ՎԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

Գեղակարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ

Վանիկ Խաչատրյան

Ծնվել է 1926թ. օգոստոսի 19-ին, Բաքվում: 1934-41թթ սովորել է թիվ 46 ռուսական դպրոցում: 1941թ. ընդունվել է տեղի գեղարվեստի ուսումնարան, պատերազմի պատճառով կիսատ թողնելով, տեղափոխվել Երևան: 1941թ. ընդունվել է Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, մեկ ամիս անց ստիպված է եղել դադարեցնել ուսումը և անցնել աշխատանքի` որպես մշակ: 1942-43թթ աշխատել է Երևանի Դերժինսկու անվան մեքենաշինական գործարանում` որպես հաշվապահ: 1943-45թթ տեղափոխվել է Բաքու և ընդունվել աշխատանքի վագոնաշինական գործարան: Զուգահեռ սովորել է գեղարվեստի ուսումնարանում, որն ավարտել է 1948թ.: 1947թ. մասնակցել է Մոսկվայի մարզաշքերթին, Ստալինի և «առաջնորդների» առաջ: 1948-51թթ սովորել է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայիում, 1951-55թթ` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1957-63թթ աշխատել է ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտում` որպես կրտսեր, ապա` ավագ գիտաշխատող, 1963-68` ՀՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում` որպես ավագ ինժեներ, 1968թ-ից` Հայպետնախագիծ ինստիտուտում` որպես գլխավոր մասնագետ-ճարտարապետ: Համարվում է ժամանակակից մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչության հիմնադիրը: Հեղինակել է Երևանի Մատենադարանի պատերի խճանկարը և որմնանկարները: Իր բազմակողմանիությամբ հիշեցնում է վերածննդի շրջանի արվեստագետին` նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, արվեստի տեսաբան և բանաստեղծ: Ստեղծագործություններից են` «Վարդանանք» (1956-60թթ), «Մեսրոպ Մաշտոց» և «Մովսես Խորենացի» (1956-57թթ), 1915թ. Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձաններ (1964թ., Նոր Խարբերդ, 1964-67թթ, Երևանի Ծիծեռնակաբերդ), բարձրաքանդակներ պղնձից` նվիրված հայ թատրոնի 2000-ամյակին Գյումրիի թատրոնում (1964-70թթ, ոչնչացվել է կոմունիստների կողմից), «Վանի թագավորություն», «Միջնադար», «Սովետական շրջան», Արգիշտի թագավորի վեհարձանը (ոչնչացվել է 1968թ), Հովսեփ Օրբելու հուշարձանը (1970թ., ՀՀ ԳԱԱ շենքի առջև), Մեսրոպ Մաշտոցի պղնձե բարձրաքանդակը Լոս-Անջելոսում, Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ճակատի մոնումենտալ պատ-նկարը (1970-71թթ) և այլն: Հեղինակել է նաև մահարձաններ, ավելի քան 100 գիտական հրապարակումներ արվեստի, պատմության, մշակութաբանության, ճարտարապետության մասին: 1991թ. հրատարակել է «Ուրարտներ թե ուրարտացիներ` ովքե՞ր են նրանք», 1998թ.` իր բանաստեղծությունների գրքերը, 2009թ.` «Գույնը հայկական ճարտարապետության մեջ 4-19-րդ դարերում» գիրք-ալբոմը: 2001թ-ից ճարտարապետության դոկտոր է, 2003թ-ից` Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս: 1966թ-ից Հայաստանի ճարտարապետների, 1984թ-ից` նկարիչների միությունների անդամ է: 1954թ-ից ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ Հայաստանում և արտերկրում: 1991թ. իր ստեղծագործական ժառանգությունը` ավելի քան երկու հազար աշխատանք` կտավներ, քանդակներ, ճարտարապետական նախագծեր, տարածական նկարչություն, գրաֆիկական գործեր, նվիրաբերել է Հայաստանին: 2005թ. Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից առաջադրվել է որպես «Տարվա մարդ` 2005» կոչման թեկնածու: 2011թ. արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար