ՍԵՎԱԴԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1959թ. սեպտեմբերի 13-ին, ՀՀ Սյունիքի մարզի Քարաշեն գյուղում: Աշխատանքի բերումով ծնողները տեղափոխվել են Ջերմուկ, որտեղ անցել է նրա մանկության և պատանեկության տարիները: Նկարել սկսել է վաղ հասակից: 1979թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի նկարչության բաժինը: Մասնակցել է գեղանկարչության դասընթացների Ռիգայի գեղարվեստի ակադեմիայում: Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Ջերմուկ, որտեղ ստեղծագործական աշխատանքին զուգահեռ շուրջ 10 տարի դասավանդել է Ջերմուկի թիվ 1 հանրակրթական և Արվեստի դպրոցներում: 1992թ-ից Հայաստանի նկարիչների միության, 1995թ-ից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ է: Աչքի է ընկել իր յուրահատուկ ոճով, որը ներառում է մանրանկարչության տարրեր, ժողովրդական թեմաներով ներկայացված ֆիգուրատիվ կոմպոզիցիաներ: Նրա աշխատանքների թեմաները ընդգրկում են հայկական գյուղական կյանքը, ջանասիրաբար աշխատող հոր ու հոգատար մոր կերպարը, միաժամանակ ընտանիքում պատհպանվող ներդաշնակությունը: 2005թ. կայացած Ճապոնիայի Կոբե քաղաքի ցուցահանդեսում նկարչի «Տիրամայրը Մանկան Հետ» նկարը 81 երկրների 3000-ից ավելի նկարիչների կողմից ներկայացված շուրջ 8000 նկարների միջից ընտրվել է լավագույն 100-ի մեջ: Ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ճապոնիայում, Չինաստանում՝ Հյուգոյի գեղարվեստի պրեֆեկտուրալ թանգարանում, Շանհայի «Դաթիան Արթ» պատկերասրահում, Ջիաշան թանգարանում և Մոսկվայի նկարիչների կենտրոնական տանը: 2014թ. Դոնգդոնգ և Լուլու ստեղծագործական տան հրավերով մեկնել է Չինաստանի Նանջինգ քաղաք՝ գործունեություն ծավալելու: Հետագայում ծրագրի շրջանակներում մասնակցել է բազում ցուցահանդեսների Չինաստանի տարբեր քաղաքներում՝ Շանհայ, Նինգբո, Չանգշա, Ջիաշան և այլուր: 2015թ. Նանջինգի Արվեստի համալսարանի ցուցասրահում կայացել է նրա՝ Հայոց Ցեղասպանության (1915թ.) 100-րդ տարելիցին նվիրված «Զարթոնք» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը, որը ներկայացնում է հայկական գաղթը և հայրենիք վերադառնալու մեծ երազանքը: Նկարչի նկարները տեղ են գտել նաև նորաձևության ասպարեզում: 2014թ. պայմանգիր է կնքվել Գերմանիայում գործող հայկական էթնիկ «Սինոյան» (Sinoian) նորաձևության բրենդի հետ: Համագործակցության շրջանակներում ընկերությունը թողարկել է նկարչի նկարների կերպարներով շապիկներ: Աշխատանքները գտնվում են մասնավոր հավաքածուներում, Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունում, Սոլթ Լեյք Սիթիի «Սանդի» կրթական կենտրոնում, Կարլովի Վարիի քաղաքապետարանում, Պիտիգորսկի հայ առաքելական եկեղեցում, Ջերմուկի քաղաքապետարանում, Հայաստանի ՄԱԿ-ի գրասենյակում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար