ՍԱՄՎԵԼ ԼԱՃԻԿՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1953թ. հոկտեմբերի 12-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): Արվեստաբան, գրաֆիկ-նկարիչ Լևոն Լաճիկյանի եղբայրն է: 1963-67թթ սովորել է Գյումրիի Ս.Մերկուրովի անվան նկարչական դպրոցում: 1976թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, 1985թ., էքստեռն կարգով՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարի բաժինը: 1985թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1985-87թթ եղել է Գյումրու Գեղագիտական կենտրոնի գեղարվեստական ղեկավարը, 1987-95թթ՝ Գյումրու Ս.Մերկուրովի անվան նկարչական դպրոցի տնօրենը: 1989-95թթ ղեկավարել է Հայաստանի նկարիչների միության Գյումրու մասնաճյուղը: 1990-95թթ ընտրվել է Գյումրու քաղաքային խորհրդի պատգամավոր: 2000թ. հիմնադրել է «Արատտա» ընկերությունը: 1981թ-ից ստեղծագործական բեղուն գործունեություն է ծավալել Հայաստանում և արտերկրում՝ մասնակցելով բազմաթիվ ցուցահանդեսների նախկին Խորհրդային Միությունում, Սկանդինավյան երկրներում (Ֆինլանդիա, Շվեդիա, Նորվեգիա), Հունգարիայում, Լեհաստանում, Կիպրոսում, Չինաստանում, ԱՄՆ-ում և այլուր: Հեղինակել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, կոմպոզիցիաներ և այլն: Ստեղծագործել է ջրաներկով, յուղաներկով և գրաֆիկական այլ արտահայտչամիջոցներով: Ստեղծել է «Հայոց գորգապատում» նկարաշարը՝ բաղկացած ինը կտավներից, որոնցից յուրաքանչյուրում պատկերված ազգային գորգի կամ կարպետի, դրանց զանազան ձևերի և ծավալների մեջ ու դրանց միջոցով նկարիչը խտացնում է մեր դարավոր պատմության հավերժող խորհուրդը: Ծալքերը մերթ միջնադարյան ասպետի կերպարանք են ընդունում («Ասպետ»), մերթ վերածվում ծեր կնոջ հիշեցնող «Հուսո հրեշտակի»: Իսկ «Գյումրու Տիրամայր» մեծադիր կտավը գեղանկարչական արտացոլումն է ետերկրաշարժյա կործանված քաղաքի՝ շրջապատված մետաղյա գալարներով, որոնք ցավեցնելու չափ սեղմում են Տիրամոր իրանը, ապա վեր բարձրանալով վերածվում սրբապսակի: Հենվելով Կիլիկյան մանրանկարչության գեղարվեստական ավանդույթների վրա՝ նկարիչը ստեղծել է «Հայկական մանրանկարչություն» պայմանական անունով նկարաշարը՝ «Ծնունդ», «Մուտք Երուսաղեմ», «Ներկայացում», «Խորհրդավոր ընթրիք» և «Խաչելություն»: Հեղինակել է նաև գրքային տասնյակ նկարազարդումներ (Վ.Բագրևանդցի «Ուրախ հանդես», Վ.Փափազյան «Վանա կատուն», «Ցեղին սիրտը» ժողովածուն, Դ.Դեֆո «Ռոբինզոն Կրուզո», Չ.Դիքենս «Օլիվեր Թվիստի արկածները», Ա.Պուշկին «Ձմեռվա իրիկունը», Լ.Անդրեև «Կծանը» և այլն), ինչպես նաև Գյումրի քաղաքի մի քանի մանկապարտեզների ու հասարակական շենքերի որմնանկարներ: Նկարչի ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի, Իտալիայի, ԱՄՆ-ի պատկերասրահներում և տեղ են գտել մասնավոր, ներառյալ համաշխարհային փոփ-աստղ Մայքլ Ջեքսոնի հավաքածուներում: 2013թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար