցել հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Երևանում, Գյումրիում, Թեհրանում, Փարիզում, Վիլնյուսում, Թբիլիսիում, Սամարայում, Ստրասբուրգում և այլուր: Ապրում և ստեղծագործում է Ֆրանսիայի Ռոքուբո գյուղակում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար