ԳԵՎՈՐԳ ՏԵՐ-ԴԱՎԹՅԱՆ

Դերասան

25 օգոստոս, 1850 - 13 նոյեմբեր, 1934

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է ռեալիստական ուղղության հայ խոշորագույն կատակերգակ դերասաններից: Սովորել է Ներսիսյան դպրոցում: Բեմական գործունեությունն սկսել է 1872թ-ից՝ Թիֆլիսում: Հենց առաջին դերով (Սարուխան, Հ.Գուրգենբեկյանի «Հազար թումնանոց կաբա») աչքի է ընկել իբրև կատակերգակ դերասան: Իր սուր դիտողականությամբ և ներքին զգացողությամբ, բնատուր տաղանդով կարողացել է ստեղծել հետաքրքիր ու անմոռաց կերպարներ, որոնց մասին հոդվածներով բազմիցս հանդես են եկել Գաբրիել Սունդուկյանը, Գևորգ Չմշկյանը, Ամիրան Մանդինյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Հովհաննես Թումանյանը և ուրիշներ: 1880-ական թվականներից իր ղեկավարած տարբեր խմբերով և առանձին հրավերներով հանդես է եկել Բաքվում, Գանձակում, Բաթումում, Երևանում և այլուր: Նրա խաղացանկը հարուստ էր հայ, ռուս, եվրոպական դրամատուրգիայի կերպարների լավագույն անձնավորումներով: Խաղացած ներկայացումներից են՝ Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Փարսիդ), «Խաթաբալա» (Գիժ Մոզի, Իսայի), «Էլի մեկ զոհ» (Սարգիս), Նար-Դոսի «Սպանված աղավնի» (Թաթոս), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Դոբչինսկի), Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Մոլչալին), Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» (Շպրիխ), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Շմագա), Վ.Շեքսպիրի «Լիր արքա» (Ծաղրածու), «Համլետ» (Գերեզմանափոր), Մոլիերի «Տարտյուֆ» (Օրգոն), «Սկապենի արարքները» (Սկապեն) և այլն: Նրա դերասանական ստեղծագործության գլուխգործոցը գեղարվեստական բարձր մակարդակով կերտած Գիքոյի դերն էր (Գ.Սունդուկյանի «Պեպո»), որը միշտ եղել է նրա խաղացանկում (1876-1930թթ): Գիքոյի դերակատարումը շատ բարձր է գնահատել իտալացի նշանավոր դերասան Է.Ռոսսին, 1890թ.՝ Թիֆլիսում նրա պատվին տրված «Պեպո» ներկայացման ժամանակ: Նույն դերակատարումով նա հրավիրվել է մասնակցելու Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) բացմանը: 1925թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Թիֆլիսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար