ԱՐԹՈՒՐ ՄԵՍՉՅԱՆ

Երգահան, երգիչ, ճարտարապետ

Արտաշես Մեսչյան

Ծնվել է 1949թ. մարտի 3-ին, Երևանում: Վաղ հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ և նկարչությամբ: Մանուկ հասակում երգել է հայկական և ռուսական երգեր, հետագայում նաև` իտալական, անգլիական, ֆրանսիական, լեհական ու հունգարական: Յոթ տարեկանից հաճախել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց` ջութակի ու դաշնամուրի դասերի, նաև երգել Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տղաների երգչախմբում: Դպրոցական տարիներին սկսել է երաժշտություն գրել: Դեռևս դպրոցում ուսանելու տարիներին` 1965թ., գրել է «Ո՞ւր էիր Աստված», «Կտակը» և «Ծերունի» երգերը: Առաջին անգամ «Ու՞ր էիր Աստված» երգը հանդիսատեսի համար կատարվել է Երևանի թիվ 122 միջնակարգ դպրոցում, որտեղ և սովորել է: 1966թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետ: 1967թ. հեղինակել է «Առաքյալներ» ռոք խումբը, որը սկզբնական շրջանում չի ունեցել սեփական անվանում և հանդես է եկել որպես ճարտարապետական ֆակուլտետի խումբ: Խմբում բացի Մեսչյանից (հեղինակ, վոկալ, կիթառ, ստեղնաշարային և ջութակ) ընդգրկված էին նաև Լևոն Մելիքյանը (բաս-կիթառ) և Գրիգոր Նալբանդյանը (հարվածային գործիքներ): Միաձուլելով հայ հոգևոր երաժշտությունը այդ տարիներին ծաղկում ապրող ռոքի հետ` խումբը անմոռանալի տպավորություն է թողնում ունկնդիրների վրա և դառնում է իսկական հայտնություն: Խմբի առաջին համերգները տեղի են ունեցել պոլիտեխնիկական ինստիտուտում և հանդիպել կոմերիտական ակտիվիստների դիմադրությանը: Վերջիններս խմբի անդամներին բնորոշում էին որպես «նորընծա առաքյալներ», ինչն էլ հիմք է հանդիսացել, որպեսզի խումբը կոչվի «Առաքյալներ» («Apostles»): 1972թ. գերազանց պաշտպանել է դիպլոմային աշխատանքը և ԽՍՀՄ-ի նկատմամբ ունեցած «անհավատարմության» պատճառով ստիպված է եղել աշխատանքի որոնման երկարատև փորձությունների միջով անցնել: Միայն 1974թ. ընդունվել է աշխատանքի «Հայպետնախագիծ»-ում, և մասնակցել է «Զվարթնոց» օդանավակայանի նախագծման աշխատանքներին: 1973թ. երգել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում, որտեղ ծանոթացել է Ն.Ս.Օ.Տ.Տ Վազգեն Առաջին Վեհափառի հետ: Վերջինս բավական մեծ համակրանք է տածել երիտասարդ երաժշտի և նրա արվեստի նկատմամբ, ինչն էլ հիմք է հանդիսացել, որպեսզի 1974թ. Մեսչյանին առաջարկվի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Ռեքվիեմ գրել: Տեքստային նյութերի որոնման ընթացքում Մեսչյանի ուշադրությունը գրավում է արևմտահայ բանաստեղծ Մուշեղ Իշխանի «Տառապանք» բանաստեղծությունների ժողովավածուն, որը ԽՍՀՄ-ում արգելված գրականություն էր համարվում: Ստանալով Կաթողիկոսի օրհնությունը` 1975թ. «Ռեքվիեմ»-ը առաջին անգամ կատարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանում: 1984թ. սկսել է իր սեփական ուղղին: Նրան միացել են իր երկու աշակերտները` Վահան Արծրունին և Գուրգեն Մելիքյանը: 1980-ականների սկզբում իր ուժերը փորձել է կինոյում: Մասնակցել է «Գիշերվա մեջ առկայծող կրակը» ֆիլմի նկարահանումներին` Միքայել Նալբանդյանի դերում: Սա առիթ է հանդիսացել, որպեսզի ԽՍՀՄ-ում վերջին անգամ պրոֆեսիոնալ ձայնագրություն կատարի Մոսկվայի «Մելոդիա» ստուդիայում: Արդյունքում ֆիլմում ընդգրկվել են նրա երեք ստեղծագործություններ` «Երկիր հնամյա»-ն, «Տապանագիր»-ը և «Հարություն»-ը: Երկրորդ ֆիլմը «Եվ կրկնվի ամենը»-ն էր, որի պրիմերիան տեղի է ունեցել 1989թ., երբ Մեսչյանը արդեն տեղափոխվել էր ԱՄՆ: 1980-ականների սկզբներին եղել է «Հայարդնախագծի» ճարտարապետական արվեստանոցի ղեկավարը: Այդ ընթացքում մշակվել է Մոսկվայում գտնվող Լազարյան ճեմարանի (ներկայումս Ռուսաստանում ՀՀ դեսպանատան) վերանորոգման նախագիծը (1981-82թթ): 1985թ. նախագծել է Երևանում կառավարության ընդունելությունների տան շենքը, 1987-88թթ` Երևանի Մատենադարանի նոր մասնաշենքը, որի շինարարությունը կասեցվել է երկրաշարժի պատճառով և ավարտվել միայն 2011թ.: 1989թ. կնոջ և երկու որդիների հետ տեղափոխվել է Բոստոն (ԱՄՆ), որտեղ նրան վերջապես հաջողվել է ձայնագրել երկու տասնամյակում կուտակած ստեղծագործությունները: Նույն թվականին իր առաջին համերգն է տվել Բոստոնի հայկական եկեղեցում: 1990թ. համերգներ է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության կենտրոնում և Լոս Անջելեսի «Wilshire Ebell Theatre» -ում: Այս համերգներից գոյացած միջոցներով 1990թ. ձայնագրվել, իսկ 1991թ. լույս է ընծայվել առաջին ալբոմը` «Catharsis»-ը: 1990թ. ստեղծել է «Առաքյալներ 90» խումբը, որի կազմում հանդես են եկել Վեին Ջոնսոնը (Wayne Johnson)` կիթառ, Ջոն Լեֆտվիչը (John Leftwich)` բաս կիթառ և Արտ Ռոդրիգեսը (Art Rodrigues)` հարվածային գործիքներ: 1993թ. խումբը հանդես է եկել համերգներով Փասադենայում, որոնց ժամանակ ներկայացվել են երգեր նոր` «Ցնորված ջութակահարի մենախոսությունը» ալբոմից: Ալբոմը ձայնագրվել է 1993թ.: 1995թ. ձայնագրվել է նաև «Թափառում» («Wander») ալբոմը, որն իր մեջ է ընգրկում մի քանի ստեղծագործություն «Ռեքվիեմից»: Նույն թվականին ստեղծվել է «Հաղորդությունը», որը հեղինակը համարել է իր արվեստի գագաթնակետը: 1996թ. վերադարձել է Հայաստան և ստանձնել Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը: Սակայն հանդիպել է իշխանությունների կոշտ դիմադրությանը` 1997թ. հրաժարվել է պաշտոնից և վերադարձել Բոստոն: 2001թ. լույս է ընծայել երգերի հավաքածուն` բաղկացած 4 սկավառակից: 2003թ. համերգ է տվել Լոս Անջելոսի Կոդաք համերգասրահում, որտեղ ներկայացրել է նոր կատարումներ` այդ թվում «Սայաթ-Նովա» ստեղծագործությունը: 2005թ. վերադարձել է Երևան և կրկին զբաղվում է ճարտարապետությամբ: 2005-06թթ համերգներ է տվել Երևանում, Գյումրիում, Վանաձորում, 2009թ.` Երևանում, Մոսկվայում, Լոս Անջելոսում, որտեղ նորովի հնչող հին կատարումները զուգակցվել են նոր ստեղծագործություններով: 2011թ. պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, 2012թ.` ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալով: 2014թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար