ՌՈՒԲԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Կոմպոզիտոր

22 նոյեմբեր, 1945 - 6 ապրիլ, 2013

Ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև՝ Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: Երկրորդ կուրսից ընդուվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժին: 1972թ. ավարտել է Ղազարոս Սարյանի կոմպոզիտորական դասարանը: 1973-85թթ դասավանդել է երաժշտության տեսություն և սոլֆեջո Երևանի թիվ 10 երաժշտական դպրոցում: 1987թ-ից Երևանի կոնսերվատորիայում դասավանդել է կոմպոզիցիա և դասախոսություններ կարդացել իր կողմից մշակված «Ժամանակակից երաժշտության տեխնոլոգիա» դասընթացով (2004թ-ից՝ պրոֆեսոր): 1994թ. եղել է «Հայկական երաժշտական ասամբլեա» հասարակական կազմակերպության հիմնադիրներից, իսկ 2002թ-ից` ասամբլեայի վարչության անդամ: 1978թ. դարձել է Հանրապետական մրցանակի դափնեկիր, թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար գրված թիվ 1 Կոնցերտի համար՝ որպես «Տարվա լավագույն ստեղծագործություն»: 1993թ. արժանացել է սիմֆոնիկ երաժշտության Հայկական կենտրոնի կողմից անցկացվող լավագույն սիմֆոնիկ ստեղծագործության մրցույթի դափնեկրի կոչման («Պոեմ» սիմֆոնիկ նվագախմբի համար): 2007թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի («Իմ ժամանակակիցը» նվագախմբի համար ստեղծագործությունների շարք): Մահացել է Երևանում: