ՍԵՅՐԱՆ ԽԱԹԼԱՄԱՋՅԱՆ

Գեղանկարիչ, գրաֆիկ

20 ապրիլ, 1937 - 14 սեպտեմբեր, 1994

Ծնվել է Նոր Նախիջևանի (այժմ` ՌԴ Դոնի Ռոստով) մոտակա Չալթր գյուղ: Համարվում է հայ աբստրակտ` վերացական, արվեստի հիմնադիրներից: 1964թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1954-59թթ սովորել է Ռոստովի գեղարվեստի ուսումնարանում: 1959թ. Մարտիրոս Սարյանի խորհրդով և աջակցությամբ տեղափոխվել է Հայաստան: 1963-65թթ մասնակցել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից Հայաստանի բոլոր մարզերում կազմակերպված բազմաթիվ ազգագրական արշավների: 1965թ-ից դարձել է երկրորդ երիտասարդական մրցույթի դեփնեկիր գրաֆիկայի ոլորտում (Հայաստան) և Հայաստանի նկարիչների միության անդամ: 1992թ. նրա նախաձեռնությամբ և նրա կողմից վերաձևափոխված դետալների հիման վրա ՀՀ կառավարությունը պաշտոնապես ընդունեց Հայաստանի առաջին հանրապետության նոր զինանշանը: Շարունակելով գեղանկարչության ազգային ավանդույթները (մասնավորապես` Մարտիրոս Սարյանի)` ստեղծել է հայերնի բնության տիպական գծերը ընդհանրացնող խորհրդանշական բնույթի բնապատկերներ` «Շինուհայր» (1964թ.), «Հեքիաթային Հայաստան» շարք (1967թ-ից), հոգեբանական նրբերանգներ բացահայտող դիմանկարներ` «Հորս դիմանկարը» (1975թ.), «Ալբերտ Կոստանյան» (1975թ.) և այլն: Վերացական արվեստում իր ոգեշնչման աղբյուրն էին Վասիլի Կանդինսկու և Արշիլ Գորկու ստեղծագործությունը: Միաժամանակ մոտ է եղել Մարտիրոս Սարյանի արվեստին, որի հետ, չնայած տարիքային մեծ տարբերության, երկար տարիներ կապված էր խորը, հոգևոր մտերմությամբ: Դեռ երիտասարդ տարիներից ստեղծել է իր սեփական գեղարվեստական լեզուն, որը, Մ.Սարյանի խոսքերով, հիմնված էր բարձր պրոֆեսիոնալիզմի և արվեստի պատմության խորը գիտելիքների վրա: Աչքի է ընկել գունային զորեղ զգացողությամբ: Արտահայտվել է թե՛ փափուկ, թափանցիկ հույզերի նրբերանգներով և թե՛ առույգ, խանդավառ գույների արարչական լեզվով իր ուրույն ասելիքը: Նկարչի ձեռագիրը առաջին իսկ հայացքից ճանաչելի է: Եվ եթե իր վաղ շրջանի բնանկարներն ու դիմանկարները մեզ տեղափոխում են խաճախ սարյանական աշխարհ, ապա իր «Հեքիաթային Հայաստան»-ում և աբստրակտ ժանրում չի նմանվում ո՛չ մի նկարչի։ Չի կրկնել անգամ ինքն իրեն: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երևանում (1966թ., 1975թ., 1982թ.), Մոսկվայում (1967թ.), Էջմիածնում (1983թ.), Գդանսկում (Լեհաստան, 1987թ.) և այլուր: Աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների թանգարանում, Գնեսինի անվան երաժշտական ուսումնարանում, Վաշինգթոնի «Նոնկոմֆորմիզմի» արվեստի թանգարանում և Հայաստանի ու արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար