ԱԻԴԱ ԲՈՅԱՋՅԱՆ

Գեղանկարչուհի

Ծնվել է 1932թ. դեկտեմբերի 16-ին, Կահիրեում: Չորս տարեկան հասակից հաճախել է Մայրապետների ֆրանսիական կաթոլիկ դպրոց: 1946թ. Եգիպտոսում հաճախել է հայ հայտնի նկարիչ Աշոտ Զորյանի նկարչական դասերին: Եգիպտոսում լույս տեսնող «Ալի-բաբա» մանկական շաբաթաթերթի համար կատարել է ծաղրանկարներ: 1947թ. տեղափոխվել է Հայաստան: Նույն թվականին ընդունվել է Երևանի Կրուպսկայայի անվան հանրակրթական դպրոցի 8-րդ դասարան և համատեղ հաճախել պիոներպալատի գեղանկարչական բաժին: 1947թ. պիոներպալատում բացված նրա աշխատանքների անհատական ցուցահանդեսին ներկա է գտնվել հայտնի նկարիչ Հակոբ Կոջոյանը, որի խորհրդով Աիդա Բոյաջյանն ընդունվել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան` միանգամից 2-րդ կուրս, առանց քննություններ հանձնելու (Մկրտիչ Քամալյանի և Ցոլակ Ազիզյանի դասարան): 1952թ. ավարտել է ուսումնարանը և ընդունվել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ` Արա Բեքարյանի արվեստանոց, որտեղ ուսման վեց տարիների ընթացքում գերազանց ուսման համար ստացել է «Գրիբոյեդովի անվան կրթաթոշակ», որի շնորհիվ ինստիտուտի կողմից ամեն տարի ուղարկվել է Մոսկվա և Լենինգրադ ռուսական և համաշխարհային գեղարվեստական գլուխգործոցները ուսումնասիրելու համար: 1957թ. ինստիտուտը նրան ուղեգիր է հատկացրել Երիտասարդության և ուսանողության համաշխարհային 6-րդ փառատոնին մասնակցելու համար: 1959թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Բացի գեղանկարչական գործերից զբաղվել է նաև գրաֆիկայով: Ունի մոտ հարյուր նկարազարդած գրքեր Հայաստանի և Սփյուռքի պատվերներով: Զբաղվել է նաև էքսլիբրիսներով, որոնք ցուցադրվել են Հայաստանում և արտերկրում: 1957թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: Աշխատանքները արժանացել են բազմաթիվ դիպլոմների: 1979թ. մանկական համաշխարհային տարվա կապակցությամբ հայտարարված գրքի ձևավորման մրցույթում արժանացել է միակ մրցանակին` Աթաբեկ Խնկոյանի «Լուսին, լուսին, լուսերես» մանկական գրքի ձևավորման համար: Նրա էքսլիբրիսները ցուցադրվել են Լեհաստանում, Չեխոսլովակիայում և այլուր: Գործերը գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Ֆրանսիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Սիրիայում, Կանադայում, ԱՄՆ-ում (Նյու Յորք, Բոստոն, Լոս Անջելես, Ֆիլադելֆիա, Փասադենա) և այլուր:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար