ԱՐԿԱԴԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Գեղանկարիչ, գրաֆիկ

23 նոյեմբեր, 1933 - 19 նոյեմբեր, 2013

Ծնվել է Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում: 1951թ. ընդունվել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան` Մկրտիչ Քամալյանի արվեստանոց: 1952-55թթ ծառայել է խորհրդային բանակում: 1960-65թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի նկարչության բաժնում: 1970թ-ից եղել է Հայաստանի Նկարիչների միության անդամ: Նույն թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում (1997թ-ից` պրոֆեսոր): 1980-84թթ եղել է Հայաստանի նկարիչների միության փոխնախագահը: 1967թ. նկարազարդել է հայկական «Հազարան բլբուլ» հեքիաթը, նկարազարդումները տպագրվել են նաև «Արվեստ» ամսագրում: Վաղ շրջանի գործերին (կոմպոզիցիաներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, թեմատիկ պատկերներ, գրաֆիկա) բնորոշ են գունաշերտի փոխակերումները և պայմանական մեկնաբանումները: Գործերից են` «Պառկած ֆիգուր» (1966թ.), «Սփռոցով նատյուրմորտ» (1968թ.), «Երաժշտություն» (1972թ.), գրաֆիկական 4 թերթ` հայկական ժողովրդական մոտիվներով (1969թ.) և այլն: Գեղանկարչական և գրաֆիկական հետագա նկարաշարերում ի հայտ եկած հնագույն և քրիստոնեական շրջանի գծածավալային և ուրվագծային ձևամիջոցները վերածվել են արդիական նկարագրով սյուրռեալիստական պատկերների` «Տարբեր ներկայացումներ» (1974թ.), «Ժամանց» (1982թ.), «Դարեր շարունակ» նկարաշար (1985թ.), «Հանդիպում» (1989թ.), «Հեծյալը» (2000թ.), «Հավատքի ճանապարհին» (2001թ.), «Ձիու հետ» (2001թ.): Գրաֆիկական շարքերից են` «Սասունցի Դավիթ» (1968թ.), Ղազարոս Աղայանի «Զանգի Զրանգի» հեքիաթի մոտիվներով (1973թ.) և այլն: 1972թ. ԽՍՀՄ 50-ամյակին նվիրված ցուցահանդեսում ներկայացրել է 3 իլուստրացիաներ «Սասունցի Դավիթ» էպոսից: Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Երևանում, Ուլան Ուդեյում, Տարտուում, Լիսաբոնում, Գերմանիայում, Նյու Յորքում, Սանկտ Պետերբուրգում, Զապորոժիեյում, Լոս Անջելեսում, Մոսկվայում, Իտալիայում: 2003թ. անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում: 1959թ. Սայաթ-Նովայի 250-ամյակին նվիրված ցուցահանդեսում արժանացել է առաջին մրցանակին, 2003թ.` «Վահագն Հովնանյան» մրցանակաբաշխության առաջին մրցանակին: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար