ԱՆԴՐԵ

Երգիչ

Անդրեյ Հովնանյան

Ծնվել է 1979թ. հուլիսի 8-ին, Ստեփանակերտում: 6 տարեկան հասակից հաճախել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասընթացների: Երեք տարի սովորելուց հետո, գրել է առաջին «Աղոթք» երգը` նվիրված Աստծուն: Արցախյան պատերազմի ընթացքում ելույթ է ունեցել «Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթում, որը հանդես էր գալիս պաշտպանության բանակի զորամասերում: 15 տարեկան հասակում մասնակցել է «Ճանապարհ դեպի Վերածնունդ» երաժշտական մրցույթին, որտեղ զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Հետագայում երգել է «Ղարաբաղ» փոփ-ջազային խմբում, որի հետ շրջագայել է Հայաստանի տարբեր շրջաններ և Արցախ: Երգելու հետ մեկտեղ խաղացել է Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի մի շարք ներկայացումներում: 1998-2002թթ երգել է Հայաստանի Երգի պետական թատրոնում: Մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների, ինչպես նաև ներկայացրել է «Come back» զուգերգը ավստրիացի-ամերիկացի երգչուհի Սամանթա Ջեյդի հետ: Արժանացել է ավելի քան 40 մրցանակների: 2001թ. առաջին անգամ մասնակցել է միջազգային երաժշտական «Գոլդեն Սքիֆ» մրցույթին, Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում, որտեղ զբաղեցրել է առաջին տեղը: Այնուհետև մասնակցել է Բելառուսի Մոգիլյով քաղաքում կայացած «Զոլոտոյ Շլյագեր» մրցույթին՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: Նույն թվականին ռուս երգիչ Իոսիֆ Կոբզոնի հրավերով ելույթ է ունեցել Մոսկվայի Ռոսիա պետական համերգասրահում: 2002թ. Ալմաթիում մասնակցել է «Ասիայի ձայն» երաժշտական փառատոնին և ստացել հինգ մրցանակ: Նույն թվականին թողարկել է իր առաջին տեսահոլովակը՝ «Հորովել» երգի հիման վրա: 2003թ. Մոսկվայում տեղի ունեցող «Ֆեստոս» երիտասարդական երաժշտական փառատոնում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը և 2500 մասնակիցներից ընդգրկվել է 10 լավագույնների շարքում և ստացել «Ոսկե Դիպլոմ»: Մասնակցել է նաև «American idol» նախագծի ռուսական տարբերակ «Народный артист» հեռուստանախագծին՝ անցնելով եզրափակիչ և զբաղեցնելով 5-րդ տեղը: Նույն թվականին մասնակցել է Շանհայի «Ասիա» երգի փառատոնին՝ արժանանալով «Նոր գերազանց երգիչ» կոչման: «Հայաստանի տարվա երգ Ռուսաստանում» մրցույթում հաղթել է «Հայաստանի երաժշտության մեջ մեծ ներդնող» անվանակարգում: 2004թ. նրա «Հորովել» տեսահոլովակը ճանաչվել է «Լավագույն տեսահոլովակ», որից հետո թողարկել է երկրորդ՝ «Գեթ մի գիշեր» տեսահոլովակը: Հոլիվուդում մասնակցել է «World Championships of Performing Arts» մրցույթին, որտեղ ստացել է 3 ոսկե և մեկ արծաթե մեդալ, իսկ իր տարիքային խմբում հանդես եկող մասնակիցների մեջ ճանաչվել լավագույնը: «Կռունկ» երգի համահայկական փառատոնում ճանաչվել է «Տարվա լավագույն երգիչ»: Իսկ «Վան» ռադիոկայանի «Ոսկե Քնար» փոփ երգի մրցույթում նրա «Իմ սերը քեզ» երգը դարձել է «Տարվա լավագույն երգ»: 2004թ. համերգներով շրջագայել է Իրանում, Լիբանանում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Կիպրոսում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Ղասախստանում, Վրաստանում և Եվրոպայի ու Ռուսաստանի մի շարք քաղաքներում: 2005թ. «Սեր ես ու մի կյանք» երգը 14 շաբաթ շարունակ հիթ-շքերթներում զբաղեցրել է առաջին հորիզանականը, իսկ Գլենդելի «Ալեքս» համերգասրահում երգիչն ունեցել է 3 մենահամերգ: Նույն թվականին նկարահանել է իր «Մըր էրգիր» երգի տեսահոլովակը՝ նվիրված Հայոց Մեծ եղեռնի 90-ամյակին: Մենահամերգով հանդես է եկել Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: 2005թ. Հայաստանի ազգային մրցանակաբաշխությունում արժանացել է «Լավագույն երգիչ» և «Լավագույն երգ» մրցանակներին: 2006թ. «Without your love» երգով Աթենքում առաջինն է ներկայացրել Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 8-րդ հորիզոնականը: Նույն թվականին Մոսկվայում արժանացել է «Տարվա անձնավորություն» մրցանակին և ստացել «Ավանս» մրցանակ, Հայաստանի ազգային մրցանակաբաշխության ժամանակ՝ հատուկ մրցանակի և ճանաչվել է «Լավագույն երգիչ» Հոլիվուդում տեղի ունեցող «M Club» երաժշտական մրցանակաբաշխությանը: 2006թ. նկարահանել է «Հորդ անձրև» երգի տեսահոլովակը՝ նվիրված Վարդուհի Վարդանյանի հիշատակին: 2007թ. հյուրախաղերով եղել է Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Գերմանիաում և Ռուսաստանում, թողարկել է «Սոնե լե-լե» ու «1000 անգամ» երգերի տեսահոլովակները Գերմանիայում: 2009թ. Մոսկվայում կայացած «Տաշիր» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տասնամյակի երգիչ», իսկ Լոս Անջելեսում կայացած հայկական երաժշտական «M Club» մրցանակաբաշխության ժամանակ՝ «Հայ երգի դեսպան» մրցանակներին: 2012թ. եղել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայսուպերսթար» երաժշտական նախագծի ժյուրիի անդամ: Թողարկել է «Ես եմ» (2003թ.), «Միայն սեր» (2005թ.), «1000 անգամ» (2006թ.), «Երջանկության գաղտնիք» (2008թ.), «Անդրենալին» (2010թ.), «Իմ Հոգի» (2014թ.) ձայնասկավառակները: 2014թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: